Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

  • 24-02-2015 17:14:51   |   |  Հասարակութիւն
Փետրուարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ամերիկայի Միացեալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռիչարդ Միլսին:
Նորին Սրբութիւնն իր շնորհաւորանքները փոխանցեց ԱՄՆ դեսպանին եւ վստահութիւն յայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ԱՄՆ դեսպանատան միջեւ ձեւաւորուած բարի յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը կը շարունակուեն նաեւ նրա պաշտօնավարման ընթացքում:
Գոհունակութեամբ անդրադառնալով հայ-ամերիկեան միջպետական կապերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւորապէս շնորհակալութիւն յայտնեց ԱՄՆ ժողովրդին եւ իշխանութիւններին հայ ժողովրդին ցուցաբերուող զօրակցութեան համար: Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքն արտայայտեց ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրուող ջանքերի կապակցութեամբ:
Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ օրհնութեամբ նորանշանակ դեսպանի   առաքելութիւնն աւելիով նպաստի երկու ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը, ինչպէս նաեւ տարբեր ոլորտներում երկու պետութիւնների միջեւ համագործակցութեան զարգացմանը:
ԱՄՆ դեսպանն իր հերթին ուրախութիւն յայտնեց հանդիպման առիթով, ապա ներկայացրեց հայ-ամերիկեան գործակցութեան արդիւնքում իրականացուելիք ծրագրերի շրջանակը: 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու կարեւոր առաքելութեանը հայ ժողովրդի կեանքում, Քոյր Եկեղեցիների հետ ունեցած ջերմ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Հայրենիքի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մի շարք մարտահրաւէրների:
Մասնաւոր անդրադարձ եղաւ Եկեղեցու կողմից միջեկեղեցական փոխգործակցութեան արդիւնքում աշխարհում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ի նպաստ գործադրուող ջանքերին, ինչպէս նաեւ խօսուեց տարածաշրջանում խաղաղութեան հաստատման ուղղութեամբ կազմակերպուող հոգեւոր առաջնորդների հանդիպումների մասին:
Նորին Սրբութիւնը տիար Ռիչարդ Միլսին տեղեկացրեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած միջոցառումների մասին` առանձնացնելով ապրիլի 23-ին Մայր Աթոռում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութիւնը:
Հանդիպմանը ներկայ էին ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 ###
 
 
  -   Հասարակութիւն