Աւարտուել է «Շենգաւիթ-1» վճարային ծառայութեան` թուով 7 աշխատակիցների մասով նախաքննութիւնը


Աւարտուել է «Շենգաւիթ-1» վճարային ծառայութեան` թուով 7 աշխատակիցների մասով նախաքննութիւնը

  • 23-11-2012 00:23:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

 

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրուած չարաշահումների կապակցութեամբ 2011թ. մայիսին յարուցուած քրէական գործի շրջանակներում ՀՀ կառավարութեանն առընթեր ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան ՀԿԳ քննութեան վարչութիւնում աւարտուել է «Շենգաւիթ-1» վճարային ծառայութեան` թուով 7 աշխատակիցների մասով նախաքննութիւնը: Նրանց վերաբերեալ գործն անջատուել է առանձին վարոյթ եւ ուղարկուել Երեւան քաղաքի Շէնգաւիթ վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարան: Յայտնում են դատախազութիւնից:
Մասնաւորապէս` նախաքննութեամբ ձեռք բերուած փաստական տուեալների համաձայն «Շենգաւիթ-1»տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորեանը, օժտուած լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու  եւ ղեկավարելու լիազօրութիւններով, պետութիւնից իւրացման եղանակով առանձնապէս խոշոր չափերի յափշտակութիւն կատարելու դիտաւորութեամբ նախնական համաձայնութեան է եկել նոյն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Մաճկալեանի, Ա. Եղիազարեանի, Ս. Յարութիւնեանի, Կ. Պօղոսեանի եւ Ա. Նիկողոսեանի հետ եւ 2006-2010թթ. ընթացքում իւրացման եղանակով կատարել առանձնապէս խոշոր չափերի յափշտակութիւն:
 
Ըստ նախաքննութեան տուեալների` Ա. Գրիգորեանի յանձնարարութեամբ վերոյիշեալ տեսուչները պարզել են հանրապետութիւնից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանուած  հանգուցեալ կենսաթոշակառուների տուեալները եւ 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրութիւնները` նրանց անուամբ անհիմն ելքագրել են իրենց վստահուած կենսաթոշակների գումարները` Ա. Գրիգորեանի հետ խմբով իւրացման եղանակով յափշտակելով առանձնապէս խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
 
Իսկ նոյն բաժանմունքի վճարող-տեսուչ Կ. Պետրոսեանը, իրեն վստահուած կենսաթոշակների գումարներից իւրացման եղանակով առանձնապէս խոշոր չափերի գումարներ յափշտակելու դիտաւորութեամբ 2008-2010թթ. ընթացքում փաստացի չվճարելով կենսաթոշակի գումարները, բայց իր կողմից ներկայացուած օրական հաշուետուութիւններում կենսաթոշակը վճարելու վերաբերեալ կեղծ տեղեկութիւններ մտցնելով, ինչպէս նաեւ տեղեկանալով կենսաթոշակառուների` հանրապետութիւնից բացակայելու մասին, կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկուած այդ կենսաթոշակառուների ստորագրութիւնները` անհիմն ելքագրել է եւ իւրացման եղանակով յափշտակել առանձնապէս խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
 
Նախաքննութեամբ ձեռք բերուած փաստական տուեալների համաձայն` վերոյիշեալ 7 անձանց գործողութիւնների արդիւնքում պետութեանը պատճառուել է ընդհանուր 11 466 701 դրամի վնաս, որից նախաքննութեան փուլում վերականգնուել է 4 153 740 դրամ:
 
Ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ  այ. Գրիգորեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտով,
 
Ա. Եղիազարեանին` ՀՀ քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 2-րդ մասի 3-րդ կէտով, 325-րդ յօդուածի 1-ին մասով,
 
Ս. Յարութիւնեանին` ՀՀ քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 2-րդ մասի 2-րդ կէտով, 325-րդ յօդուածի 1-ին մասով,
 
Կ. Պետրոսեանին` ՀՀ քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտով, 325-րդ յօդուածի 1-ին մասով,
 
Է. Մաճկալեանին. Ա. Նիկողոսեանին եւ Կ. Պօղոսեանին ` ՀՀ քրէական օրէնսգրքի 179-րդ յօդուածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կէտերով, 325-րդ յօդուածի 1-ին մասով,
 
Քրէական գործն ուղարկուել Շէնգաւիթ վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարան:
 
Ծանուցում. Յանցագործութեան մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով:
 
Աղբիւրը` Իրաւաբան.net
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը