Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահին

  • 11-06-2012 16:34:44   |   |  Հասարակութիւն

Յունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` ուղեկցութեամբ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս-յոխեն Շմիդթի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հիւրին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կեանքում ունեցած դերն ու նշանակութիւնը: Մասնաւոր անդրադարձ կատարուեց խորհրդային շրջանում եղած դժուարութիւններին ու խոչընդոտներին, ինչպէս նաեւ Հայրենիքի անկախութեան քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ ձեւաւորուած ջերմ յարաբերութիւններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետէ աւելի են սերտանում ու ամրապնդւում: Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ նմանատիպ այցելութիւնները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողութեանը եւ արդիւնաւէտ համագործակցութեան ձեւաւորմանը: Պրն. Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծեց գերմանահայ համայնքի կեանքում Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարութիւնը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր գնահատեց հայ-գերմանական յարաբերութիւնները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ մշակոյթի ու կրթութեան ոլորտներում: Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին: Նորին Սրբութիւնն իր մտահոգութիւնն արտայայտեց հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողութիւնների հետեւանքով վերջին օրերին արձանագրուած ցաւալի միջադէպերի կապակցութեամբ` կարեւոր նկատելով, որ այս առնչութեամբ միջազգային հանրութիւնը վճռական ձայն հնչեցնի եւ հակամարտութիւնը կարգաւորուի միմիայն խաղաղ ճանապարհով:
  -   Հասարակութիւն