Պետական այրերի այցը՝ Ս. Աստւածածին եկեղեցի


Պետական այրերի այցը՝ Ս. Աստւածածին եկեղեցի

  • 23-07-2012 14:34:17   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Երէկ առաւօտեան Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի եւ եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ արք. Մանուկեան» թանգարան այցելեցին Թեհրանի Քաղխորհրդի անդամ Ահմադ Մասջէդ Ջամէին՝ մշակոյթի նախկին նախարար, նաեւ իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գերատեսչութեան տնօրէն Սաիդ Թաղաւին: Հիւրերին դիմաւորեցին՝ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը, Ս. Աստւածածին եկեղեցու խորհրդի ատենապետ Ռուբիկ Բուդաղեանը եւ «Արտակ արք. Մանուկեան» թանգարանի տնօրէն Շերլի Աւետեանը: Թանգարանում պրն. Մասջէդ Ջամէին մանրամասնօրէն հետաքրքրւեց ցուցադրւող իրերով, ձեռագիր եւ տպագիր հին գրքերով, նաեւ եկեղեցիների պատմականով, որոնց մասին սպառիչ բացատրութիւններ փոխանցեց Շերլի Աւետեանը: Այցի ընթացքում Ս. Աստւածածին եկեղեցու փողոց 30 Թիրի մասին, որը պատմական փողոց է համարւում՝ իր մէջ պարփակող կառոյցների առումով եւ քաղաքապետարանը այդ առումով նոր նախագիծ է մշակում, զրոյց ունեցանք Ահմադ Մասջէդ Ջամէիի հետ, որի մասին նա ասաց. «Այս փողոցը իւրայատուկ փողոց է համարւում, որի համար Քաղխորհրդում պատրաստւել է իւրայատուկ փաստաթուղթ եւ որպէս Թեհրանի մշակութային տարածք՝ համարւում է տարբեր կրօնների մշակութային կենտրոն, ուր գտնւում է եկեղեցի, եկեղեցու դիմաց զրադաշտականների աղօթատեղին է, քիչ այն կողմ գտնւում է հրեաների սինագոգը ու նաեւ մզկիթ, ուստի՝ ուշագրաւ է համարւում այն, որ աստւածային կրօնները համախմբւած են այդտեղ եւ հաւանաբար շուտով Քաղխորհրդում կը հաստատւի նաեւ այդ փողոցին առնչւող փաստաթուղթը»: Յատկանշական է, որ հիւրերը նաեւ հետաքրքրւեցին եկեղեցու բակում օրերս բացումը կատարւած դոկտ. Հարմիկ Դաւթեանի կիսանդրով, նաեւ Եփրեմ խանի եւ Յովհաննէս խան Մասեհեանի արձաններով: «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը