Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

  • 18-01-2016 17:17:06   |   |  Հասարակութիւն

Յունուարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական եւ սոցիալական ծրագրերը, ինչպէս նաեւ ազգային-եկեղեցական կեանքին առնչուող զանազան խնդիրներ: 
 
Պրն. Պերճ Սեդրակեանը Հայոց Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ գործունէութիւնը Հայաստանում եւ Արցախում, անդրադարձ կատարեց ապագայ ծրագրերին:
Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին եւ միութեան անդամներին՝ Հայրենիքին եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերուող զօրակցութեան, ինչպէս նաեւ նուիրեալ գործունէութեան համար: 
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը, Միջեկեղեցական յարաբերութիւնների եւ հրատարակչական բաժինների տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ վարդապետ Անանեանը եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը:
ՀԲԸՄ նախագահը մասնակցեց նաեւ Մայր Տաճարում մատուցուած Ս. Պատարագին:
 
  -   Հասարակութիւն