Նարեկացի արուեստի միութիւնում կայացաւ քանոնի մենահամերգ Աննա Մանասերեանի կատարմամբ


Նարեկացի արուեստի միութիւնում կայացաւ քանոնի մենահամերգ Աննա Մանասերեանի կատարմամբ

  • 09-06-2012 16:18:02   | Հայաստան  |  Մշակոյթ

Յունիսի 8-ին Նարեկացի արուեստի միութիւնում կայացաւ քանոնի մենահամերգ Աննա Մանասերեանի կատարմամբ: Ծրագրում հնչեցին հոգեւոր, միջնադարեան, ժողովրդական, հայ եւ արտասահմանեան կոմպոզիտորների ստեղծագործութիւններ: Մասնակցեցին Աննա Բաբայեանը /քանոն/, Աստղիկ Սնեցունցը /քանոն/, Ամալեայ Ահարոնեանը /քանոն/, <<Նարեկացի>> ժողովրդական նուագարանների համոյթը, նուագակցեց Հռիփսիմէ Արիստակէսեանը /դաշնամուր/: Աննան սովորում է Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի Գիւմրու մասնաճիւղում` քանոնի բաժնում: Նա արդէն տասը տարի է` նուագում է քանոն, չորս տարի է` յաճախում է ՆԱՄ ժողնուագարանների համոյթ: Նրա խօսքերով ինքը նաեւ Նամ-ի շնորհիւ է հասկացել. քանոնն այն գործիքն է, որին պէտք է իր կեանքը նուիրի: Աննան, սակայն, որոշակի տատանումներ է ունեցել. <<Երբ աւարտեցի երաժշտական դպրոցը, կողքից շատ էին ասում, որ քանոնը հեռանկար չունի, ու ես էլ մի տեսակ մտափոխուել էի, ուզում էի լեզուների ուղղութեամբ շարունակել, բայց երաժշտական դպրոցն աւարտելուց յետոյ Նարեկացի ժողնուագարանների համոյթի գեղարուեստական ղեկավար Յովիկ Սահակեանն ասաց, որ կարող եմ գալ ՆԱՄ, ու այդպէս Նամ-ը դարձաւ իմ երկրորդ տունը>>,-պատմում է Աննան: Աննայի խօսքերով ինքը մենահամերգին գրեթէ 1 տարի է` պատրաստւում է: Այս հարցում նրան օգնել է յատկապէս նրա դասատուն` պրոֆէսոր Ծովինար Յովհաննիսեանը: Համերգի ընթացքում Աննան կարողացաւ հանդիսատեսին փոխանցել իր զգացմունքները, տրամադրել, ոգեւորել: Իր կատարումներով նա ցոյց տուեց նաեւ, որ քանի դեռ կան նրա նման երիտասարդներ, ովքեր ապրում են ժողգործիքներով, մենք միշտ էլ կարող ենք նման բարձրարուեստ երաժշտութիւն լսել: Համերգի վերջում հնչեց նաեւ Նարեկացի ժողնուագարանների համոյթի կատարումը (գեղ. ղեկավար` Յովիկ Սահակեան): Վերջինս իր խօսքում շնորհաւորեց Աննային մենահամերգի կապակցութեամբ` մաղթելով աւելի մեծ բեմեր. <<Շնորհաւորում եմ նաեւ Ծովինար Յովհաննիսեանին ու շնորհակալութիւն յայտնում նրան, քանի որ նա քանոնի զարգացման հարցում մեծ դերակատարում ունի>>,-ասաց Նարեկացի ժողնուագարանների համոյթի գեղարուեստական ղեկավար Հ. Սահակեանը: Աննայի դասատու Ծովինար Յովհաննիսեանն էլ իր հերթին յատուկ ուշադրութեան հրաւիրեց այն փաստին, որ Նամ-ի դերակատարումը ժողնուագարանների զարգացման հարցում անգնահատելի է: ՆԱՄ հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունեանը շնորհաւորեց Աննային` նշելով, որ ինքն անչափ ուրախ է` տեսնելով ՆԱՄ սաների յաղթանակները, նրանց բեմելը. <<Աննան արդէն այս համերգի ընթացքում ցուցաբերեց անսպասելին. նա իրօք զարմացրեց ինձ: Ակնյայտ է,որ նա արդեն պրոֆէսիոնալ է… Աննան արդէն ցանկացած բեմում կարող է նուագել: Այս մենահամերգը նման էր արծուի թռիչքի….>>,-ասաց Նարեկ Հարթունեանը` Աննային յանձնելով ՆԱՄ խորհրդանշական նուէրները: Մարիամ Մուղդուսեան Նարեկացի արուեստի միութիւն
  -   Մշակոյթ