Ամփոփւում են մարզերից ստացուած հարցումների արդիւնքները` գիւղատնտեսական չմշակուող հողերի վերաբերեալ


Ամփոփւում են մարզերից ստացուած հարցումների արդիւնքները` գիւղատնտեսական չմշակուող հողերի վերաբերեալ

  • 12-06-2012 17:02:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանի Հանրապետութեան հողային ֆոնդի առկայութեան եւ բաշխման վերաբերեալ 2010թ. հաշուետուութեան` հողային հաշուեկշռի համաձայն` 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակուել կամ նպատակային չի օգտագործուել շուրջ 36.9 %-ը կամ 165,6 հազ. հեկտարը: Թէեւ 2011 թուականին շուրջ 1500 հա վարելահողեր ներգրաւուել են գիւղատնտեսական շրջանառութեան մէջ, սակայն մեր սակաւահող հանրապետութիւնում չօգտագործուող հողերի առկայութիւնը լուրջ մտահոգութեան տեղիք է տալիս: Համաձայն 2011թ. հողային հաշուեկշռի` 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակւում կամ նպատակային չի օգտագործւում շուրջ 36.5 %-ը կամ 164 հազ. հեկտարը: Չօգագործուող հողատարածքների բաշխումն ըստ մարզերի հետեւեալն է` Արագածոտնում 39.8% կամ 21,48 հազ. հա, Արարատում` 17.6% կամ 4,52 հազ. հա, Արմավիրում` 32.6% կամ 13,52 հազ. հա, Գեղարքունիքում` 11.6% կամ 9,52 հազ. հա, Լոռիում` 46.9% կամ 19,70 հազ. հա, Կոտայքում` 64.5% կամ 24,50 հազ. հա, Շիրակում` 34.9% կամ 27,80 հազ. հա, Սիւնիքում` 43.5% կամ 19,08 հազ. հա, Վայոց ձորում` 72.2% կամ 11,71 հազ. հա, Տաւուշում` 44.3% կամ 11,35 հազ. հա, Երեւանում` 83.3% կամ 0,82 հազ. հա, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատւում է մշակաբոյսերի բերքատուութեան նուազում: ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի 2012 թ փետրուարի 29-ի ? 8-այ հրամանով հաստատուել եւ ներկայումս իրականացւում է «Գիւղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի ուսումնասիրման միջոցառումների» ծրագիրը, որի նպատակը վարելահողերի եւ բազմամեայ տնկարկների չմշակման պատճառների բացայայտումն է: Հայաստանի Հանրապետութեան 10 մարզի թուով 37 նախկին վարչական շրջաններից նախօրօք ընտրուած 5-ական համայնքներում (ընդամէնը` 185 համայնք) իրականացուել է գիւղատնտեսական հողերի` վարելահողերի եւ բազմամեայ տնկարկների օգտագործման վիճակի ուսունասիրութիւն հարցումների միջոցով: Իւրաքանչիւր համայնքից հարցման են ենթարկուեն 30 հողօգտագործող, որոնք տարբեր պատճառներով լիովին կամ մասնակի չեն մշակում սեփականաշնորհուած հողատարածքները: Ներկայումս նախարարութեան աշխատակազմի հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչութիւնում ամփոփւում են մարզերից ստացուած հարցումների արդիւնքները, որոնց հիման վրայ նախապատրաստուելու են առաջարկութիւններ` հողերի օգտագործման արդիւնաւէտութեան բարձրացման խթանմանն ուղղուած միջոցառումների իրականացման վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն