ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱԽԱԼՑԽԱՑԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆԻ ՀԵՏ


ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱԽԱԼՑԽԱՑԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆԻ ՀԵՏ

  • 18-01-2011 15:10:08   |   |  Հարցազրոյցներ
Ե.Լ. -- Պարոն Այվազեան, կը հաճի՞ք երկու խօսք ըսել ձեր մասին: Է.Ա. -- 2002-ին եղել եմ Ախալցխայի Հայկական Ազգային Հասարակական միութեան երիտասարդական բաժնի պատասխանատու: 2006-ի աշնանը 5 ընկերներով հիմնադրել ենք Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնը, որտեղ եւ աշխատում եմ որպէս մանկավարժ: 2007-ին եղել եմ Զ. Զօրեանի անուան երիտասարդական միութեան Ախալցխայի մասնաճիւղի պատասխանատու: Նոյն թուականի կարճ ժամանակաընթացքով աշխատել եմ որպէս A-info լրատուական գործակալութեան լրագրող: 2007-ի դեկտեմբերից հիմնադրել եւ ղեկավարում եմ www.akhaltskha.net Ախալցխայի տեղեկատուական կայքը: Ե.Լ. -- Քանի մը ամիս առաջ երկու ջաւախեցի ձերբակալուած են` յօգուտ Ռուսիոյ լրտեսութեան մեղադրանքով: Է.Ա. -- Ջաւախքահայերից լրտեսութեան համար երկու տարի առաջ էին ձերբակալուել հայեր, բայց նրանք հիմա ազատութեան մէջ են: Ես նոր դէպքը Ջաւախքի ու ջաւախքահայերի հետ բացարձակ ոչ մի կապ չունի, ուղղակի կամ շփոթմամբ, կամ էլ դիտմամբ Թիֆլիսի լրատուամիջոցները ձերբակալուածներից մէկին կապել են Ջաւախքի հետ… Ե.Լ. -- Լեզուի մասին Վրաստանի օրէնքը ինչպէ՞ս կ'ազդէ Ախալցխացի հայուն կեանքին վրայ: Է.Ա. -- Ինչ կը վերաբերուի լեզուին ապա կարող եմ ասել, որ իրօք Ախալցխայի հայերը բաւականին լաւ են տիրապետում վրացերէնին: Ախալքալաքում մի քիչ այլ է իրավիճակը: Ե.Լ. -- Միայն մէ՞կ հայկական դպրոց կայ քաղաքին մէջ: Քանի՞ աշակերտ ունի: Է.Ա. -- Քաղաքում կայ մէկ` Յովհաննէս Թումանեանի անուան հայկական դպրոց, որը ներկայումս ունի մօտ 600 աշակերտ: Քաղաքին կից մի բնակավայր եւս կայ որ ժողովուրդը կոչում է "տավառնի”, որտեղ եւս հայկական դպրոց ունենք մօտ 50 աշակերտով: Դպրոցում ներկայումս գործում է նաեւ վրացական բաժին տեղի վրացիների եւ նոր հաստատուած փոքրաթիւ թուրք մեսխերի համայնքի համար: Ախալցխայի հայկական գիւղերում եւս ունենք հայկական դպրոցներ տարրական, միջին եւ ամբողջական: Քանի որ գիւղերը իրար մօտ են գտնւում, յաճախ աշակերտները աւարտելով իրենց գիւղի 9 դասարանները տեղափոխւում են կողքի գիւղերը, որպէս զի դպրոցի իրենց ուսումը շարունակեն: Ե.Լ. -- Հայերուն մե՞ծ մասը հայկական դպրոցը կը յաճախէ, թէ՞ օտար դպրոցները կը նախընտրէ, մանաւանդ ռուսականը: Է.Ա. -- Չէի ասի, որ ռուսաց դպրոցին մեծ նախապատուութիւն են տալիս. միայն նախկինում էր այդպէս: Օրինակ այս տարի ռուսաց դպրոց առաջին դասարան է գնացել մի քանի հայ աշակերտ: Նոյն ռուսաց դպրոցում ցանկացողներին դասաւանդում են նաեւ հայերէնը, բայց ռուսաց դպրոցի հայ աշակերտների գերակշիռ մասը հայերէն է սովորում յաճախելով Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը: Քաղաքում երկու-երեք հոգի էլ իրենց զաւակներին վրացական դպրոց են տուել: Աւելի մտահոգիչ է հարցը կողքի Աբասթուման քաղաքում, որտեղ հայերի թուի կտրուկ նուազման պատճառով փակման վտանգի տակ է յայտնուել դպրոցի փոքրիկ հայկական խմբակը: Տեղացի հայերը բողոքում են, որ այնտեղի դպրոցի տնօրինութիւնը ամէն ինչ անում է, որպէս զի հայերը իրենց զաւակներին տան վրացական բաժին, եւ դպրոցի հայկական խմբակը փակուի: Մի քանի տարի առաջ մեր երիտասարդական կենտրոնի ու Շառլ Ազնաւուր բարեգործական կազմակերպութեան ջանքերով այդ դպրոցը չփակուեց, սակայն հիմա փակմուելու վտանգը կրկին ծառացել է: Իմ կարծիքով եթէ կարողանանք աջակցել այդ դպրոցին, ապա նրանք չեն յամարձակուի փակել հայկական խմբակը: Ախալցխայի դպրոցում հայերէնի դասաժամերն են կրճատուել որոշ չափով, եւ հիմա դա է մտահոգում մեզ: Հայերէնի նախկին ութ դասաժամից շաբաթական հիմա պարապում են չորս այն էլ երկուսը դպրոցը ինքն է աւելացրել: Այսինքն Կրթութեան Նախարարութիւնը հայերէնի երկու դասաժամ է յատկացրել շաբաբական եւ երկու դասաժամ էլ դպրոցի նախաձեռնութեամբ է աւելացուել: Ե.Լ. -- Ըսիք որ հայերէնը ուրեմն չորս պահ կը դասաւանդուի, երկուքը պաշտօնապէս, միւս երկուքն ալ անպաշտօն: Իսկ վրացերէ՞նը շաբթական քանի պահ կը դասաւանդուի: Անգլերէ՞նը: Ռուսերէնը կա՞յ արդեօք: Է.Ա. -- Պաշտօնապէս դասաւանդւում է 2-ից 3 դասաժամ հայերէն, մնացած 1 կամ առաւելագոյնս 2 դասաժամ էլ դպրոցները կարող են աւելացնել: Օրինակ մեր դպրոցում 4-ից 5 դասաժամ են դասավանդում հայերէն: Դա դպրոցի տնօրինութեանը թոյլ է տալիս օրէնքը: Անցեալ տարի 7-ից 8 ժամ էին շաբաթական հայերէնի դասերը հիմա 4-ից 5 շաբաթական: Վրացերէնը նախկինում 4 դասաժամ էր, հիմա 5-ից 6: Օտար լեզուներից տեղեակ չեմ, բայց անգլերէնին եւս մեծ ուշադրութիւն է դարձւում: Ե.Լ. -- Ախալցխայի մէջ հայկական կազմակերպութիւններ կա՞ն: Է.Ա. -- Երեւի ձեզ ներկայցնեմ տեղեկութիւն թէ ինչ հայկական կազմակերպութիւներ գրանցուած են եւ դրանցից որոնք են իրականում գործում: Թղթի վրայ կազմակերպութիւններ շատ կան, բայց գործում է միայն Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը: Մի կազմակեպութիւն էլ կայ Շառլ Ազնաւուր բարեգործական միութիւնը, որը սակայն ներկայումս միջոցներից զուրկ է եւ չի գործում: Այդ կազմակերպութեան գոյութեան մասին երեւի ինքը Ազնավուրն էլ չգիտէ: Մինչդեռ այդ կազմակերպութիւնն է եղել մեր անդրանիկը ու գործել շատ արդյունաւէտ: Ե.Լ. -- Ախալցխայի ռուսական դպրոցին ծրագիրը Թիֆլիսի՞ կողմէ հաստատուած է: Գործածուած դասագիրքերը ո՞ւր կը տպուին: Է.Ա. -- Նախ ասեմ որ վրացիները թշնամանք չունեն ռուսների կամ ռուսաց լեզուի հանդէպ եւ քաղաքականութիւնը չեն խառնում կրթութեանը եւ մշակոյթին: Ռուսաց դպրոցները ինչպէս նախկինում, այդպէս էլ հիմա պահւում են պետութեան հաշուին եւ բնականաբար պետութիւնն ինքն է ապահովում նրանց դասագրքերը եւ ծրագրերը: Ե.Լ. -- Ռուսական դպրոցը աւարտած հայը որչափո՞վ կը տիրապետէ հայերէնին: Հայերէնը գոնէ իբրեւ ընտանիքի լեզու կը մնա՞յ այդ պարագային: Է.Ա. -- Ներկայիս ռուսաց դպրոց աւարտողներից կէսից աւելին գիտեն հայերէն կարդալ եւ գրել: Հայերը Ախալցխայում իրենց ընտանիքների մէջ խօսում են միայն ու միայն հայերէն, չնայած մեր բարբառի մէջ կան թուրքերէն եւ ռուսերէն բառեր: Ե.Լ. -- Հայկական դպրոցին հայերէն դասագիրքերը տեղւո՞յն վրայ լոյս տեսած են, թէ՞ Երեւանէն կը բերուին: Է.Ա. -- Նախկինում Երեւանից էին բերում, հիմա այդ բանը արգելուել է: Վրաստանը ինքն է տպագրում հայկական դպրոցի համար դասագրքեր: Թիֆլիսում տպագրուած հայկական դասագրքերի մէջ կարելի է նկատել բազմաթիւ սխալները, օրինակ կողքի վրայ Մաթեմատիկայի փոխարէն հայերէն տառերով գրուած է "Մակեմակիկա” էլ չասեմ դասագրքերի էջերում տեղ գտած սխալների մասին: Ասում են որ վերջերս պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Հայաստանի ու Վրաստանի միջեւ, որ Երեւանից ժամանած մասնագէտները ստուգեն մեր դասագրքերը: Ե.Լ. -- Հայերէն պարբերական կա՞յ Ախալցխա: Իսկ ձայնասփիւռի հաղորդո՞ւմ: Հայաստանի հեռատեսիլը կրնա՞յ դիտուիլ ձեր կողմերը: Ո՞ր երկրին հեռատելիլի հաղորդումները կը դիտեն. Ռուսիո՞յ, Թուրքիո՞յ, Վրաստանի՞: Ի՞նչ լրագիր կը կարդան մարդիկ մեծաւ մասամբ: Է.Ա. -- Թուարկածից Ախալցխայում ոչինչ չունենք, ժողովուրդն էլ արբանեակի միջոցով դիտում է առաւելապէս Հայաստանի ու Ռուսաստանի ալիքները: Ախալքալաքում կայ հայկական հեռուստատեսութիւն, որը չի հասնում Ախալցխա, իսկ ձայնասփիւռի հաղորդումից տեղեակ չեմ: Հայաստանից մամուլ սահման անցկացնելը բաւականին դժուար խնդիր է: Մէկ տարի առաջ փակուեց Ախալքալաքում տպագրուող "Ակունք” ամսաթերթը, որը մինչ օրս չի յաջողւում գրանցել: Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում տպագրուում է հիմնականում "Հարաւային Դարպաս” շաբաթաթերթը վրացերէն եւ հայերէն, որը բացարձակապէս չի անդրադառնում հայերին յուզող խնդիրներին: Ժողովուրդը ներկայումս սկսել է լայնօրէն օգտուել համացանցից եւ ահա այստեղ մեր կայքի միջոցով ենք փորձում օգտակար լինել մեր ժողովրդին: Հարկ է նաեւ նշել, որ http://akhaltskha.net/-ը միակ հայկական գործող լրատուական կայքէջն է ինչպէս Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում այնպէս էլ երեւի ամբողջ Վրաստանում: Այն գործում է հայերէն, ռուսերէն, վրացերէն եւ անգլերէն, սակայն ներկայումս հայերէն բաժինն է առաւելապէս լաւ գործում: Այսօր ուզում ենք գտնել հովանաւորների, որպէս զի մի քանի լրագրողի գործի ընդունենք եւ անաչառ տեղեկութիւններ կարողանանք հաղորդել օր օրին ամբողջ տարածաշրջանից, ինչ որ խիստ անհրաժեշտ է: Եթէ կարողանանք հովանաւորներ գտնել եւ եթէ այլ խոչընդոտների չհանդիպենք ապա կարծում եմ կարելի է յետագայում մտածել նաեւ տպագիր թերթի մասին, ինչ որ վերջապէս շատ կարեւոր է: Ե.Լ. -- Թուրքիոյ հետ Վրաստանի բաց սահմանը ի՞նչպէս կ'ազդէ տեղացիներուն կեանքին վրայ: Առուտուրը աշխո՞յժ է: Սահմանէն անդին գործի փնտռտուքը խնդրոյ առարկա՞յ է: Տեղական գործերը կը տուժե՞ն սահմանին վրայէն բերուող աժան ապրանքներէն: Է.Ա. -- Սահմանի բաց լինելը միայն ու միայն աշխուժութիւն է հաղորդում ամբողջ տարածաշրջանին: Շատերն են Թուրքիա գնալով այնտեղից ապրանք բերում ու վաճառում: Ախալցխան միշտ էլ եղել է նաեւ առեւտրակաների քաղաք, որը նախկինում թուրքերը կատակով անուանել են "քիւչիւք Ստանպուլ”, այսինքն փոքրիկ Պոլիս: Ե.Լ. -- Տեղացի վրացիները կը գաղթե՞ն Ախալցխայէն` նիւթական վիճակնին բարելաւելու համար: Է.Ա. -- Չէի ասի, որ գաղթում են ընդհակառակն, ամէն օր նոր տներ ու շէնքեր են կառուցւում, նոր խանութներ ու տարբեր գրասենեակներ: Նրանց երիտասարդութիւնը գիւղերից քաղաք է փոխադրւում` մեզ մօտ: Ե.Լ. -- Ֆրանսայի մէջ կը գործէ Ֆրանսա-Ջաւախք կազմակերպութիւնը: Տեղեա՞կ էք անոր գոյութեան, կապ հաստատա՞ծ էք հետը: Է.Ա. -- Ցաւօք սրտի տեղեակ չենք, միայն գիտենք, որ ֆրանսահայերը մի քանի անգամ բողոքի են դուրս եկել պաշտպանելով Ջաւախքահայութեան իրաւունքները: Ասեմ, որ մենք արեւմտեան սփիւռքից մեծ ակնկալիքներ ունենք: Ներկայիս Հայաստանի իշխանութիւնները իրենց իսկ յայտարարութիւններից դատելով մտադիր չեն ջաւախահայերի խնդիրներով զբաղուելու: Մեր միակ յոյսը մնում է արեւմտեան եւ միջինարեւելեան սփիւռքը իր հզօր ու կազմակերպուած համայնքներով ու բանիմաց մասնագէտներով: Արեւմտեան սփիւռքը մեզ կարող է օգնել ինչպէս մեր իրաւունքների պաշտպանման ոլորտում, այնպես էլ կարող է ներդրումներ անել այս փոքրիկ տարածաշրջանում: Ի վերջոյ Վրաստանի օրէնսդրութիւնը լաւ հնարավորութիւններ է տալիս երկրում ներդրումներ կատարելու համար: Կարծում եմ, որ բոլոր կողմերը պէտք է օգտուեն այդ հնարաւորութիւնից: Ե.Լ. -- Պիտի շարունակուի՞ մեսխէթցի թուրքերուն գաղթը դէպի տարածքաշրջան: Հայերուն համար ի՞նչ հետեւանքներ կրնայ բերել ան: Է.Ա. -- մեսխէթցի թուրքերի հոսքը դէպի մեր տարածաշրջան վերջին տարիների ընթացքում սկսել է զգալի աւելանալ, սակայն դեռեւս մեծ չափերի չի հասնում: Ներկայումս մօտ մի քանի տասնեակ ընտանիք են հաստատուել Ախալցխայում: Սովորաբար նրանք նախընտրում են քաղաքամերձ վայրերը ուր հողակտորներ կան, ինչ որ թոյլ է տալիս զբաղուել գիւղատնտեսութեամբ: Հայերը բացարձակ թշնամնքով չէ, որ նայում են մեսխէթցի թուրքերին: Ոմանք անգամ բնականոն ընկերական ու հարեւանական յարաբերութիւններ ունեն հետները: Սակայն չթաքցնենք որ հայերի մէջ նկատւում է մտավախութիւնը: Գրեթէ բոլորը քաջ գիտեն թէ ինչպէս մօտ անցեալում, 1918-ին Թուրքիան վայելելով մեսխէթցի թուրքերի աջակցութիւնը փորձում էր զէնքի ուժով տիրանալ ամբողջ տարածաշրջանին: Այդ ժամանակաշրջանում հայերի ու վրացիների համատեղ դիմադրութեան շնորհիւ միայն յաջողուեց պաշտպանել Ախալցխան թուրքերից: Մեր ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակներից այսօր գրեթէ ոչինչ չի փոխուել: Կարծում եմ թուրքական գործօնի աճող ամրացումը տարածաշրջանում կարող է ճակատագրական դեր խաղալ Վրաստանի ու Հայաստանի համար: Ե.Լ. -- Վրաստանի մտադրութիւնը ի՞նչ է այդ գաղթը արտօնելով. վրացացնե՞լ կը փափաքի զանոնք, թէ՞ իբրեւ թուրք պահել եւ հայերուն դիմաց իբրեւ հակակշիռ գործածել: Է.Ա. -- Վրաստանը միջազգային հանրութեան առջեւ ուղղակի իր վրայ պարտաւորութիւն է վերցրել մեսխէթցի թուրքերին թոյլ տալու վերաբնակուել Սամցխէ-Ջաւախք տարածաշրջան: Վրաց հասարակութիւնը կարելի է ասել իր կարծիքների մէջ բաժանւում է երկու մասի: Ոմանք համարում են նրանց մահմեդականութիւն ընդունած վրացիներ, իսկ ոմանք էլ որպէս թուրքեր: Ե.Լ. -- Վրաստանի խորհրդարանի մէջ հայ երեսփոխաններ կան: Արդիւնաւէտ է անոնց աշխատանքը: Կը հասցնե՞ն հայութիւնը մտահոգող խնդիրները առ որ անկ է: Կապ կը պահէ՞ք անոնց հետ: Է.Ա. -- Խորհրդարանի մէջ ունենք հայազգի մի քանի պատգամաւոր, սակայն ճիշտն ասաց նրանց գործունէութիւնից տեղեակ չենք եւ կապեր էլ նոյնպես չունենք նրանց հետ: Համոզուած եմ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը եւս տեղեակ չէ նրանց գործունէութեանը: Գիտենք միայն, որ մի քանի տարի առաջ ապրիլ 24-ին Վրաստանի խորհրդարանում հայազգի երեսփոխանները կոչ էին արել իրենց գործընկերներին մէկ րոպէ լռութեամբ յարգել հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Միայն այդ տեսակի շահ պաշտպանելն ենք լսած: Ե.Լ. -- Ի՞նչ արդիւնաբերութիւն կայ Ախալցխայի մէջ: Արեւմուտքի հայը ինչի՞ մէջ կրնայ ներդնել: Ի՞նչ գործ կրնայ հաստատել ամերիկահայ մը կամ եւրոպահայ մը: Ազա՞տ է առուտուրը Վրաստանի մէջ: Է.Ա. -- Ախալցխան ինչպէս նաեւ Ախալքալաքը դեռեւս մեծ արդիւնաբերութիւն չունի, չնայած որ, եթէ վերցնենք այս տարածաշրջանում գոյացող կաթնամթերքը ապա այն ճիշդ արդյունաբերութեան շնորհիւ կարող է ապահովել Վրաստանի ու Հայաստանին ամբողջ շուկան: Օրինակի համար պէտք է ասեմ այն, որ Խորհրդային Միութեան գոյութեան վերջին տարիներին Ախալցխայում կառուցուեց այնպիսի կաթնամթերքի գործարան, որը եզակիներից էր ամբողջ Միութեան տարածքում: Ցաւօք սրտի յետխորհրդային տակնուվրայ առաջին տարիներին գործարանը գրեթէ ամբողջութեամբ աւերուեց: Ախալցխայում ներկայումս կան մանր-մունր գործարարներ, որոնք արտադրում են պտղահիւթ, գարեջուր, թխուածք եւ կաթնամթերք, սակայն դրանք արտահանելու համար Վրաստանի այլ տարածքներ կամ դրսի շուկաներ խիստ անբաւարար են ու անմրցունակ: Արեւմուտքի հայը առաջին հերթին կարող է ներդրումներ անել կաթնամթերքի ոլորտում: Կարելի է նաեւ գետնախնձորի փաթիլի (crisps, chips) գործարան հիմնել քանի որ մեր տարածաշրջանում գետնախնձորը բարձրորակ է ու էժան: Ախալցխայում ժամանակին եղել է նաեւ պահածոների մեծ գործարան: Այդ ոլորտը աշխատեցնելու համար այստեղ եւս պահանջարկ ու հնարավորութիւն կայ: Վրաստանը ի տարբերութիւն յետխորհրդային բազմաթիւ այլ երկրների կարողացել է բացարձակապէս ձերբազատուել կաշառակերութիւնից ու բռնել արեւմուտքի զարգացման ուղին, ինչ որ եւս գրաւիչ պէտք է լինի դրսի ներդրողների համար: Ե.Լ. -- Վարչական քաշքշուքը շա՞տ է գործ մը հաստատել ուզող դրսեցիին համար: Վրացերէն չգիտցողը գլուխ կը հանէ՞ վարչական թնճուկներէն: Է.Ա. -- Կարծում եմ, որ վարչական քաշքշուքը պէտք չէ լուրջ մտահոգութիւններ պատճառի օտարերկրեայ ներդնողներին: Իսկ վրացերէն չգիտենալը եւս խնդիր չէ օտարերկրացու համար, քանի որ այս երկրում պաշտօններ զբաղեցնողների մեծամասնութիւնը լաւ է տիրապետում անգլերէնին: Այնպէս որ Վրաստանի մասին թէ դրական փաստերը պէտք է ընդունենք, թէ ժխտական, որոնք մշտապէս կրկնում ենք. այս երկրի քաղաքացի հայը իր իրաւունքների հետ կապուած բազմաթիւ չլուծված խնդիրներ ունի: Տեսակցեցաւ Ենովք Լազեան (Աուկսպուրկ, Գերմանիա)
  -   Հարցազրոյցներ