Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին

  • 27-04-2016 18:32:55   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանի: 
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն ինքնաբուխ կերպով նախաձեռնել եւ կազմակերպել էին Արցախին աջակցելու ծրագիր: 
 
Հանդիպմանն աշակերտական խորհրդի նախագահ Նաիրի Նաջարեանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ դպրոցի բոլոր 322 աշակերտները միահամուռ կերպով մասնակցել են այս նախաձեռնութեանը` որոշակի գումար հաւաքագրելով ի զօրակցութիւն Արցախի ժողովրդի եւ հայ զինուորի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքն ու սէրը բերելով աշակերտներին, նշեց, որ հպարտութեան մեծ զգացում է ապրում` տեսնելով պատանիների արիութեան անպարտ ոգին ու հայրենասիրական աննկուն եռանդը: Հայոց Հովուապետն առաւել կարեւորեց աշակերտութեան գիտակցութիւնն ու նախանձախնդրութիւնը, որոնք խօսուն վկայութիւնն են նրանց` առ հայրենիքն ունեցած սիրոյ: 
Գարեգին Բ Կաթողիկոսը փաստեց, որ հէնց այսպիսի ոգի ունեցող զաւակների շնորհիւ է հայ ժողովրդի պատմութիւնը մշտապէս յաղթանակներով պսակուել: Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ այս օրերին, երբ թշնամին տմարդի, խարդաւանքներով լի ռազմական գործողութիւններ է նախաձեռնում` փորձելով խախտել անդորրը հայ ժողովրդի եւ հայոց սահմանների, հայորդիներն իրենց հայրենապաշտ ոգով դարձեալ արժանի հակահարուած կը տան, որպէսզի թշնամին այլեւս երբեք չհամարձակուի ոտնձգութիւն անել հայ ժողովրդի ստեղծագործ ու խաղաղ կեանքի հանդէպ: 
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:
 
  -   Հասարակութիւն