Սփիւռքահայ գործարարը կրկին տուժող չճանաչուեց


Սփիւռքահայ գործարարը կրկին տուժող չճանաչուեց

  • 12-11-2012 13:04:20   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Սփիւռքահայ գործարար Էդմոնդ Խուդեանը, ով օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրէական դատարանի որոշմամբ եւս տուժող չճանաչուեց, առաջիկայ օրերին կը դիմի ՀՀ վճռաբեկ դատարան` բողոքարկելով վերաքննիչ դատարանի դատավճիռը: Սփիւռքահայ գործարարին ՀՀ վերաքննիչ դատարանում արդէն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին եւ դատարանում պարզուեց, որ ամերիկահայ գործարարին պատկանող ընկերութեան կանխամտածուած սնանկութեան փաստով նախաքննութեան սկսուելուց 2 տարի յետոյ նոր միայն համալիր փորձաքննութիւն են նշանակել: Այս մասին դատարանում պարզաբանումներ տուեց գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Յովհաննիսեանը` փորձելով ողջամիտ ներկայացնել դեռ 2 տարի առաջ սկսուած եւ մինչ օրս չաւարտուող նախաքննութեան ժամկէտի երկարացումները: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ նոյն դատախազը գրեթէ նոյն բովանդակութեան պարզաբանումները աւելի քան 9 ամիս առաջ կրկին բերել էր նոյն վերաքննիչ դատարանում եւ 9 ամիս անց էլ իրավիճակը ոչնչով չի փոխուել, սփիւռքահայ գործարարի ներկայացուցիչները չեն հաւատում, թէ դատախազի խօսքերն արժանահաւատ են եւ կասկած չունեն, որ նախաքննութիւնը տեղից չի շարժւում: Սփիւռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Յովհաննիսեանի(դատախազի եւ փաստաբանի անունները նոյնն են) խօսքով` իրենք դիմում են վճռաբեկ դատարան, քանի որ տուժող ճանաչուելու դէպքում Խուդեանը կը կարողանայ բացայայտել յանցագործութեան բոլոր մանրամասները:«Սա հիմա ոչ մէկին ձեռնտու չէ, դրա համար էլ իմ վստահորդին տուժող չեն ճանաչում»,- ասում է փաստաբանը: Հետաքրքիր է, որ դատախազը նախ դատարանում յայտարարեց, որ շէնքից մի քանի միլիոն դոլարների դուրս գրման վերաբերեալ փաստաթղթերը ստորագրել է իրականում ընկերութեան տնօրէն Էդուարդ Եսայեանը` կեղծելով Խուդեանի ստորագրութիւնը, յայտարարեց, որ Եսայեանն ինքն է դա ընդունել, եւ ըստ այդմ սփիւռքահայ գործարարին ոչ միայն Եսայեանը, այլ նաեւ մի քանի անձինք խոշոր չափի վնասներ են պատճառել, մէկ էլ դատախազը դատաւորի հարցին ի պատասխան ճշգրտեց, թէ առայժմ չի կարող ասել, այս պարագայում Խուդեանը տուժող է, թէ ոչ: Թէ ինչու է 1.5 տարուայ նախաքննութիւնից յետոյ միայն այս տարուայ հոկտեմբերի 18-ին համալիր փորձաքննութիւն նշանակուել, որից յետոյ միայն գործի ընթացքը պարզ կը լինի, դատախազը հետեւեալ կերպ հիմնաւորեց. ?Մենք ելակետային տուեալներ էինք հաւաքում?: Յիշեցնենք, որ սփիւռքահայ գործարար Էդմոնդ Խուդեանի ներկայացուցիչներ Նիկոլայ Բաղդասարեանն ու Լեռնիկ Յովհաննիսեանը արդէն երկրորդ անգամ էին Էդմոնդ Խուդեանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդէն 2 տարի ինչ շարունակաբար ձգւում է Խուդեանին պատկանած ընկերութեանը կանխամտածուած սնանկութեան հասցնելու փաստով յարուցուած գործի նախաքննութիւնը: 1.5 տարի տեւող նախաքննութեան արդիւնքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրեալներ են առաջ քաշուել, ոչ էլ կասկածեալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդեանի ներդրումներով կառուցուած շէնքում նոյն յանցագործները շարունակւում են բնակարաններ վաճառել: Վարոյթ կ'ընդունի ՀՀ վճռաբեկ դատարանը սփիւռքահայ գործարարի բողոքը, թէ ոչ, կը տեղեկացնենք առաջիկայում:
  -   Մարդու իրաւունքներ