Իրական տօն` Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում


Իրական տօն` Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում

  • 13-07-2012 13:57:16   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Շրջանաւարտների աւարտական դիպլոմների յանձնման հանդիսաւոր արարողութիւն Երէկ` յուլիսի 12-ին, Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում իրական տօն էր. ցնծացող ուսանողներին յանձնւում էին աւարտական դիպլոմները: Դեռեւս 1921 թուականին հիմնադրուած ուսումնական այս հաստատութիւնը (ի սկզբանէ հանդէս է եկել որպէս ստուդիայ եւ միայն 1923թ-ին դարձել է կ'ոնսերվատորիայ) համարեա ինը տասնամեակ շարունակում է պահպանել իր հիմնադիր Ռոմանոս Մելիքեանի սահմանած բարձր չափանիշները` իւրաքանչիւր տարի կեանք ճանապարհելով հարիւրաւոր որակաւորուած երիտասարդ երաժիշտների: Եւ, ահա, այս տարի եւս բակալաւրիատի եւ մագիստրատուրայի շուրջ 400 շրջանաւարտ ամփոփեցին կեանքի կարեւորագոյն մի շրջան` լի բերկրալից եւ յուզումնալից պահերով, երբեմն էլ, գուցէ, փոքրիկ անյաջողութիւնների յուսահատութիւններով: Դիպլոմների յանձնման պաշտօնական արարողութիւնը տեղի ունեցաւ Կ'ոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին վաստակաշատ գիտնական մանկավարժներ, պրոֆէսորներ, ովքեր եկել էին շնորհաւորելու եւ բարի երթ մաղթելու իրենց սաներին: Շնորհաւորելով շրջանաւարտներին` ԵՊԿ ռեկտոր, պրոֆէսոր Շահէն Շահինեանը դիմեց օրուայ հերոսներին արդէն որպէս գործընկերներ` մաղթելով նրանց նորանոր նուաճումներ, մասնագիտական աճ եւ, ի հարկէ, անձնական երջանկութիւն: Յատկանշական էր այն, որ ուսանողների գերակշիռ մեծամասնութիւնը ուսումնառութեան տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմութեան դիմաց պարգեւատրուեց կարմիր դիպլոմներով: Շրջանաւարտներին եւ միջոցառման հիւրերին իրենց հիասքանչ կատարումներով ներկայացան կ'ոնսերվատորիայի տարբեր տարիների ներկայացուցիչները` սկսած ուսումնական հաստատութիւն նոր ընդունուած ուսանողներից մինչեւ աւարտական կուրսի երաժիշտներ: Ելոյթ ունեցան մի շարք միջազգային մրցոյթների դափնեկիր, դաշնակահար Ժորա Սարգսեանը, օպերային երգիչ Արտակ Ստեփանեանը, ով անգամ լսարանի բուռն ծափողջոյնների պահանջով կատարեց «բիս», սաքսոֆոնահար Դաւիթ Մելքոնեանը, ջութակահարուհի Անի Փարսադանեանը, օպերային երգիչ Արսէն Ստեփանեանը եւ դաշնակահարուհի Շողեր Յովհաննիսեանը: Թող որ երաժշտական աշխարհը գրկաբաց ընդունի նորեկներին եւ ապագայ յաղթանակների սահուն ճանապարհ հարթի նրանց համար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ