Հայաստանի կառավարութիւնը թրաֆիքինգի դէմ պայքարում տարէց տարի բարելաւում է աշխատանքները


Հայաստանի կառավարութիւնը թրաֆիքինգի դէմ պայքարում տարէց տարի բարելաւում է աշխատանքները

  • 02-07-2012 17:29:32   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմէն Գէորգեանն այսօր ընդունեց ԱՄՆ պէտքարտուղարութեան` Հայաստանում թրաֆիքինգի դէմ պայքարի տարեկան զեկոյցի պատրաստման համար պատասխանատու պաշտօնեաների պատուիրակութեանը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխաւորութեամբ: Զրուցակիցները քննարկեցին թրաֆիքինգի դէմ պայքարում համագործակցութեան հարցեր, անդրադարձան ԱՄՆ պէտքարտուղարութեան հրապարակած այս տարուայ զեկոյցին, ըստ որի Հայաստանը կրկին դասուել է 2-րդ խմբի երկրների շարքում: Երկուստէք պատրաստակամութիւն յայտնուեց շարունակել վերջին տարիներին երեւոյթի դէմ պայքարում ձեւաւորուած արդիւնաւէտ փոխգործակցութիւնը: Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի իշխանութիւնները մեծ ուշադրութիւն են դարձնում թրաֆիքինգի դէմ արդիւնաւէտ պայքարի իրականացման հարցերին: «Վերջին չորս տարիների ընթացքում ձեռնարկուել են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպէսզի երեւոյթի դէմ պայքարը լինի համակարգուած, համակողմանի եւ վճռական»,-նշեց փոխվարչապետը` ներկայացնելով նաեւ կատարուած աշխատանքները: Նա մասնաւորպէս տեղեկացրեց, որ կատարելագործուել է օրէնսդրական դաշտը, ձեւաւորուել է միջազգային համագործակցութիւն, աշխատանքներ են կատարուել նաեւ երեխաների թրաֆիքինգի երեւոյթների կանխման ուղղութեամբ. մասնաւորապէս իրականացուել է երեխաների գրանցման գործընթացը` բացառելու համար չգրանցման դէպքերը: Վերջին աշխատանքներում Ա. Գէորգեանն ընդգծեց ոլորտի հասարակական կազմակերպութիւնների եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանեան գրասենեակի հետ համագործակցութիւնը: Հիւրերն իրենց հերթին նշեցին, որ Հայաստանի կառավարութիւնն այս ոլորտում տարէց տարի բարելաւում է աշխատանքները: Նրանց գնահատմամբ` հայաստանը շատ լաւ ուղու վրայ է, ինչը կը նպաստի առաջին խմբի երկրների թւում ընդգրկուելուն: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ կողմերն անդրադարձան նաեւ երեւոյթի դէմ պայքարում գործակցութեան հարցերին: Փոխվարչապետը նշեց, որ խորհուրդը եւ աշխատանքային խումբը պատրաստակամ են քննարկել օրէնսդրութեան, պայքարի մեխանիզմների կատարելագործմանն ուղղուած, ինչպէս նաեւ համատեղ ուսումնասիրութիւնների անցկացման վերաբերեալ առաջարկութիւններ:
  -   Հասարակութիւն