Իսրայէլի Քնեսէթում յետաձգուեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկումը


Իսրայէլի Քնեսէթում յետաձգուեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկումը

  • 13-06-2012 13:40:49   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Իսրայէլի Քնեսէթում երէկ յետաձգուեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկումը, այս անգամ` հայկական պատուիրակութեան խնդրանքով: Հարցը քննարկւում էր Քնեսէթի լիագումար նիստում: Երկրի օրէնսդիր մարմնում հայկական պատուիրակութիւնը գլխաւորում էին Երուսաղէմի Հայց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանը եւ Իսրայէլում Հայաստանի պատուոյ հիւպատոս Ցոլակ Մոմջեանը: Հայկական կողմի խնդրանքը` յետաձգել քննարկումները, բաւարարուեց: Յատկանշական է, որ լայն խորհրդարանական քննարկումները անցկացուեցին Քնեսէթի դահլիճում, այլ ոչ թէ կրթութեան եւ գիտութեան յանձնաժողովի սենեակում, եւ կրում էին «ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան» խորագիրը: Նիստը բացեց կառավարող «Լիքուդ» կուսակցութեան անդամ, խօսնակ Ռոււեն Ռիւլինը` ընդգծելով, որ ժամանակն է արդէն ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Ելոյթով հանդէս եկաւ «Մերեց. կուսակցութեան անդամ Զահաւայ Գալ-Օնը, որը եւս մէկ անգամ կարեւորեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը: Ելոյթ ունեցաւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան օր հռչակելու օրինագծի հեղինակ, «Ազգային միասնութիւն» խմբակցութեան ղեկավար Արիէլ Դատը: Յատկապէս ուշագրաւ էր «Լիքուդ»-ի անդամ, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար Զէեւ Էլկինի ելոյթը, որն ուղղակի հարց ուղղեց իր գործընկերներին` ասելով, թէ ինչու՞ շատ արեւմտեան երկրներ վաղուց արդէն ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, իսկ Իսրայէլը մինչ օրս` ոչ: «Ադոլֆ Հիտլերը, որի հետ խօսում էին հրէաների ոչնչացման ծրագրի մասին, ուղղակի պատասխանել էր, թէ «ո՞վ է այսօր յիշում հայկական ցեղասպանութիւնը»: Ոչ միայն այս նախադասութեան համար է, որ Իսրայէլը պարտաւոր է յիշել հայկական ցեղասպանութիւնն ու ճանաչել այն, ու լաւ է` ուշ, քան` երբեք., - ծափահարութիւնների ներքոյ յայտարարեց կոալիցիայի ղեկավարը: Իսրայէլի կառավարութեան ներկայացուցիչ, բնապահպանութեան նախարար Գիլադ Էրդանն էլ, որը իւրաքանչիւր քննարկման ժամանակ ներկայացնում է կառավարութեան դիրքորոշումը` յորդորելով պատգամաւորներին ձեռնպահ մնալ հարցի նկատմամբ որոշում կայացնելուց, այս անգամ իր խօսքն ամփոփեց այսպէս. - «Ես կարծում եմ, որ իսկապէս արժանի կը լինի, եթէ Իսրայէլի կառավարութիւնը պաշտօնապէս ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը.: Այս բաց նիստի արդիւնքը եղաւ այն, որ պատգամաւորները միաձայն որոշեցին երկու բանաձեւի նկատմամբ վերջնական որոշում կայացնել կրթութեան, գիտութեան եւ սպորտի յանձնաժողովի շրջանակներում: «Ազատութիւն» ռադիօկայանը տեղեկացնում է, որ յիշեալ յանձնաժողովի նախագահ Ալեքս Միլերը, որը կէս տարի ձգձգեց ու ամէն կերպ խոչընդոտում էր Հայոց ցեղասպանութեան հարցով քննարկումների կազմակերպումը, հեռացուել է, եւ այդ պաշտօնում նշանակուել է Աննա Տոււելսը, որը շատ հայանպաստ գործունէութիւն է ծաւալում Քնեսէթում:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը