Սիրիան եւ թուրքական մղձավանջը..


Սիրիան եւ թուրքական մղձավանջը..

  • 26-06-2012 15:59:10   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
.Սիրիային ծունկի բերելու տարածաշրջանային թիւ 1 դերակատար Թուրքիայի ամիսներից ի վեր քարոզչական, քաղաքական եւ խափանարարական սադրիչ մեքենայութիւնները, որոնք յարատեւօրէն ուղեկցւում էին Գիւլ-Էրդողան-Դաւութօղլու եռեակի ամենօրեայ յոխորտանքներով, մայիս-յունիս ամիսների ընթացքում զարմանալիօրէն դադարելու, գէթ վերջիններիս կողմից լռութեան մատնւելու, հոլովոյթ էին ապրում: Առերեւոյթ թւում էր, թէ Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցապետերը երկրի ներքին այլախոհական ուժերին չգայթակղելու մտօք են դիմել այդ «լռութեան մարտավարութեանը», թէեւ կային նաեւ ու մանաւանդ արտաքին գործօն-պատճառներ եւս.- 1- Եգիպտոսում ձեւաւորւող եւ արդէն տեսանելի՝ իսլամական պաղեստինամէտ ուժերի յաղթանակը՝ նախագահական ընտրութիւններում, որոնք ինչ խօսք՝ ոչ-միանշանականօրէն էին վերաբերւելու Թուրքիայի հակաասադական դիրքորոշմանը: 2- Միջին ու Մերձաւոր Արեւելքի եւ մասնաւորապէս Սիրիայի զարգացումներում Ռուսաստանի յետմեդւեդեւեան նոր շրջանի աւելի անզուսպ եւ մինչեւ իսկ կտրուկ յայտարարութիւն-դիրքորոշումները, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակում արդէն Չինաստանի հետ համատեղ Թուրքիայի նման արբանեակային, բայց տարածաշրջանում նոր ախորժակներ փայփայող երկրի հասկացնում էին, որ վերջինս անցել է թոյլատրելի սահմանները... 3- Յունաստանում եւ յատկապէս Ֆրանսիայում նոր իշխանութիւնների ձեւաւորումը՝ Եւրոմիութեան համընդհանուր եւ ներկայիս տնտեսա-քաղաքական ոչ-միատարր կարգուսարքի վրայ դրա ազդեցութիւնը: Զորօրինակ, հէնց սիրիական տագնապի առնչութեամբ Գերմանիան որդեգրել է բացառապէս քաղաքական լուծման եղանակն ու աջակցութիւն է յայտնում Կոֆի Աննանի նախագծին: 4- Չէր կարող Թուրքիայի վերը մատնանշած մարտավարական զսպւածութիւնն ու լռութիւնը փոխկապակցւած չլինէր տարածաշրջանում ու մասնաւորապէս Սիրիական հարցում ծանրակշիռ դերակատարութիւն ունեցող Իրանի սիրիամէտ կեցւածքով ու դիրքորոշմամբ: 5- Պէտք է նոյնպէս հաշւի առնել Իրաքի սաստկացող հակաթուքրիա կեցւածքները, յատկապէս վարչապետ Նուրի Մալիքիի դերակատարութեամբ, որը որպէս Իրաքի շիա ազգաբնակչութեան ներկայացուցիչ՝ մշտապէս գտնւել է Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան շրջանակներում: Քաղաքական այսպիսի մղձաւանջային հոլովոյթի դէմ-յանդիման կանգնելու թուրքական «համբերատարութիւնը» սպառւեց անցեալ շաբաթասկզբին կայացած G20-ի գագաթաժողովից անմիջապէս յետոյ, որի ընթացքում թուրք վարչապետը ԱՄՆ-ի նախագահի հետ լուրջ քննութեան առարկայ էր դարձրել սիրիական թնջուկը եւ դրանից բխած նոր՝ ընդորում ձախորդ պայմանները, որոնք այլապէս՝ ուղեկցւում էին ի շահ Ռուսաստանի եւ Իրանի: ... Ահաւասիկ, ուրբաթ, յունիսի 22-ին Սիրիայի տարածք ներխուժած թուրքական F-4 ռազմօդանաւը զգետնւում է Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգի կողմից ու դրանով էլ ամբողջովին նոր էջ է բացւում Արեւմուտքի հակասիրիա զօրաշարժային աւելի քան մէկամեայ սցենարում, անկասկած նոր դերաբաշխումներով... Ներկայիս դրութեամբ, սակայն, Թուրքիայի անցնող երեք օրերի շանտաժային, ապատեղեկատւական ու ամէն կարգի քարոզչական հնարքները բերել են նրան, որ Եւրոմիութիւնը երէկ Լուքսեմբուրգում Սիրիայի դէմ մինչ այդ կիրառւող տնտեսական շրջափակումները աւելիով սաստկացնելու որոշում կայացրեց, իսկ այսօր իսկ Բրուսէլում, նոյնինքն Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ն քննութեան է ենթարկելու իր զինակից-դաշնակցի «վնասից հատուցման» ռազմա-քաղաքական այլընտրանքները, որոնք այսպէս թէ՛ այնպէս՝ միտում են աւելիով ուժեղացնել-ամրագրել Թուրքիայի ներկայութիւնն ու դերակատարութիւնը տարածաշրջանում եւ անշուշտ՝ ի վնաս նախ՝ Թուրքիայի անմիջական հարեւանների եւ ապա՝ Ռուսաստանի՝ որպէս շրջանային եւ միջազգային դերակատար գերուժի, յատկապէս սիրիական տագնապում: «Ալիք»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը