Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է բաշխել Ս. Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբման անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է բաշխել Ս. Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբման անդամներին

  • 03-09-2018 12:42:24   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբման» 75 անդամներին, ովքեր Մայր Աթոռ էին ժամանել Լիբանանից, ԱՄՆ-ից եւ  Կանադայից: 
 
Հանդիպման սկզբում համախմբման ատենապետուհի Անահիտ Տանձիկեանը միութեան անդամներին ներկայացրեց Հայոց Հովուապետի գահակալութեան տարիների համապարփակ պատմութիւնը: Ապա իր եւ համախմբման անդամների անունից երախտագիտութիւն յայտնեց Նորին Սրբութեանը Մայր Աթոռի հարկից ներս հիւրընկալելու համար` նշելով, որ համախմբման անդամներն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիկին Անահիտ Տանձիկեանը վստահութիւն յայտնեց, որ շնորհիւ Մայր Աթոռում կեցութեան, ժամերգութիւններին ու Ս. Պատարագներին մասնակցութեան` համախմբման անդամները պիտի հաղորդ դառնան Մայր Աթոռից ճառագող օրհնութեանը:
 
Ապա շուրջ 60 տարի առաջ հիմնադրուած միութեան անդամներին ողջունեց եւ իր հայրական օրհնութիւնը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
Վեհափառ Հայրապետը վերյիշեց, թէ ինչպէս է համախմբման մասին առաջին տեղեկութիւնները ստացել Երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսից` հաստատելով, որ Հայրապետը համախմբման մասին խօսելիս չէր թաքցնում իր հիացմունքը համախմբման՝ Մայր Աթոռի հանդէպ ունեցած սիրոյ ու նուիրման վերաբերեալ:
 
 Նորին Սրբութիւնն արձանագրեց, որ իր գահակալութեան տարիներին ինքը եւս նոյն սէրն ու նուիրումը զգացել է եւ դրսեւորուած տեսել համայն հայութեան հոգեւոր կենտրոնի հանդէպ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ փաստեց, որ Մայր Աթոռն ի դէմս կրօնասէր տիկնանց համախբման անդամների ունի Հայ Եկեղեցու անձնդիր սպասաւորներ, ովքեր իրենց անուրանալի դերակատարութիւնն ունեն Մայր Աթոռի առաքելութեան իրականացման մէջ:
 
Ընդգծելով, որ իւրաքանչիւր հայորդու սիրտը կապուած է Սուրբ Էջմիածնին` Վեհափառ Հայրապետն իր մասնաւոր գնահատանքը եւ օրհնութիւնը բերեց միութեան ատենապետուհի Անահիտ Տանձիկեանին ու անդամներին` իրենց նախանձախնդրութեան, հաւատարմութեան եւ մշտական զօրակացութեան համար:
 
Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ իրենց երկրներ վերադարձին Մայր Աթոռից ու Հայաստանից ստացած տպաւորութիւններին հաղորդ կը դարձնեն նաեւ իրենց հարազատներին եւ մտերիմներին:
 
Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Հայրապետին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի կրթական ծրագրերին: 
 
Լիբանանի «Ս. Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբման» անդամներն այցի առիթով Մայր Աթոռին ընծայեցին արծաթեայ սկիհ, որի դրուագումների խորհրդաբանութիւնը ներկայացրեց վարպետ Տիգրան Բաջանեանը:
 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ  Գերաշնորհ Տ.  Հովնան եպիսկոպոս Յակոբեանը: 
 
Մէկշաբաթեայ այցի ընթացքում համախմբման անդամներն ուխտագնացութիւնների կը մեկնեն տարբեր սրբավայրեր: 
  -   Մամլո հաղորդագրություն