Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը շարունակւում է


Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը շարունակւում է

  • 19-06-2012 17:50:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսեանի եւ հիմնադրամի պատուոյ նախագահ Գաբրիէլ Ջեմբերջեանի հետ միասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիսաւորութեամբ բացել է նոր, յարմարուետ ու խաղային ատրակցիոններով կահաւորուած եւս երկու բակ: Բակերի համալիր բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում համագործակցելով «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հետ, Երեւանի քաղաքապետարանը հիմնանորոգուած բակային տարածքներում տեղադրում է նաեւ հիմնադրամի կողմից տրամադրուած խաղային ատրակցիոններ եւ մարզական գոյք: Դրօյի 24 շէնքի բնակիչներն իրենց գոհունակութիւնն են յայտնել` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու յարմարաւէտ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկաւագի 72 շէնքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել քաղաքապետ Տարօն Մարգարեանին` իրենց շէնքին յարակից տարածքը եւս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Հաշուի առնելով, որ տուեալ տարածքը ժամանակին օտարուել էր եւ ունէր օրինական սեփականատէր, քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցութիւնների արդիւնքում, տուեալ տարածքն արդէն համայնքային սեփականութիւն է եւ բարեկարգուած ու խաղային ատրակցիոններով կահաւորուած յանձնւում է բնակիչներին: Կարեւորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտութիւնն ու շնորհակալութիւն յայտնելով «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամին համագործակցութեան համար, քաղաքապետ Տարօն Մարգարեանն ընդգծել է, որ երեւանեան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական. «Երեւանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարուայ ընթացքում մօտ 20-30 բարեկարգուած խաղահրապարակներ կը յանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականութեան արդիւնքում առաջիկայ տարիների ընթացքում ամբողջ Երեւան քաղաքում կը բարեկարգենք բոլոր բակերն ու կը յանձնենք բնակիչներին` յարմարաւէտ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար»,-նշել է Տարօն Մարգարեանը: Կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցութիւնը, «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսեանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, աւելին, առաջիկայում փոքրիկ երեւանցիների համար կեանքի կը կոչուեն նաեւ համատեղ այլ բարեգործական ծրագրեր. «Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գոյք ենք տրամադրել քաղաքապետարանին: Արդիւնքն այսօր ակնյայտ է, երեխաներն անչափ ուրախ են եւ մեծանում է առողջ սերունդ»,-նշել է Լեւոն Սարգսեանը: «Բակերում իշխող տօնական բարձր տրամադրութիւնն ու խաղացող բազմաթիւ փոքրիկներն արդէն իսկ վկայում են, որ Երեւանի քաղաքապետարան-«Փիւնիկ» բարեգործական հիմնադրամ համագործակցութիւնն իսկապէս յաջողուած ու արդիւնաւէտ է»,- իր հերթին ուրախութեամբ փաստել է «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի պատուոյ նախագահ Գաբրիէլ Ջեմբերջեանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջութեամբ բարեկարգւում, կանաչապատւում են բակային տարածքները, տեղադրւում են նստարաններ, զրուցարաններ, անցկացւում է արտաքին լուսաւորութեան նոր ցանց, տարածքն ապահովուում է ոռոգման նոր համակարգով, դրան զուգահեռ կահաւորուելով հիմնադրամի կողմից տրամադրուող մանկական ժամանակակից խաղերով եւ մարզասարքերով:
  -   Տնտեսութիւն