Դասախոսական երեկո՝ «Ալիք» հաստատության «Հրայր Մարուխյան» սրահում


Դասախոսական երեկո՝ «Ալիք» հաստատության «Հրայր Մարուխյան» սրահում

  • 07-11-2012 17:35:49   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Հայ ժողովրդի մեծագոյն բարեկամ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճիռը՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին». այս նիւթով երէկ երեկոյեան «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում դասախօսութեամբ հանդէս եկաւ իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանը: Միջոցառումը, որին հետեւեցին հոծ թւով հրաւիրեալներ, սկսւեց Արեւմտեան Հայաստանի մասին պատմող սահիկների ցուցադրմամբ, որից յետոյ՝ կազմակերպիչ «Բագօ» յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Սւետ Դանիէլեանը, որը կազմակերպւած միջոցառման նպատակը հետեւեալ ձեւով բնութագրեց. «Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի սեմին կանգնած՝ մեր քաղաքական պայքարում ժամանակն է առաւել խորանալ եւ ճանաչել միջազգայնօրէն մեր իրաւական հնարաւորութիւնները եւ անելիքները»: Ծրագրի մի այլ բաժնում բովանդակալից տեսաֆիլմով ներկայացւեցին Թոմաս Վուդրօ Վիլսոնի կենսագրական տւեալները, որը եղել է քաղաքագէտ, իրաւագիտութեան դոկտոր եւ խաղաղութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր, Հայոց պետականութեան ստեղծման կողմնակից եւ 1913-1921 թւականներին ԱՄՆ-ի նախագահ, որը 1920 թւականի նոյեմբերի 22-ին հրապարակեց իր Իրաւարար վճիռը՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի, հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ: Այնուհետեւ հրաւիրւեց իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանը, որը համապարփակ ձեւով ներկայացրեց Վիլսոնի Իրաւարար վճռի իրաւական կողմերը: Դոկտ. Յովհաննիսեանը իր ելոյթի ընթացքում նշեց, որ Վիլսոնի Իրաւարար վճռի մասին, որպէս լուրջ իրաւական մի հարց, 2006 թւականին առաջին անգամ անդրադարձել է քաղաքագէտ Արա Պապեանը՝ իր մի յօդւածով: Դոկտ. Յովհաննիսեանն աւելացրեց. «Թէեւ բաւականին ոգեւորութիւն ու հետաքրքրութիւն առաջացրեց Վիլսոնի Իրաւարար վճռի արծարծումը, բայց որպէս նոր գաղափար՝ իրաւապէս կարիք ունի լուրջ ուսումնասիրութեան»: Դասախօսը ապա անդրադարձաւ այն հիմնական պատճառներին, ըստ որոնց՝ հնարաւոր չէ Վիլսոնի Իրաւարար վճիռը ամբողջութեամբ անջատել Սեւրի դաշնագրից, ուստի՝ սեղմ եւ իրաւական դաշտում անդրադարձաւ Սեւրի դաշնագրին ծնունդ տւող պայմաններին եւ պատմական տւեալներին՝ ծանրանալով միջազգային այս դաշնագրի 88-րդ, 89-րդ եւ ի մասնաւորի՝ 90-րդ յօդւածների վրայ, որոնք առնչւում են Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանների ճանաչմանը: Նա նշեց. «90-րդ յօդւածի համաձայն՝ Թուրքիան ճանաչում է Հայաստանի իրաւունքները՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի վիլայէթների վրայ, Իրաւարար վճռի որոշման թւականից, ուրեմն՝ սա բոլորովին չի առնչւում Սեւրի դաշնագրի հաստատմանը կամ չհաստատմանը, քանզի ըստ Իրաւարար վճռի՝ որոշման թւականից Թուրքիան անցնում է իր իրաւունքներից՝ այդ հողամասերի կապակցութեամբ»: Դոկտ. Յովհաննիսեանի դասախօսութիւնից յետոյ՝ ասմունքով եւ ազգային ու յեղափոխական երկու երգերի կատարմամբ ելոյթ ունեցան՝ Նարէ Սահակեանը, Համբիկ Շահիջանեանը եւ Ադիս Կարապետեանը: «ԱԼԻՔ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը