Իննսուն տարուայ մոլորութիւն<br />


Իննսուն տարուայ մոլորութիւն

  • 06-12-2010 11:17:45   | Հայաստան  |  Յօդուածներ
1920թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը ժամանեց Ալեքսանդրապոլ: Յաջորդ օրը պաշտօնապէս սկսուեցին խաղաղութեան բանակցութիւնները քեմալականների եւ հայոց պատուիրակութեան միջեւ: Հայաստանի պատուիրակութեան ղեկավարն էր նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը: Պատուիրակութեան լիազօր անդամներն էին նաեւ ֆինանսների նախկին նախարար Աբրահամ Գիւլխանդանեանը, Կարսի նախկին նահանգապետ Ստեփան Ղորղանեանը: Պատուիրակութեան ընդհանուր կազմում կար 16 հոգի: Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին (3 դեկատեմբերի 1920թ.) Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան լիազօրութիւնների կամ աւելի ճիշտ լիազօրութիւնների բացակայութեան մասին ես արդէն գրել եմ: Հիմա յարկ է անդրադառնալ Թուրքիայի անունից հանդէս եկողների կարգավիճակին եւ տեսնել արդեօ՞ք այդ պատուիրակութիւնը միջազգային իրաւունքի եւ թուրքական պետութեան սահմանադրութեան տեսանկիւնից լիազօրուած էր վարելու որեւէ բանակցութիւն ու ստորագրելու որեւէ պայմանագիր, թէ ոչ: Մինչ այսպէս կոչուած թուրքական պատուիրակութեանն անդրադառնալն մի յստակեցում. անհրաժեշտ է ընդգծել, որ թուրքական բառն այստեղ գործածւում է զուտ էթնիկ եւ ոչ քաղաքական իմաստով, քանի որ մինչեւիսկ այդ պատուիրակութեան անդամներն իրենք իրաւացիօրէն իրենց չէին համարում Թուրքիայի պետութեան ներկայացուցիչներ: Պայմանագրի նախաբանում խնդրոյ առարկայ պատուիրակութիւնն անուանուած է ոչ թէ Օսմանեան կայսրութեան կամ Թուրքիայի կամ դրանց կառավարութեան պատուիրակութիւն, այլ ընդամէնը Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութիւն (Turkiye Buyuk Millet Meclisi Hukumeti, ինչպէս պայմանագրի թուրքերէն օրինակում է, կամ Le Gouvernement de la Grande Assemblռe Nationale de Turquie, ինչպէս ֆրանսերէն օրինակում է): Սա մի կազմակերպութիւն էր, որը ստեղծուել էր Թուրքիայի ռազմական հետախուզութեան կողմից (որի ղեկավարը 1912-1914թթ. հէնց նոյն Քեազիմ Կարաբեքիրն էր) ստեղծուած Կարակոլ (Karakol) կազմակերպութեան եւ նոյն կառոյցի հրահրումով եւ աջակցութեամբ ստեղծուած այսպէս կոչուած Ազգային պաշտպանութեան (Mudafaa-i Milliye) [The National Defense Group] զանազան խմբերի միաւորումով` 1920թ. ապրիլի 23-ին, Անկարայում: Բնական է, որ Կ'արակոլի, ինչպէս նաեւ նշեալ խմբերի, գործունէութեան օրինականութեան (legitimacy) մասին խօսք լինել չի կարող, քանի որ ըստ միջազգային օրէնքի զինադադարի կնքումից յետոյ որեւէ գործողութիւն, որն ուղղուած է զինադադրի նպատակը` այն է խաղաղութիւնը, խաթարելուն անօրինական է եւ դատապարտելի: Քեմալականների գործուներութիւնը նաեւ Թուրքիայի սահմանդրութեան կոպտագոյն խախտում էր, ուստի Թուրքիայի օրինական իշխանութիւնները դեռեւս 1920թ. ապրիլ-մայիսին քեմալականների նկատմամբ մի շարք մահավճիռներ էին կայացրել: Այսպէս, օրինակ, դեռեւս 1920թ. ապրիլի 11-ին կայսրութեան բարձրագոյն կրօնաւորի՝ շէյխ-ուլ-իսլամի, ֆեթուա-յով (կոնդակով) խռովարարները յայտարարուել էին օրէնքից դուրս եւ նրանց սպանելը աստուածահաճոյ գործ: Խռովարարների պարագլուխը` Մուստաֆա Քեմալը, դեռեւս 1919թ. յուլիսի 11-ին էր զրկուել իր բոլոր կոչումներից եւ պաշտօններից, իսկ 1920թ. մայիսի 11-ին ի լրումն կրօնակն որոշման նրա նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել թուրքական ռազմական դատարանը: Այդ դա-տավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատուել էր սուլթանի կողմից: Այնպէս, որ 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ալեքսանդրապոլ բանակցութիւնների եկած պատուիրակութիւնը ոչ թէ Թուրքիայ պետութիւնն էր ներկայացնում, այլ փախուստի մէջ գտնուող, այդ թւում նաեւ պատերազմական յանձագործութիւնների համար մահուան դատապարտուած, քրէական յանցագործների մի կազմակերպութիւն: Քանի որ, այսպէս կոչուած քեմալականները (ներառեալ Մուստաֆա Քեմալը) գրեթէ բոլորը նախկին երիտթուրքեր էին` Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամներ եւ ունէին միեւնոյն ծայրայեղ ազգայնական գաղափարախօսութիւնը, ապա բրիտանացիներն իրաւացիօրէն նրանց համարում էին նոյնն ու նոյնական (one and the same): Այո, քեմալական կազմակերպութիւններն ռազմականապէս ուժեղ էին, քանի որ իրենց տրամադրութեան տակ ունէին Օսմանեան կայսրութեան 15-րդ բանակային կորպուսը (մօտաւորապէս 30 հազար հոգի) , որը համալրուած էր այլ ուժերով (2-րդ, 6-րդ եւ 9-րդ բանակային կորպուսների ուժերով) եւ ուժեղացած էր բոլշեւիկեան աջակցութեամբ, սակայն միեւնոյն է` դա չի փոխում նրանց իրաւական կարգավիճակը: Պայմանագրերի օրինականութեան համար ոչ թէ զինուորների թիւն է կարեւոր, այլ պատուիրակութեան լիազօրութիւնների օրինականութիւնը: Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականութեան համար միջազգային իրաւունքն ունի յստակ պահանջներ: Այդ պահանջների մի մասը կարելի է սահմանել հետեւեալ երրորդութեան մէջ - որեւէ պայմանագիր կարող է համարուել օրինական, եթէ այն ստորագրուել է ճանաչուած պետութեան օրինական իշխանութեան լիազօր ներկայացուցիչ(նէր)ի կողմից: Ակնյայտ է, որ քեմալականների պատուիրակութիւնը լիազօրուած չէր եւ չէր ներկայացնում ճանաչուած պետութեան օրինական իշխանութիւն: Նրա լիազօրութիւններն ածանցուած էին միայն Ազգային մեծ ժողով (Buyuk Millet Meclisi) կոչուող կազմակերպութեան կարգավիճակիցը: Իսկ ի՞նչ էր իրենից ներկացրնում եւ ի՞նչ իրաւական կարգավիճակ ունէր տուեալ կազմակերպութիւնը 1920-21թթ: Սա կարեւոր հարց է նաեւ Մոսկուայի (16 մարտի 1921թ.) եւ Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանգրերի վաւերութեան (validity) համար, քանզի նշեալ երկու այսպէս կոչուած պայմանագրերն էլ ստորագրուել են մինոյն կազմակերպութեան ներկայացուցիչների կողմից: Ազգային մեծ ժողով կազմակերպութիւնը, չնայած լայնօրէն տարածում գտած թիւր կարծիքի, 1920-23թթ. բնաւ էլ Թուրքիայի խորհրդարանը չէր: Նա այդպիսին չէր եւ չէր կարող լինել միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ երկրի գործող սահմանադրութեան տեսանկիւններից: Կապիտուլիացիայի ենթարկուած երկրում, ռազմակալման ողջ ժամանակահատուածում, դադարում են գործել տուեալ երկրի օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան մարմինները: Գերակայ իշխանութիւնն անցնում է յաղթող երկրներին եւ այդ իրաւական կարգավիճակը մնում է մինչեւ խաղաղութեան պայմանագրի կնքումն ու ուժի մէջ մտնելը: Այդ կարգավիճակը եւ իրավիճակը միանշանակօրէն ամրագրուած են միջազգային իրաւունքի մէջ, եւ ամրապնդուած բազում օրինակներով: Թուրքիայի պարագային 1918թ. հոկտեմբերի 30-ից (Մուդրոսի զինադադարի ստորագրումից) գոնէ մինչեւ 1923թ. յուլիսի 24-ը (Լոզանի պայմանագրի ստորագրումը) Թուրքիայում, միջազգային իրաւունքի համաձայն, իշխանութիւնը պատկանում էր յաղթած Դաշնակից երկրների Գերագոյն խորհրդին (Supreme Council of the Allied Powers): Այդ խորհուրդը, որի կազմում էին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Միացեալ Նահանգների բարձրագոյն պաշտօնեաները, իր իշխանութիւնը Թուրքիայի իրականացնում էր նախ պարզ ներկայացուցիչների (1918թ. նոյեմբեր – 1919թ. մարտ), ապաեւ Գերագոյն յանձնակատարների (High Commissioners) միջոցով (1919թ. մարտ – 1923թ. սեպտեմբեր): Վերջիններիս միաւորող կառոյցը, որն իրականացնում էր բարձրագոյն իշխանութիւնը նախկին Օսմանեան կայսրութեան տարածքում, կոչւում էր Վերահսկման եւ կազմակերպման միջ-դաշնակցային յանձնախմբեր (Inter-Allied Commissions of Control and Organization) եւ ունէր զանազան ենթայանձնախմբեր: Լոզանի պայմանագիրը հաստատում է ասածներս: Այդ պայմանագրի ուշադիր ընթերցողը կը նկատի, որ այն ոչ թէ յստակեցնում է Թուրքիայից անջատուող տարածքները, այլ նշում է նախկին Օսմանեան կայսրութեան այն տարածքները, որոնց վրայ վերականգնւում է թուրքական ինքնիշխանութիւնը (sovereignty): Ազգային մեծ ժողով կազմակերպութեան առաջին նիստը գումարուել է 1920թ. ապրիլի 23-ին: Այդ ժողովն ունեցել է 327 մասնակից, որոնցից առաւելագոյնը միայն 92 էին (մէկ երրորդից էլ պակաս) նախկին օսմանեան խորհրդարանի նախկին անդամներ: Նրանք կրկնակի նախկին էին, քանի որ խարհրդարանի վերջին օրինական ընտրութեօնները տեղի էին ունեցել 1912թ. եւ այդ տարի ընտրուածների լիազօրութիւնների ժամկէտը, համաձայն գործող սահմանադրութեան 70-րդ յօդուածի, աւարտուել էր 1916թ.-ին: Պատմագիտական գրականութեան մէջ յիշատակուող 1919թ. վերջին ամիսների այսպէս կոչուած ընտրութիւնները եւ դրա հետեւանքով 1920թ. յունուար-ապրիլին կայացած ժողովները, անգամ մեծ ցանկութեան դէպքում, չեն կարող համարուել ընտրութիւններ եւ դիտարկուել որպէս խարհրդարանական նիստեր, քանզի դրանք տեղի են ունեցել թուրքական ինքնիշխանութեան բացակայութեան պայմաններում եւ չեն իրականացուել երկրի սահմանադրութեան եւ օրէնսդրութեան պահանջներին համապատասխան: Մասնաւորապէս, խախտուել են սահմանադրութեան # # 7, 17, 41, 42, 43, 45, 46, 60, 72, 77, 120 յօդուածները, քուէարկելու իրաւունքից ապօրինաբար զրկուած են եղել բոլոր ոչ թուրքերը: Հետեւաբար, այդ ժամանակ Թուրքիայի միակ ճանաչուած իշխանաւորը` սուլթանը, համաձայն սահմանադրութեամբ իրեն վերապահուած իրաւունքի (յօդուած 7), 1920թ. ապրիլի 12-ին դադարեցրել էր այդ ոչ օրինական ժողովահաւաքների գործունէութիւնը: Ահա այս մասին է խօսքը, երբ ասում են »նախկին խորհրդարանի պատգամաաւորներ«: Եթէ մինչեւիսկ վերոյիշեալ 92-ի լիազօրութիւնները համարենք օրինական, որն ինչպէս տեսաք խիստ կասկածելի է, միեւնոյն է այդ թիւը խորհրդարան գումարելու համար քուորում չէր կարող ապահովել: Մնացած 232 ներկայացնում էին երկրում ապօրինի գործող, այսպէս կոչուած, Իրաւունքների պաշտպանութեան շարժման տարբեր մասնաճիւղերը: Օսմանեան կայրութեան պարտութիւնից յետոյ` 1918 դեկտեմբերից մինչեւ 1920 հոկտեմբեր, ձեւաւորուել է այդպիսի Իրաւունքների պաշտպանութեան 28 մասնաճիւղ, որոնցում առաւելաբար ներկայացուած էին Միութիւն եւ առաջադիմութիւն յանցագործ եւ օրէնքից դուրս յայտարարուած, կուսակցութեան տեղական մարմինների ներկայացուցիչները, մուֆթիներ (իսլամական կրօնաւորներ), մուսուլման հողատէրեր ու ոչ քրիստոնեայ առեւտրակններ: Այդ կազմակերպութիւնները հաւաք գումարեցին Էրզրումում (23 յուլիսի – 17 օգոստոսի, 1919թ.), որտեղ էլ ձեւաւորեցին միացեալ ղեկավար մարմին` Ներկայցուցչների յանձնաժողով (Heyet-I Temsiliye) [Representative Committee]. Մուստաֆա Քեմալի գլխաւորութեամբ: Նրանց յաջորդ հաւաքը կայացաւ Սեբաստիայում, 1919թ. սեպտեմբերի 4-11-ը: Թէեւ մասնակցում էին գաւառային կառոյցների ընդամէնը 31 ներկայացուցիչ, հաւաքն իրեն տուեց հնչեղ անուն - Անատոլիայի եւ Ռումելիայի ազգային շահերի պաշտպանութեան ընկերակցութիւն (Anadolu Rumeli Mudafaa-I Hakuk-u Milliye Cemiyeti) [Association for the Defense of the Rights of Anatolia and Rumelia]. Այս կազմակերպութիւնը 1919թ. դեկտեմբերի 27-ին փոխադրուեց Անկարայ, որտեղ էլ 1920թ. ապրիլին իր շարքերն ընդունելով արդարադատութիւնից փախչող նախկին պատգամաւորների եւ պաշտօնեաների, իրեն տուեց էլ աւելի հնչեղ անուն: Այն վերանուանուեց Թուրքիայի ազգային մեծ ժողով, իսկ նրա ղեկավար մարմին Ներկայացուցիչների յանձնաժողովը` Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութիւն: Այսինքն, 1919թ. սեպտեմբերին ստեղծուած կազմակերպութիւնը եւ նրա գործադիր մարմինը 1920թ. ապրիլին վերակազմաւորուեց եւ վերանուանուեց, սակայն նրա իրաւական կարգավիճակը դրանից չփոխուեց; Ահա այս կազմակերպութեան գործադիր մարմնի` կառավարութեանանունից էր հանդէս գալիս Ալեքսանդրապոլում բանակցող թուքական պատուիրկութիւնը: Բնական է, որ կազմակերպութեան անուանումը չէ, որ որոշում է տուեալ կառոյցի լիազօրութիւնները, այլ այն իրաւական եւ օրէնսդրական հիմքը, որի վրայ ձեւաւորուել եւ որի շրջանակներում կայացել է նշեալ կառոյցը: Ինքնին կազմակերպութեան անուանումը չի սահմանում տուեալ կազմակերպութեան իրաւասութիւնների շրջանակը, առաւել եւս դառնում հիմք` միջպետական իրաւական փաստաթուղթ ստորագրելու լիազօրութիւն տալու համար: (շարունակելի) Արա Պապեան Մոդուս վիւենդի կենտրոնի ղեկավար
  -   Յօդուածներ