Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Այսօր տօնում ենք նուիրական յիշատակը Հայոց պետականութեան վերականգնման»
28-05-2012 11:08:48 | | Հասարակութիւն
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԹԻՒ.
«Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետութեան օրուայ տօնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում մեր ժողովրդի զաւակներին` ի Հայաստան, եարցախ եւ ի Սփիւռս:
Այսօր տօնում ենք նուիրական յիշատակը Հայոց պետականութեան վերականգնման, որն իրականութիւն դարձաւ բազմադարեայ դադարից յետոյ: Իննսունչորս տարիներ առաջ մայիսեան լուսաւոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, եւ հայրենի երկնակամարում ծածանուեց հայոց եռագոյնը` որպէս խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման:
Գոհութիւն Երկնաւորին, Մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման յիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականութիւնը զօրացնելու եւ իր լուսաւոր գալիքը կառուցելու յոյսերում:
Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղօթում ենք, որ Ամենակարող Աստուած երկնառաք օրհնութեան եւ յարատեւ խաղաղութեան մէջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հաւատաւոր մեր զաւակներին` պարգեւելով կայուն եւ ապահով առաջընթաց»: