Սուրբ Ստեփանոսի տօնին կատարուել է սարկաւագական ձեռնադրութիւն


Սուրբ Ստեփանոսի տօնին կատարուել է սարկաւագական ձեռնադրութիւն

  • 24-12-2019 17:00:00   |   |  Հասարակութիւն

 
 
Դեկտեմբերի 24-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկաւագների տօնն է: 
Նախօրէին՝ դեկտեմբերի 23-ի երեկոյեան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Բ լսարանի 3  սաներ ստացան դպրութեան աստիճաններ, ճեմարանի Դ լսարանի 12 եւ Քահանայից պատրաստութեան լսարանի 4 սաներ ուրարակրութեան աստիճան, իսկ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Է լսարանի 26 սաներ կիսասարկաւագութեան աստիճան: 
 
Տօնին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի ձեռամբ սարկաւագական ձեռնադրութեան արժանացան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի 26 սաներ: 
 
Սուրբ Պատարագի ընթացքում, Ձեռնադրութեան սուրբ խորհրդի աւարտին, Սրբազան Հայրը, անդրադառնալով Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակութեան պատմութեանը, ի մասնաւորի նշեց. «Ս. Ստեփանոսի նահատակութեան հրաշալի դրուագը եւ նրա զղջացող, բարի, ողորմած կերպարը միշտ մեր սրտերի մէջ է եղել: Այսօր էլ, երբ փորձում ենք անդրադառնալ, ապա տեսնում ենք, որ Ստեփանոսն առաջին նահատակը եղաւ, նրանից յետոյ` հարիւրներ ու հազարներ: Եւ միշտ մտածում ենք՝ որքան նրանք սիրեցին Քրիստոսին, որքան կարողացան հետեւել Նրա ճշմարիտ խօսքին, որ ապրել Քրիստոսով աւելին էր, քան ապրել առանց Քրիստոսի: Միշտ մտածում ենք, որ ինչպիսի՞նն է մարդը, որ որոշում է կայացնում կամաւոր նահատակուելու յանուն հաւատքի: Այո՛յ, մենք նաեւ այդպէս կամաւոր պատրաստ ենք լինում նահատակութեան յանուն մեր երկրի, յանուն մեր հաւատքի, յանուն մեր Ս. Էջմիածնի ու քրիստոնէական կրօնի: Եւ սրա համար մարդկային շատ բարձր գիտակցութիւն եւ կերպար է հարկաւոր, ինչն իր մէջ ունէր հէնց ինքը` Սուրբ Ստեփանոս Նախավկան»: 
 
Շնորհաւորելով նոր ձեռնադրուած սարկաւագներին՝ Վազգէն եպիսկոպոսն ասաց. «Ձեր կեանքի ողջ ընթացքում յանկարծ երբեք չսասանուէ՛ք: Այս կոչումը, որ ստացաք, անարատ պա՛հք, ապրէ՛ք Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարով եւ ամբողջ զօրութեամբ աղօթեցէ՛ք Աստծուն եւ խնդրէ՛ք սրբի բարեխօսութիւնը, եւ Ձեզ կըտրուի ամէն բան: Սարկաւագերը մեր եկեղեցու կարեւորագոյն սպասաւորներից են: Նրանք բարեջան ծառայութիւն են մատուցում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մեր թեմերում, Հայոց բանակում, շատ-շատ տեղերում` հոգեւոր խնամք տանելով մեր հաւատացեալ ժողովրդին»: 
 
Սրբազանը, իր շնորհաւորանքներն ուղղելով սարկաւագների ծնողներին տօնի խորհրդի կապակցութեամբ, հաստատեց, որ նրանք սրտի թրթիռով են սպասել այս օրուանը եւ գէթ մէկ անգամ չեն ափսոսել իրենց զաւակներին Աստծոյ սուրբ սեղանի սպասաւորութեանը նուիրելու համար: 
 
Վազգէն Սրբազանը ձեռնադրութեան առիթով շնորհաւորեց նաեւ Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ Ամենայն Հայոց Հայրապետին՝ մաղթելով նրան կեանքի արեւշատ տարիներ եւ անսասան հովուապետութիւն: 
 
Ս. Պատարագի աւարտին եկեղեցականաց դասը եւ ներկայ բարեպաշտ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցան նաեւ համբուրելու տօնի առիթով Մայր Տաճարի աւանդատուն-թանգարանից Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի բերուած Ս. Ստեփանոսի մասունքակիր Աջը եւ ստանալու նրանից բխող օրհնութիւնը: 

 
  -   Հասարակութիւն