Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է բաշխել Գերմանիայից ժամանած ուխտաւորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է բաշխել Գերմանիայից ժամանած ուխտաւորներին

  • 04-10-2019 16:54:04   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Բեռլինից (Գերմանիայ) ժամանած մի խումբ ուխտաւորների՝ գլխաւորութեամբ Վերապատուելի Անդրէաս Գիւթսէի եւ պրոֆէսոր Պաուլ Իմհոֆի:
Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց ուխտաւորներին` ողջունելով նրանց այցը Հայաստան եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
 
Ամենայն Հայոց Հայրապետն իր խօսքում անդրադարձ կատարեց հաւատքի կարեւորութեանը, ինչպէս նաեւ քրիստոնէական հաւատի դերակատարութեանը հայ ժողովրդի կեանքում: Նորին Սրբութիւնն ուխտաւորներին ներկայացրեց նաեւ պատմութեան ընթացքում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմագրաւած մարտահրաւէրները, Մայր Աթոռի ներկայիս գործունէութիւնը տարբեր ոլորտներում:
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ յաւելեց, որ Գերմանիայի տարբեր Քրիստոնէական Եկեղեցիների ու միջեկեղեցական կառոյցների եւ Հայոց Եկեղեցու միջեւ ձեւաւորուած կապերի ու գործակցութեան շնորհիւ այսօր իրականացւում են մի շարք կրթական եւ սոցիալական ծրագրեր: 
Հայոց Հովուապետը անդրադարձ կատարեց նաեւ Գերմանիայի հայոց թեմի գործունէութեանը եւ Բեռլինի հայ համայնքի կեանքին, պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին:

 
  -   Մամլո հաղորդագրություն