Կրակոց` շաուրմայի բաղադրատոմսի համար


Կրակոց` շաուրմայի բաղադրատոմսի համար

  • 14-06-2012 13:29:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Ինչպէս տեղեկացրել ենք, կիրակի օրը կրակել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինութեան վարչութեան նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշէս Սարգսեանի փեսայի` Անդրանիկ Խաչատրեանի վրայ, որը Գիւմրու աւագանու անդամ է: Երէկ տեղեկութիւններ հրապարակուեցին այն մասին, որ ոստիկանութիւնն այս գործով բերման է ենթարկել 32-ամեայ Գառնիկ Գրիգորեանին, եւ աշխատանքներ է տանում միւս մասնակիցներին եւս յայտնաբերելու ուղղութեամբ: Թէ որտե՞ղ են հնչել կրակոցները , դեռեւս յստակեցուած չէ, կայ վարկած, որ դէպքը տեղի է ունեցել Գիւմրի-Սպիտակ աւտոճանապարհին, իրաւապահներին նոյնիսկ պարզ չէ. Շիրակի մարզի՞, թէ՞ Լոռու հատուածում: Սակայն նշենք, որ մեզ յաջողուեց որոշակի մանրամասնէր իմանալ Անդրանիկ Խաչատրեանի ու Գառնիկ Գրիգորեանի միջեւ ծագած ռազբորկայի մասին, որն, ըստ էութեան, աւարտուել է կրակոցներով: «Առաւօտ»-ի աղբիւրների փոխանցմամբ, Գառնիկ Գրիգորեանը Գիւմրու կենտրոնում գտնուող Տարտու փողոցում շաուրմանոց ունի, որտեղ աշխատող խոհարարը յատուկ բաղադրատոմսով էր պատրաստում այս կերակրատեսակը: ԲՀԿ-ական Արտաշէս Սարգսեանի ընտանիքը, որը նոյնպէս մի քանի օբյեկտներ ունի քաղաքում` ռեստորաններ, սննդամթերքի խանութներ, այդ խոհարարին կանչել է աշխատելու «Պեգաս» մսամթերքի խանութում, որտեղ նոյնպէս շաուրմանոց են բացել: Յիշեցնենք, որ «Պեգաս» խանութն աշխատեցնում էր Սարգսեանի փեսան`աւագանու անդամ Անդրանիկ Խաչատրեանը: Գառնիկ Գրիգորեանն էլ, գտնելով, որ խախտուել են բիզնեսի չգրուած կանոնները` առանց իր թոյլտուութեան խլել են այն խոհարարին, որի պատրաստած շաուրմայի բաղադրութիւնը ուսուցանուել է իր շնորհիւ, հաշիւ է պահանջել աւագանու անդամից: Նա սկզբում հասկացրել է, որ շատ տգեղ քայլ են կատարել` խոհարարի միջոցով շաուրմայի բաղատրատոմսը խլելով: Մի խօսքով, վիճաբանութիւնն այս թեմայի շուրջ է ծագել, որն էլ, ըստ որոշ տեղեկութիւնների, աւարտուել է կրակոցով: Աւագանու անդամը ըստ էութեան խորը վնասուածքներ չի ստացել, հիւանդանոց դիմելու կարիք չի եղել, աւելին` նրանք պնդում էին, թէ ոչ մի միջադէպ էլ տեղի չի ունեցել: Ի դէպ, մեզ յայտնի դարձաւ, որ Գառնիկ Գրիգորեանը Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասեանի աղջկայ ամուսինն է, սակայն երբ կատարելով մեր լրագրողական պարտականութիւնը` փորձեցինք նրանից ճշտել` արդեօք այդ երիտասարդն իր փեսան է եւ որեւէ առնչութիւն ունի՞ նշուած միջադէպի հետ, այս պաշտօնեան ամենավերջին ձեւով վիրաւորեց մեզ` լրագրողական էթիկայի դասեր սովորեցնելով: «Մի քիչ քթածակ, հոտառութիւն ունեցէք, զանգել էք ի՞նչ հարցեր էք տալիս, մնում է միայն ուրիշների անկողինների մէջ մտնեք»,- ինքնամոռաց ու զայրացած բացականչում էր ոստիկանութեան պաշտօնեան` մոռանալով, որ նման պահուածքը հարիր չէ պաշտօնեային, եւ որքան էլ անտրամադիր լինի, իրեն ոչ մէկը իրաւունք չի վերապահել վիրաւորել մասնագիտական պարտականութիւնը կատարող լրագրողին: Ինչեւէ, նիւթը պատրաստելուց յետոյ մեզ յայտնի դարձաւ, որ Գառնիկ Գրիգորեանը երկու անգամ բացատրութիւն է գրել` նշելով, որ ինքը ոչ մի առնչութիւն չունի այս դէպքի հետ: Այդուհանդերձ նշենք, որ այս գործը քննւում է, աշխատանքներ են տարւում «ռազբորկայիէ մասնակիցներին բացայայտելու ուղղութեամբ: Նունէ Արեւշատեան "ԱՌԱՒՕՏ"
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը