Բուլղարիայի մշակոյթի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Բուլղարիայի մշակոյթի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 14-06-2012 13:00:40   |   |  Հասարակութիւն

Յունիսի 14-ին Հայաստանում պաշտօնական այցով գտնուող Բուլղարիայի Հանրապետութեան մշակոյթի նախարար Վէժդի Ռաշիդովի գլխաւորած պատուիրակութիւնը, ուղեկցութեամբ ՀՀ մշակոյթի փոխնախարար Արթուր Պօղոսեանի եւ Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Սհոյեանի, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Աթոռում պատուիրակութեանը ողջունեց Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնն ու բարեմաղթանքները: հանդիպման ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձաւ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայութիւնն է դեռ 9-րդ դարից հայ համայնքի առկայութիւնը Բուլղարիայում: Այդ առիթով Սրբազանն երախտագիտութիւն յայտնեց Բուլղարիայի իշխանութիւններին` բուլղարաբնակ հայորդիների նկատմամբ ցուցաբերուող հոգատար վերաբերմունքի համար: Սրբազանն իր խօսքում նաեւ կարեւորեց երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի սերտացումը` ընդգծելով, որ մշակոյթի միջոցով կարելի է յարատեւ պահպանել ժողովրդի հոգին ու ոգին: Սրբազան Հայրը յաջողութիւն մաղթեց պրն. Ռաշիդովին իր պատասխանատու առաքելութեան մէջ` նշելով, որ առանց մշակոյթի ազգերը չեն կարող գոյատեւել: Իր հերթին Բուլղարիայի մշակոյթի նախարարը կարեւորեց երկու ժողովուրդների ջերմ յարաբերութիւնների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախութիւններն ու դժուարութիւնները եւ իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակոյթը: Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Հայ Առաքելական եւ Բուլղար Ուղղափառ եկեղեցիների եղբայրական յարաբերութիւններին, խօսուեց երկու ժողովուրդների ընդհանրութիւնների եւ հասարակութեան կեանքում հոգեւոր արժէքների կարեւորութեան մասին:
  -   Հասարակութիւն