Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց բանակի հոգեւոր սպասաւորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց բանակի հոգեւոր սպասաւորներին

  • 27-01-2016 18:53:53   |   |  Հասարակութիւն

Յունուարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Բանակի տօնի առիթով ընդունեց ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդութեան սպասաւորներին` գլխաւորութեամբ ՀՀ Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի: Վրթանես եպիսկոպոսի առաջնորդութեան ներքոյ այսօր ՀՀ Զինուած Ուժերում իրենց ծառայութիւնն են բերում թուով 51 հոգեւորականներ՝ 2 աբեղաներ, 10 քահանաներ եւ 39 սարկաւագներ:
 
Հանդիպման սկզբում ողջոյնի խօսք ասաց Վրթանես Սրբազանը: Ամէնքին շնորհաւորելով տօնի առիթով` ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդն իր որդիական սէրը յայտնեց Նորին Սրբութեանը Հայոց բանակի հանդէպ դրսեւորուող մշտական ուշադրութեան համար, ինչպէս նաեւ երախտագիտութեամբ կարեւորեց այն աջակցութիւնը, որ ՀՀ Պաշտպանութեան նախարարի գլխաւորութեամբ ողջ հրամանատարական կազմը բերում է հոգեւոր սպասաւորներին:
Անդրադառնալով հոգեւոր սպասաւորների անձնուրաց ծառայութեանը` Վրթանես եպիսկոպոսը փաստեց, որ անցնող երկու տասնամեակների ընթացքում գնդերեցները մշտապէս եղել են հայ զինուորի կողքին թէ՛ զօրամասում եւ թէ՛ խրամատում: Սրբազանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր առաջնորդութիւնն ունի հմուտ աւագ գնդերեցներ եւ գնդերեցներ, ովքեր լիարժէք ընկալում են իրենց ծառայութեան ոլորտը, առկայ մարտահրաւէրները եւ ամէն ինչ անում են, որպէսզի զինուորների միջանձնային յարաբերութիւնները խարսխուեն քրիստոնէական արժէքների վրայ, կերտուի հայրենիքի պաշտպանութեան բարձր գիտակցութիւնը:
Այնուհետեւ ՀՀ Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը, ողջունելով հոգեւորականաց դասին, ուրախութիւն յայտնեց Հայոց բանակի 24-ամեակի նախօրէին համայն հայութեան հոգեւոր կենտրոնում գտնուելու առիթով:
Իր խօսքում նախարարն անդրադարձաւ անցնող 24 տարիների ընթացքում Հայոց բանակում արձանագրած յաղթանակներին ու յաջողութիւններին, ինչպէս նաեւ ներկայացրեց բանակի առջեւ ծառացած մարտահրաւէրները: Առկայ խնդիրների յաղթահարման գործում ՀՀ Պաշտպանութեան նախարարը կարեւորեց բանակ-հասարակութիւն կապի առաւել ամրապնդումը: Այս առումով նա ընդգծեց, որ Հայոց բանակը երբեք միայնակ չի իրականացրել իր պաշտպանական գործողութիւնները. ժողովուրդը եւ Հայ Եկեղեցին մշտապէս կանգնած են եղել հայկական բանակի կողքին: 
Անդրադարձ կատարելով բանակ-Եկեղեցի համագործակցութեանը` Պաշտպանութեան նախարարը հաստատեց, որ բանակի հոգեւոր սպասաւորները կարեւոր առաքելութիւն են իրականացնում Հայոց բանակի հայրենասիրական ոգու կերտման գործում եւ արատաւոր երեւոյթների դէմ մղուող պայքարում:
Ապա իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Նորին Սրբութիւնը, իր գոհունակութիւնը յայտնելով Մայր Աթոռում բանակի հոգեւոր սպասաւորների համախմբման առիթով, ամէնքին շնորհաւորեց տօնի կապակցութեամբ եւ մաղթեց, որ միշտ յաղթական լինի Հայոց բանակը: 
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հոգեւոր սպասաւորներին իրենց ծառայութեան մէջ պէտք է առաջնորդի Հայոց բանակի յաղթական ոգին: 
Նորին Սրբութիւնը հոգեւոր սպասաւորներին յորդորեց լինել քաջ հովիւներ եւ պատուով իրականացնել ազգային-եկեղեցական կեանքում ստանձնած վեհ առաքելութիւնը: Հայոց Հովուապետը գնդերեցներին պատգամեց իրենց առջեւ մշտապէս ունենալ Ղեւոնդ երէցի լուսաւոր կերպարը, նրա օրինակով ոգեշնչուել ու հոգեւոր դաստիարակութիւն ջամբել հայոց հրամանատարներին ու զինուորներին, նրանց անձերում կերտել հայրենապաշտ ոգի, որը պիտի ապահովի հայ զինականի անպարտելիութիւնը: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղօթք բարձրացրեց առ Աստուած` հայցելով, որ Տէրն Իր Աջը հովանի դարձնի Հայոց բանակին, որպէսզի հայ զինուորները բացառապէս խաղաղ պայմաններում իրականացնեն իրենց աստուածահաճոյ ծառայութիւնը եւ հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու անվրդով կեանքով:
Զրոյցի ընթացքում քննարկուեցին ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդութեան հիմնադրման 20-ամեակին, հոգեւոր սպասաւորների կողմից իրականացուող կրթայ-դաստիարակչական ծրագրերին, Մայր Աթոռի եւ նախարարութեան միջեւ համագործակցութեանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
  -   Հասարակութիւն