Հայաստանի Սահմանադրական դատարանը բաւարարեց Մարդու իրաւունքների պաշտպանի դիմումը<br />


Հայաստանի Սահմանադրական դատարանը բաւարարեց Մարդու իրաւունքների պաշտպանի դիմումը

  • 23-11-2010 19:14:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ի նիստում ՀՀ Սահմանադրական դատարանը բաւարարեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի դիմումը եւ ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգրքի 284-րդ յօդուածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր: ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգրքի 284-րդ յօդուածի 1-ին մասը սահմանում էր, որ անձանց նամակագրութեան, հեռախօսային խօսակցութիւնների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունքի սահմանափակում նախատեսող օպերատիւ-հետախուզական միջոցառումները, բացառութեամբ այն դէպքերի, երբ խոսակցութեան մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մէկը նախապէս դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնութիւն է տուել, կարող են իրականացուել միայն դատարանի որոշմամբ: Ինչպէս նշուած է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութիւնում, համաձայն ՀՀ Սահմանադրութեան 23-րդ յօդուածի 1-ին մասի «Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի, որպէսզի յարգուի իր անձնական եւ ընտանեկան կեանքը»: Իսկ ՀՀ Սահմանադրութեան 23-րդ յօդուածի 5-րդ մասն ամրագրում է. «Իւրաքանչիւր ոք ունի նամակագրութեան, հեռախօսային խօսակցութիւնների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունք, որը կարող է սահմանափակուել միայն օրէնքով սահմանուած դէպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»: Վիճարկւող նորմից բխում էր, որ եթէ խոսակցութեան մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մէկը նախապէս դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնութիւն է տուել, ապա օպերատիւ-հետախուզական գործունէութեան մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողութիւնը: Այս իրաւունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տուեալ միջոցառումն իրականացնող օպերատիւ-հետախուզական գործունէութեան մարմնի որոշումը եւ խոսակցութեան մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մէկի` նախապէս դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնութիւնը, ուղղակիօրէն հակասում է ՀՀ Սահմանադրութեանը, քանի որ ՀՀ Սահմանադրութիւնը միանշանակ սահմանում է, որ իւրաքանչիւրին նամակագրութեան, հեռախօսային խօսակցութիւնների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունքը կարող է սահմանափակուել միայն օրէնքով սահմանուած դէպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրութիւնը նշուած կարգից որեւէ բացառութիւն չի նախատեսում:
  -   Մարդու իրաւունքներ