Իրականութիւն է դարձել «Սփիւռք» ամառային դպրոց» ծրագիրը
20-07-2012 11:47:15 | Հայաստան | Հասարակութիւն
Յուլիսի 19-ին ԵՊՀ-ում կայացաւ «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների դասընթացների ամփոփմանը նուիրուած միջոցառում:
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան 2011թ. նախաձեռնած ամենամեծ ծրագրերից մէկն այսօր արդէն իրականութիւն է դարձել: Ծրագիրը լինելու է մշտական եւ ԵՊՀ կամարների տակ հիւրընկալուելու են Սփիւռքի մեր հայրենակիցները, որոնք պատրաստ են եւ ցանկանում են Սփիւռքում զբաղուել հայապահպանութեամբ: Սփիւռքի հետ աշխատանքներում նախարարութեան ուշադրութիւնը առաւել սեւեռուած է երիտասարդութեանը, եւ նրանք այսօր պէտք է դառնան Սփիւռքի գլխաւոր յենասիւները եւ նպաստեն հայապահպանութեանը: Շնորհակալութիւն յայտնելով մեր հայրենակիցներին ծրագրին մասնակցելու համար` նախարար Հ.Յակոբեանը յորդորեց նրանց իրենց կարողութիւնները առաւել հայեացած եւ ոգեւորուած ներդնել համայնքը ուժեղացնելու, զարգացնելու եւ այն Հայրենիքին առաւել կապելու գործում:
Միջոցառմանը ելոյթ ունեցան նաեւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսեանը եւ «Սփիւռք» ամառային դպրոցի դասընթացների համակարգող Կ.Աթայեանը:
Այնուհետեւ նախարար Հ.Յակոբեանը «Սփիւռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման եւ երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներին յանձնեց մասնակցութեան հաւաստագրեր եւ նուէրներ:
Միջոցառման աւարտին ներկաներին իրենց կատարումներով հիացրեց «Հայկազունք»ժողովրդա-գուսանական համոյթը: