Սերգեյ Մանասարեան.«Սիրիայում իրավիճակը բաւականին բարդ է»
20-07-2012 16:47:47 | Հայաստան | Հարցազրոյցներ
Հարց. Սիրիայում իրավիճակի սրման հետ կապուած եւ նկատի ունենալով հայութեան ներկայութիւնն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկւում Հայաստանի կողմից:
Պատասխան. Հայաստանի ղեկավարութիւնը ոչ միայն ուշադրութեամբ հետեւում է Սիրիայում իրադարձութիւնների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղութիւններով:
Գործադրուող ջանքերն առաջին հերթին ուղղուած են սիրիահայութեան անվտանգութեան, հայ համայնքի բնականոն կենսագործունէութեան ապահովմանը, պատմամշակութային ժառանգութեան պահպանմանը:
Սա այն դէպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստաւոր ազդեցութիւն չունենալ դրանց արդիւնաւէտութեան վրայ, ուստի ես ձեռնպահ կը մնամ դրանք մանրամասնելուց:
Կարող եմ յաւելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնւում են երկրի ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում:
Համայնքային կառոյցների հետ մշտական կապ է պահպանւում Հայաստանից պարբերաբար այցելող յատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանութեան եւ Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան միջոցով:
Ակնյայտ է, որ Սիրիայում իրավիճակը բաւականին բարդ է: Առանց անզգոյշ, յուզական յայտարարութիւնների եւ շահարկումներին տեղիք տալու, հետեւելով զարգացումներին, անհրաժեշտութեան դէպքում, հնարաւորութեան սահմաններում, կը ձեռնարկուեն լրացուցիչ քայլեր: