Ո՞վ եւ ինչու՞ սպանեց իմ տղային, ինչու՞ են զինուորների հետ հաշուեյարդար սկսել


Ո՞վ եւ ինչու՞ սպանեց իմ տղային, ինչու՞ են զինուորների հետ հաշուեյարդար սկսել

  • 21-11-2012 14:56:56   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

 

 
 
ՀՀ  նախագահ Սերժ Սարգսեանին
սպանուած զինուոր Տիգրան Օհանջանեանի ծնող`
Սուրէն Օհանջանեանից
 
Բաց նամակ ՀՀ նախագահին.
 
 
2007թ. Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբիւր գիւղում տեղակայուած 28418 զին զօրամասում գազանաբար սպանել են որդուս` կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանեանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահուան պատճառ: Որդուս`   մահը   զօրամասում  պէտք  է  մտահոգեր   պետական այրերին  եւ  մահուան   հանգամանքների բացայայտումը պէտք է հանդիսանար  պետական  գործընթացի բաղկացուցիչ   մասը:  սակայն տեղի ունեցաւ  հակառակը`մինչ մենք մեր ողբերգութեան հետ էինք, նախաքննական մարմինը` յանձինս գործով քննիչ, դատախազ Գնէլ Մանուկեանի, զբաղուած էր ապացոյցները   կեղծելով   եւ  ոչնչացնելով:  դրայ արդիւնքում   արդէն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում` պարզելու ընդամէնը   մէկ  հարց.  ով եւ ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինուորների հետ հաշուեյարդար սկսել, որը ամենօրեայ ողբերգութիւն է դարձել  բանակում:
Հայրենասիրութիւնը ինձ եւ իմ  ընտանիքին Ռուսաստանից  հասցրեց  հայաստան, տղայիս`  հայոց  բանակ: Սակայն ես հայրենասիրութիւն չեմ տեսնում տղայիս գործը քննող քննիչի եւ դատախազների մօտ, ըստ որոնց պետական մտածողութիւն է դարձել բանակում տեղի ունեցող սպանութիւնները կոծկելը, վկաներին ահաբեկելը, իրենց չենթարկուող փորձագէտներին հրաւիրել քննչական վարչութիւն եւ նրանց միջոցով կեղծել փորձաքննութեան եզրակացութիւնները, խօսքս վերաբերում է քննիչ` Լեւոն Պետրոսեանին: Բարոյալքուած վիճակ է, իսկ այդ վիճակից մեզ դուրս հանող  պաշտօնեայ  չկայ, մեր ցաւը անձնականացուել է եւ դարձել բացառապէս մեր ողբերգութիւնը:
Հաւատում էինք համակարգում տեղի ունեցած փոփոխութիւներին, հաւատում էինք, որ Գեղարքունիքի մարզի   ընդհանուր իրաւասութեան   դատարանում  էլեկտրահարման  վերաբերեալ  առաջադրուած   մեղադրանքները ձախողուելուց  յետոյ  ինչ-որ բան կը փոխուի նախաքննական մարմնի  տրամադրուածութեան մէջ եւ քննչական վարչութիւն կը հրաւիրուի տղայիս  գործով նախկին  քննիչ  գ.Մանուկեանը` պատասխանելու, թէ  ինչու որդուս մահուան գիշերը չկատարուեցին անհրաժեշտ քննչական գործողութիւններ եւ մահուան  յաջորդ  օրուան   թողնուեցին   հրատապ հարցաքննութիւնները,  թէ  ինչու են տղայիս կոմուֆլեաժ վերնազգեստը ընթերականներով պատառոտուած վիճակում առգրաւել եւ 56 օր քննութիւնից թաքցնելուց յետոյ ուղարկել փորձագիտական կենտրոն բոլորովին այլ շորեր, որը պատառոտուած չի եղել, ինչու է  հագուստների  փաթեթները  բացուել առանց   ընթերակաների եւ այնուհետեւ  չի փաթեթաւորուել, ինչու տղայիս իբր   էլեկտրահարած ձգալարը ըստ պատշաճի  չի առգրաւուել եւ չի տրամադրուել փորձագէտին, ձգալարը քննիչ Գնէլ Մանուկեանը վերձրել է պահեստից, բայց կազմել է արձանագրութիւն ընթերականների մասնակցութեամբ թէ իբր առգրաւել է դէպքի վայրի ձգալարը եւ այդ պահեստից վերցրած ձգալարը ուղարկել է դատաբժշկական կենտրոն, իսկ դատաբժիշկ Վ. Ադամեանը այդ ձգալարը պահեստից վերցրած ուղղարկել է քրէաիրաւագիտական բաժանմունք ուսումնասիրութեան, ինչու են դատաէլեկտրիկ փորձագէտ  գ. Յարութիւնեանը  եւ դատաբժիշկ փորձագէտ Վ. Ադամեանը քննիչի հետ կեղծել  քրէական գործի ապացոյցները, փոխել յանցագործութեան պատկերը: Որն է եղել այս խմբի համատեղ գործելու  անձնական շայարգուածութեան պատճառը, ով է պատուիրատուն: Դատաէկտրոտեխնիկ Գ. Յարութիւնեանը տեղամասը փորձաքննել է առանց որեւէ համապատասխան սարքի եւ յարմարութիւնների: Երկու անգամ համալիր եւ կրկնակի փորձաքննութիւն է նշանակուել, երկու անգամն էլ հերքուել է Գ, Յարութիւնեանի կողմից տրուած դատաէլեկտրոտեխնիկական փորձաքննութեան եզրակացութիւնը, իսկ դատաբժիշկ Վ. Ադամեանի   մօտ    կրկնակի   մեծացել  է տղայիս պարանոցի հատուածում  առաջացած  վնասուածքը եւ վնասուածքի  արտաքին  պատկերը: Վարդենիսի hոսպիտալում դիակի զննութեան արձանագրութեամբ պարանոցի վնասուածքը եղել է 8-11 սմ, դատաբժշկական կենտրենի դատաբժիշկ Վ. Ադամեանի մօտ պարանոցի վնասուածքը դարձել է 19.6 սմ: Դատաբժշկական փորձաքննութեան մէջ ակնյայտօրէն սխալ փաստեր են արձանագրուել յատկապէս տղայիս ատամների առկայութեան վերաբերեալ: Որդուս զօրակոչել եմ զին ծառայութեան առանց վերեւի կտրող ատամի, դատաբժիշկ Վ. Ադամեանը իր կողմից տուած դատաբժշկական եզրակացութեան մէջ նշում է, որ վերեւի ատամնաշարը բնական է եւ ամբողջական: Այս բոլոր հանգամանքների այլաձեւումը մնացել է չբացայայտուած: 
Իսկ նախաքննութիւնը  ընտրել է գործը այս քննիչից այն քննիչին, այս  դատախազից այն դատախազին  փոխանցելու  եւ քննութիւնը  արհեստականօրէն ձգձգելու  ճանապարհ,որի պատճառով խորանում է մեր հիասթափութիւնները եւ ատելութիւնը այն ուժերինկատմամբ,ովքեր արգելք  են հանդիսանում  գործի բացայայտմանը:
Իսկ գործի  բացայտումը`  ցանկութեան  դէպքում իրենից բարդութիւն չի ներկայացնում. պարզապէս պէտք  է դատաբժիշկներին եւ նախկին քննիչին  հրաւիրել  քննչական ծառայութիւն  եւ պարզել,   թէ ովքեր են հրահանգաւորել   քննութիւնը նման   կերպ տանելու  եւ ապացոյցները  ոչնչացնելու   առումով:
Շօթայ Վարդանեանի դատաբժշկական բիզնես կենտրոնը, ՊՆ քննչական վարչութիւնը եւ զին դատախազութիւնը բանակում կատարուած ցանկացած սպանութիւն այլաձեւում են, ինչպէս իրենք են ցանկանում, այնպէս էլ որակաւորում են:
Յարգելի Նախագահ, Դուք դեռ 2011թ յունուարի 27-ին նախագահական նստավայրի դարպասների մօտ, բոլորի ներկայութեամբ խոստացաք, որ մեր որդիների սպանութիւնների գործերին հետեւողական կը լինէք: Մենք մեծ յոյսերով սպասում էինք, արդեօք զին դատախազ Գ. Կոստանեանը կը կատարի Ձեր կողմից նրան տրուած յանձնարարականը, բայց պարզուեց, որ զինուորական դատախազութիւնը եւ ՀՀ ՊՆ քննչական վարչութիւնը Ձեր տեսադաշտից դուրս են մնացել: Մենք մեր յոյսները չենք կորցրել, յոյս ունենք որ Նախագահի տուած խոստումները օդի մէջ չեն մնայ:
Թերեւս ժամանակն է, որ զինուորական յանցագործութիւններ հրահրողները, կատարողները, հովանաւորողները ու կոծկողները հասկանան` մի օր դատուելու են. քեզ պաշտպանող ամէն զինուորին թաղելը, ընտանիքի լոյսը մարելը չափազանց ծանր յանցանք է: Եւ եթէ դա անում են անխիղճ անասունի պէս, ուրեմն ժամանակն է, որ որոշ բանէր ինքդ քո մաշկի վրայ զգաս: Եւ եթէ Դուք, Ձեր խոստմանը հաւատարիմ, իսկապէս արմատախիլ անէք այս կարեւորագոյն ոլորտի կոռուպցիոն շերտերը /թէկուզ ուշացումով/, Դուք կ'ունենաք վստահութեան այն մեծ քուէն, որը պէտք է ցանկացած Նախագահի, եւ որը դեռ չի ունեցել անկախութիւնից յետոյ պաշտօնավարաց նախագահներից եւ ոչ մէկը: 
 
 
19.11.2012թ.    
Սպանուած զինուորի  ծնող`  Ս. Օհանջանեան
 
 
  -   Մարդու իրաւունքներ