Աւանդական Վարդատօն` նուիրուած Սայաթ-նովայի 300 ամեակին


Աւանդական Վարդատօն` նուիրուած Սայաթ-նովայի 300 ամեակին

  • 28-05-2012 18:18:29   |   |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցաւ Վարդատօնի հանդիսաւոր աւանդական արարողութիւնը: Միջոցառումը սկսուել է Թբիլիսիի Ս.Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցուած պատարագով, որից յետոյ եկեղեցու բակում գտնուող Սայաթ-նովայի գերեզմանին տեղի է ունեցել յիշատակի մաղթանքի արարողութիւնը: Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակոյթի նախարարութեան, Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարարութեան եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցութեամբ: Վարդատօնը հիմնուել է 1914 թուականին Թբիլիսիում` Յովհաննէս Թումանեանի կողմից: Այն աւանդաբար նշւում է իւրաքանչիւր տարուայ մայիսի վերջին կիրակի օրը: Հանդիսութեանը ներկայ էին գտնւում Վրաստանում ՀՀ դեսպան Յովհաննէս Մանուկեանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Միրզախանեանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթեանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլոյ) ղեկավար Զաալ Սամադաշուիլին, Թբիլիսիում գտնուող ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, Վրաստանի գրողների միութեան նախագահ տիկին Մաղուալայ Գոնաշուիլին, Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը, դեսպանութեան աշխատակիցնէր, հոգեւոր դասի եւ հայ համայնքի մեծ թուով ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Հայաստանից եւ Արցախից ժամանած հիւրեր: ԻւՆԵՍԿՕ-ի 2012 թուականի յոբելեանների ցանկում ընդգրկուած Սայաթ-Նովայի ծննդեան 300-ամեակին նուիրուած համերգին հանդէս եկան Հայաստանից ժամանած աշուղական երգի «Սայաթ-Նովա» եւ «Հաւասի» համոյթները` գեղարուեստական ղեկավար ՀՀ վաստակաւոր արտիստ, պրոֆէսոր Թովմաս Պօղոսեանի մասնակցութեամբ: Համերգին ելոյթ ունեցաւ ՀՀ վաստակաւոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղեանը: Կատարումներով հանդէս եկան նաեւ վրաց երգիչները, որոնց երգացանկում ընդգրկուած էին Սայաթ-նովայի հանրայայտ երգերն ու բանաստեղծութիւնները: Միջոցառման ընթացքում Թբիլիսիի Պ.Ադամեանի անուան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասաններն ու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակութային կենտրոնի երգիչներն եւս հանդէս եկան Սայաթ-նովայի վրացերէն եւ հայերէն կատարումներով (բանաստեղծութիւնները հայերէնից վրացերէն թարգմանուել են Գիւի Շահնազարի կողմից): Նոյն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ Արցախի գրողների միութեան նախագահ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բանասիրութեան դոկտոր, բանաստեղծ Վարդան Յակոբեանի «Քարի շնչառութիւն» բանաստեղծութիւնների ժողովածուի վրացերէն թարգմանութեան շնորհանդէսը: Միջոցառմանը ներկայ էին Վրաստանում ՀՀ դեսպան Յովհաննէս Մանուկեանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Միրզախանեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, Վրաստանի գրողների միութեան նախագահ տիկին Մաղուալայ Գոնաշուիլին, ինչպէս նաեւ հայ եւ վրացի գրողներ, հասարակական եւ մշակութային գործիչներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, Թբիլիսիի «Մերանի» հրատարակչութեան վրացերէնով լոյս տեսած ժողովածուն թարգմանել է Վրաստանի գրողների միութեան անդամ Անահիտ Բոստանջեանը: Գիրքը խմբագրուել է Վրաստանի գրողների միութեան նախագահ տիկին Մաղուալայ Գոնաշուիլիի կողմից:
  -   Մամլո հաղորդագրություն