Սմբատ Մարտիրոսեանը պնդում է, որ իրեն շանտաժի են ենթարկում


Սմբատ Մարտիրոսեանը պնդում է, որ իրեն շանտաժի են ենթարկում

  • 04-06-2012 17:56:12   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Յունիսի մէկին տարածել ենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեան տրամադրած տեղեկութիւնը, թէ Նիդերլանդների Թագաւորութիւնում ՀՀ Սփիւռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպութիւնները համակարգող միութեան նախագահ Սմբատ Մարտիրոսեանն երիտասարդներինց բարեգործութեան պատրուակով 80-ական եւրոյ է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար` նշելով, որ «այդպէս իրենք առաւել ապահով կը զգան իրենց»: Ստացել ենք Սմբատ Մարտրիոսեանի պատասխանը: Մարտիրոսեանը գրում է. «Յարգելի «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութիւն, Նիդեռլանդների հայ համայնքը արդէն երրորդ տարին է, ինչ ակտիւօրէն մասնակցում է ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին, որոնց շարքում մեծ կարեւորութիւն է տրւում «Արի տուն»երիտասարդական ծրագրին: Ծրագրին անցած 2 տարիների ընթացքում արդէն իսկ մասնակցել են շուրջ 100 երիտասարդներ, որոնք, հաւատացնում եմ, վերադարձել են միայն մեծ հիացմունքով, գոհունակութեամբ եւ հայրենասիրական նոր զգացմունքերով լիցքաւորուած: Ինչ վերաբերւում է ձեր հաղորդագրութեան մէջ նշուած «Բարեգործութեան պատրուակով 80-ական եւրոյ պահանջելուն», ապա ամենայն պատասխանատուութեամբ յայտնում եմ, որ նմանատիպ ոչ մի դրամահաւաք տեղի չի ունեցել: Հաւանաբար խօսքը գնում է այն մասին, որ նախորդ տարի կամաւոր հիմունքներով մասնակիցներին առաջարկուել է Հայաստանում Նիդեռլանդների հայ համայնքի կողմից բարեգործական որեւէ ձեռնարկ իրականացնելու համար յատկացնել ինչ-որ գումար (գումարի չափը ըստ մասնակիցների հայեցողութեան), ինչը, կրկնում եմ, որեւէ պարտադիր բնոյթ չի կրել: Արդիւնքում հաւաքուած գումարով բարեգործական ձեռնարկ է իրականացուել Գիւմրիի «ֆրիտեօֆ Նանսեն»մանկատան համար: Կարծում եմ բարեգործութիւնը Ձեր չճշտուած տուեալների արդիւնքում յանցագործութիւն ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէ: Ասեմ աւելին, Ձեր հաղորդագրոթեան մէջ յիշատակուած «Հոլանդիայի Թագաւորութիւնում ապրող հայերը», որոնք նմանատիպ մեղադրանքներ են հնչեցրել իմ հասցէին, իրականում շանտաժի են ենթարկում ինձ: Հարցը կայանում է նրանում, որ Հոլանդիայում ապաստան ստանալու համար մեր որոշ հայրենակիցնէր, ցաւօք, յանձնւում են տեղի իշխանութիւններին կեղծ փաստաթղթերով, անուններով եւ պատմութիւններով, այդ թւում եւ նշելով ադրբեջանական անուններ, ադրբեջանական բնակավայրեր որպէս ծննդավայր եւ այլն: Բնականաբար այս մարդիկ խնդիրներ են ունենում այն ժամանակ, երբ ցանկանում են Հայաստան վերադառնալ` հաշուի առնելով իրենց վերոյիշեալ կեղծ փաստաթղթերը: Այսպիսով, յիշեալ կարգավիճակն ունեցող մի խումբ մարդիկ, տեղեկանալով, որ մենք ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ համատեղ իրականացում ենք Նիդեռլանդներից հայ երիտասարդների այցելութիւնը Հայաստան, դիմեցին ինձ` խնդրելով տրամադրել փաստաթղթեր, որոնցով նրանց երեխաների համար հնարաւոր կը լինէր այցելել Հայաստան: Քանզի նման փաստաթղթեր գոյութիւն չունեն, վերոյիշեալ անձինք բնականաբար մերժում ստացան, որի յետոյ էլ սպառնացին ինձ, որ հայկական լրատաւամիջոցներով կը տարածեն, թէ իբր ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդականը գումար է հաւաքում համայնքից: Ահա ամբողջ ճշմարտութիւնը: Հաշուի առնելով, որ «Չենք լռելուն» հէնց երիտասարդական նախաձեռնութիւն է, վերջում միայն կը ցանկանայի Ձեզ յորդորել չտարածել չճշտուած տուեալների հիման վրայ հաղորդագրութիւններ, քանզի չպէտք է մոռանալ, որ նախեւառաջ գործ ունենք սփիւռքահայ մատաղ սերնդի հետ, որին հիասթափեցնելը եւ Մայր Հայրենիքի հետ կապ խարխլելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, որոնք բացասաբար կարող են անդրադառնալ Հայաստանում նաեւ Ձեր կողմից բարձրաձայնուած անհանգստացնող երեւոյթենրի վրա»: Աղբիւրը` Հրապարակ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը