Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 25-06-2012 16:01:58   |   |  Հասարակութիւն

Յունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետեց ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը: Ժողովի օրակարգում քննութեան առնուեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նուիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համատեղ յանձնախմբերի գործունէութեանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին: Ժողովին Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը անդրադարձաւ Վեհափառ Հայրապետի` յունիսի 28-ից յուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ եւ օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովուապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբութիւնը կը հանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամեակին նուիրուած միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եւրոպական համագումարին, կ'ունենայ պաշտօնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կը նախագահի Սուչաւայի Սբ. Աստուածածին պատմական վանքի վերաօծման եւ վանքի հիմնադրման 500-ամեակին նուիրուած արարողութիւնները: Ժողովականներն անդրադարձ կատարեցին նաեւ սոյն թուականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրուեցին մի շարք կարեւոր նիւթեր, ինչպիսիք են` Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրութեանը` թեմերի կանոնադրութիւնների համապատասխանեցման գործընթացի արդիւնքները, Հայ Եկեղեցու Սահմանադրութեան կազմութեան հարցերը, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները եւ ներեկեղեցական տարբեր խնդիրներ: Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներն ի գիտութիւն ընդունեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի զեկոյցը Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնում եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնում առկայ իրավիճակի մասին եւ աղօթք բարձրացրեցին Պատրիարք Սրբազանների եւ երկու պատրիարքութիւնների միաբանների համար: Ամենայն Հայոց Հայրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կանոնական, սրբադասման եւ ծիսական յանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցեցին յանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը եւ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Գերագոյն հոգեւոր խորհուրդը գոհունակութեամբ ընդունեց յանձնախմբերի արձանագրած արդիւնքները` յորդորելով շարունակել աշխատանքները` ի շահ եւ ի պայծառութիւն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու: Ժողովի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին կատարուած օգտակար աշխատանքի եւ եկեղեցանպաստ ծառայութեան համար:
  -   Հասարակութիւն