Էլմար Մամեդեարով. Սոչիի եռակողմ հանդիպմանը մենք տեսանք յոյսի առկայծումներ
25-04-2011 17:27:15 | Ռուսաստան | Հարցազրոյցներ
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում իրերի ներկայիս վիճակը, այսպէս կոչուած՝ ստատուս քուոն, խոչընդոտում է եւ՛ տարածաշրջանի, եւ՛ փոխյարաբերութիւնների զարգացմանը. մեծ թուով փախստականներ կան, տեղափոխուած անձինք։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տուած հարցազրոյցում յայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը, յաւելելով, որ դրան գումարւում է «շատ լուրջ ռազմական գործօնը»։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, այդ համատեքստում ակնյայտ է դառնում, որ ստատուս քուոն կը յանգեցնի բացասական հետեւանքների։
«Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում որքանո՞վ է Թուրքիան հաշուի առնում Ադրբեջանի շահերը» հարցին ի պատասխան Է.Մամեդեարովն ընդգծել է, որ հայ-թուրքական մերձեցումը Թուրքիայի որոշումն է։ «Մենք չենք կարող միջամտել նրա ներքին գործերին, սակայն միւս կողմից, եթէ գործընթացը գնա նոյն ձեւաչափով, ինչ որ նախկինում, հաշուի չառնելով Ադրբեջանի շահերը, ապա մենք ստիպուած կը լինենք արձագանքել։ Եւ թուրքական ղեկավարութիւնը դա հասկացել է»,- ասել է Ադրբեջանի արտգործանախարարը։ Նրա խօսքերով, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակման հիմնական պատճառը ժամանակին եղել է Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս առաջին շրջանի՝ Քելբաջարի, օկուպացիայի հարցը։
«Քելբաջարի օկուպացիայի հարցը եւ ագրեսոր երկրի հետ յարաբերութիւնների կառուցման անհնարինութիւնն է եղել թուրքական իշխանութիւնների գիտակցուած հակազդեցութիւնը։ Ուստի մենք կոչ ենք անում Թուրքիային, որպէս շատ ազդեցիկ երկրի, որպէսզի այն կայունացնող դեր խաղա եւ աջակցի կարգաւորման գործընթացին՝ սկսած տարածքների ազատագրումից։ Հաւատացէք, հայկական զօրքերի դուրսբերումը օկուպացուած տարածքներից, կը խթանի շատ լուրջ դրական գործընթացները»,- ասել է Է.Մամեդեարովը։
«Հայկական կողմը շատ ուշադիր հետեւում է, թէ ինչ է ասում Բաքուն, եւ մշտապէս յայտնաբերում է ագրեսիւ նոտաներ՝ Ադրբեջանը սպառնում է, որ ահա համբերոյթունը կը սպառուի եւ կը փորձի ուժ գործադրել» հարցին ի պատասխան ադրբեջանցի նախարարը նկատել է, որ միջազգային իրաւունքի սկզբունքներից մէկը ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումն է։ «Սակայն տուեալ դէպքում ուժը գործադրուել է, ընդ որում, ոչ մեր կողմից, խախտուել է ՄԱԿ-ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտում եւ միջազգային իրաւական մնացեալ փաստաթղթերում ամրագրուած տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Ուժի կիրառման սպառնալիքներ չէն լինի, հէնց որ չէզոքացուէն ուժի կիրառման առաջին մասի հետեւանքները։ Ադրբեջանը փորձում է իր ողջ արտաքին քաղաքականութիւնը կառուցել բարիդրացիութեան ոգով, եւ մեծ հաճոյքով նման քաղաքականութիւն կը կառուցենք նաեւ Հայաստանի հետ. վաղ թէ ուշ մենք կը յաջողենք, հէնց որ վերացնենք Ղարաբաղի հարցով բացասական հետեւանքները»,- յայտարարել է Էլմար Մամեդեարովը։
Ըստ Է.Մամեդեարովի, ի դէմս նախագահ Դմիտրի Մեդուեդեւի, Ռուսաստանի ակտիւ ներգրաւուածութիւնը արդէն պտուղներ է տալիս։ Մասնաւորապէս, վերջին հանդիպմանը, որն անցաւ մարտի 5-ին Սոչիում, «մենք տեսանք յոյսի առկայծումներ, որ շարժւում ենք ճիշտ ուղղութեամբ։ Դրան հակառակ, մէկ տարի առաջ, յունուարին, նորացուած մադրիդեան սկզբունքների ի յայտ գալուց յետոյ, զգացողութիւն կար, որ մենք դոփում ենք տեղում։ Պէտք է արժանին մատուցել Դմիտրի Անատոլյեւիչին, ով մանրակրկիտ շփման կէտեր, ոչ ստանդարտ որոշումներ էր փնտրում։ Վերջին հանդիպումը Սոչիում յոյս ներշնչեց։ Այն, ինչ այսօր գոյութիւն ունի Ադրբեջանի եւ Հայաստանի փոխյարաբերութիւններում, չի բաւարարում ոչ ոքի։ Այստեղ պահանջւում էն ոչ թէ կրկնապատիկ, այլ եռապատիկ ջանքեր։ Ղարաբաղի խնդրի լուծումը շատ բարդ է՝ միահիւսուած շատ գործօնների հետ։ Եւ եթէ մենք նոյնիսկ պատրաստենք խաղաղութեան պայմանագիր, դա դեռ վերջը չէ, սակայն դա լոյս է թունելի վերջում»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։