Տարօն Մարգարեանի շրջայցը Արաբկիր վարչական շրջանում


Տարօն Մարգարեանի շրջայցը Արաբկիր վարչական շրջանում

  • 03-07-2012 18:20:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը բնակիչների հետ միասին հանդիսաւորութեամբ բացել է նոր, յարմարուետ ու խաղային ատրակցիոններով կահաւորուած մի քանի բակեր: Գրիբոյեդովի 11 շէնքի բակը, որը տասնեակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլեւս համալրել է մայրաքաղաքի հարիւրաւոր բարեկարգ բակերի շարքը: Դեռ ապրիլեան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետեւել էր նաեւ այս բակի բարեկարգամն աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակի հանդիսաւոր բացմանը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահաւորուած հանգստի յարմարուետ այս գօտին բնակիչների հաւաստմամբ իսկապէս սպասուած ու ցանկալի նուէր էր, որի համար նրանք իրենց խորին երախտագիտութիւնն են յայտնել քաղաքապետ Տարօն Մարգարեանին: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհաւորելով բնակիչներին յորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել բակը, յաւելելով, որ բակերի բարեկարգման քաղաքային ծրագիրը լինելու է շարունակական: <<Քաղաքապետարանը ամենօրեայ աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղութեամբ, որպէսզի օր առաջ դրանք յանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մէկ օրուայ եւ ոչ էլ մէկ տարուայ աշխատանք է, բայց կարեւորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք մինչեւ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու յանձնենք մեր բնակիչներին: Բացի այդ, այսօր նաեւ չեղեալ ենք համարում քաղաքաշինական փաստաթղթերը, որոնք ժամանակին տրուել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում յստակ է. բակերը բացառապէս պէտք է ծառայեն բնակիչներին: Մէկ անգամ եւս վստահեցնում եմ, որ բակերի հաշուին որեւէ կառուցապատում չի իրականացուի եւ բակերը կը ծառայեն բացառապէս մեր երեխաներին եւ բնակիչներին:>>,- շեշտել է Տարօն Մարգարեանը: Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաեւ Կոմիտասի 7, 9 եւ Աւետիսեան 67 շէնքերի բակերում կառուցուած նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարուած աշխատանքը, հանդիսաւորութեամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գօտիները: Այս բակերում եւս բնակիչներն իրենց գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն են յայտնել Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքում օրէցօր աւելացող բարեկարգ ու յարմարաւէտ բակերի համար: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջութեամբ փոխուել են եզրաքարերը, սալապատուել են ճեմուղիները, տեղադրուել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար յարմարաւէտ ժամանակակից խաղային ատրակցիոններ ու մարզական սարքեր: Յատկանշական է, որ Արաբկիր վարչական շրջանում շահագործման յանձնուած այս բակերը եւս կառուցուել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Նորակառոյց բակային տարածքներում, որպէս պարտադիր պայման առանձնակի ուշադրութիւն է դարձուել նաեւ կանաչ գօտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովուել են նաեւ ոռոգման նոր համակարգով: Երեւանի զարգացման այս տարուայ ծրագրերի շրջանակում դեռ տարեսկզբից մայրաքաղաքում լայն թափով մեկնարկեցին նաեւ շատրուանների վերականգնման աշխատանքները: Ծրագրի շրջանակում բարեկարգուել է նաեւ Կոմիտաս-Փափազեան խաչմէրուկին յարակից հատուածում տեղադրուած շատրուանը: Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարօն Մարգարեանը գնահատել է նաեւ այդ շատրուանի գործարկաման ուղղութեամբ տարուած աշխատանքը: Շատրուանին յարակից շէնքերի տարէց բնակիչների այդ վայրում փոքրիկ զրուցարան ունենալու խնդրանքին ի պատասխան քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին յանձնարարել է հնարաւորին սեղմ ժամկէտում ապահովել զրուցարանի տեղադրումը, որտեղ էլ բնակիչները կը կազմկերպեն իրենց ամենօրեայ հանգիստը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ շրջայցից յետոյ քաղաքապետ Տարօն Մարգարեանը աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Գոհունակութիւն յայտնելով վարչական շրջանի աշխատակազմից` կատարած ու իրականացուող լայնածաւալ աշխատանքների համար, քաղաքապետն այդուամենայնիւ յորդորել է չբաւարարուել գրանցած արդիւնքներով ու շարունակել աշխատել նոյն ոգով` նպատակ ունենալով օր առաջ լուծել ծառացած բոլոր խնդիրները: <<Ձեր աշխատանքը իսկապէս գնահատելի է: Յատկապէս հաշուի առնելով այն կարճ ժամանակահատուածը, որ յաջորդել է մեր նախորդ հանդիպմանը, իրօք մեծ ծաւալի աշխատանք էք կատարել: Սա հէնց այն թիմային ոգին է, որը մշտապէս խրախուսուել եւ խրախուսուելու է իմ կողմից:>>, - ընդգծել է Տարօն Մարգարեանը:
  -   Տնտեսութիւն