«Հայրենիքի ազատ ու անվտանգ կեանքը եւ յանուն այդ անվտանգութեան մեր միասնականութիւնը ամէն ինչից վեր են». Ամենայն Հայոց Կաթողիկոս

28-01-2020 17:05:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Յունուարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ Զինուած ուժերի ղեկավարութեան հետ Վարդենիսում ներկայ գտնուեց ՀՀ Բանակի օրուայ առիթով կազմակերպուած միջոցառմանը:
Հանդիսութեան ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց ներկաներին եւ ողջ ժողովրդին տօնական այս օրուայ կապակցութեամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքում, մասնաւորապէս, ասել է. 
 
«Տիրոջ կամքով եւ հոգու բերկրանքով ժամանել ենք Վարդենիս Հայրապետական մեր սէրն ու օրհնութիւնը փոխանցելու Հայոց բանակի քաջարի զինուորականներիդ՝ ջերմօրէն շնորհաւորելով ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Հայոց Բանակի օրուայ կապակցութեամբ։ Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի օրուայ հաստատումը անկախ հայրենիքի տօնացոյցում եւ Հայոց բանակի պանծացումը աներկբայ վկայութիւնն ու գնահատականն են Հայոց բանակի կարեւոր դերակատարութեան հայրենի երկրի եւ մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կեանքի յարատեւութեան ապահովման գործում։
Մեծ խնդութիւն ենք ապրում ամէն անգամ, երբ տեսնում ենք հայրենեաց խիզախ պաշտպաններիդ: Եւ իբրեւ Հայոց Հայրապետ, հպարտ ենք իւրաքանչիւրիդ ծառայութեամբ, ձեր ու ձեր ծառայակից եղբայրների ու քոյրերի դրսեւորած անպարտելի ոգով եւ անձնազոհ կեցուածքով։ «Հոգին է կենդանարար» (Հովհ․ Զ 64), - ասւում է Աւետարանում։ Հոգին է կենդանարար․ որովհետեւ այդ հոգին ու ոգին են յաճախ ամենատարբեր պատմական իրավիճակներում զօրացրել մեր բազուկը, ներշնչել սխրագործութիւնների եւ յաղթութեան առաջնորդել մեր ազգին։
Խաղաղութիւնը՝ անկախ կեանքը եւ պետական անկախութիւնը մեր ժողովրդին տրուել է միշտ մեծ զոհողութիւնների գնով:
Մշտապէս հարկադրուած ենք եղել մարտնչելու ոչ միայն հայրենիքի սահմանների, ընտանեկան հարկերի ու սրբութիւնների, այլեւ յաճախ եւ առաւելաբար՝ մեր ինքնութեան եւ գոյութեան իրաւունքի պաշտպանութեան համար։ Մարտի դաշտ ելնելով` հայորդին կենացմահու կռիւ է մղել՝ քաջ գիտակցելով, որ ինքն իր անձով սեփական ժողովրդի գոյութեան երաշխաւորն է, իսկ յաղթութեամբ պսակուած ամէն մի մարտ` հայոց երկրի վաղուայ լուսաւոր օրուայ գրաւականը:
Մեր ժողովրդի զաւակների համար բոլոր ժամանակներում հայրենասիրութիւնը, անվեհեր քաջութիւնն ու նուիրումը վերացական գաղափարներ չեն եղել, այլ  եղել են իրական պատասխանատուութեան զգացում առ հայրենի սրբազան հողը, ճշմարիտ սէր՝ առ ընտանիքը, ազգը եւ ազգային արժէքները։ Սիրելիներ, սիրելի զօրականներ, դուք կանգնած մեր երկրի սահմանների առաջնագծում՝ սեփական կեանքով ու արեամբ պաշտպանում էք թիկունքում գտնուող հայրենին ու հայրենականը։ Մերօրեայ հերոսներն էք դուք, մերօրեայ վարդանները, անդրանիկներն ու մոնթեներն էք դուք: Տեսնում ենք ձեր աչքերի մէջ ոգին Աւարայրի, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու արցախեան շարունակուող գոյամարտի: Ձեր անձնուէր ամենօրեայ ծառայութիւնը եւ Հայոց բանակի ոչ հեռաւոր անցեալում՝ ապրիլեան պատերազմի օրերին, գործած սխրանքները խօսուն վկայութիւնն են ձեր հայրենասիրութեան եւ ազգի հանդէպ անսակարկ սիրոյ: 
Գոհունակութիւն է Հովուապետիս համար, որ Հայոց բանակը հայրենի իշխանութիւնների եւ Պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութեան հոգածութեամբ օրաւուր զօրանում է նոր սպառազինութեամբ եւ զինուորական կեանքի պատշաճ կազմակերպմամբ։ Ուրախալի է նաեւ, որ մեր զինուորների եւ սպաների ոգու զօրացման եւ հոգեւոր ամրութեան համար, այսօր զինուորականի կողքին Հայոց բանակում իրենց ծառայութիւնն են բերում մի քանի տասնեակ գնդերեցներ, իսկ Աշոտ Երկաթ թագաւորի պատմական խաչի կրկնօրինակով պատրաստուած Խաչափայտի մասունքակիր Սուրբ Նշանը Տիրոջ հովանին է տարածում ամբողջ մեր զինուորութեան վրայ։ 
Սիրելիներ, Հայոց Եկեղեցին միշտ եղել եւ մնալու է հայ զինուորի կողքին, միշտ օրհնելու է նրա յանձնառութիւնը, կամքն ու ոգին, հայրենի սահմանները անառիկ պահելու, ազգի խաղաղ կեանքը երաշխաւորելու առաքելութիւնը։ Հայրենիքի ազատ ու անվտանգ կեանքը եւ յանուն այդ անվտանգութեան մեր միասնականութիւնը ամէն ինչից վեր են։ Սա պէտք է լինի բոլորիս գիտակցութիւնը, սա պէտք է լինի մեր օրերում ամէնքիս յանձնառութիւնը։
Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Աստուած այս գիտակցութեամբ հայրենիքին եւ մեզ ամէնքիս իրենց կեանքն ընծայաբերած իւրաքանչիւր զինուորի համար։ Նրանց խնկելի յիշատակը անմոռանալի եւ անջնջելի է մեր ժողովրդի զաւակաց սրտերում:
Այս
տօնը առիթ է, սիրելիներ, մեր գնահատանքը յայտնելու Հայոց բանակի իւրաքանչիւր զինուորին, Զինուած ուժերի զօրացմանը իրենց նպաստը բերող կառոյցներին եւ անհատներին։ Այս տօնը առիթ է նաեւ մեր աշխարհասփիւռ  ողջ ժողովրդի համար ոգեշնչուելու եւ քաջալերուելու հայ զինուորի անխորտակելի, յաղթական ոգով։ Աղօթենք, աղօթենք միասնաբար, որ Ամենազօր Աստծոյ Աջը այսօր եւ միշտ հովանի ու պահպան լինի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցեալ զաւակներիդ։ Թող Տէրը խաղաղ ու անվտանգ ծառայութիւն շնորհի ձեզ եւ Իր խնամքի ու օրհնութեան մէջ պահպանի Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը եւ հաւատաւոր մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, սէրը եւ խաղաղութիւնը ձեր եւ ամէնքի հետ լինեն։ Ամէն»:
Խօսքի աւարտին Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնել է Հայոց աշխարհը եւ աշխարհասփիւռ մեր ազգը, Հայոց բանակն ու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ ծաղկեպսակ է դրել Վարդենիս քաղաքում Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախեան գոյամարտում զոհուած հայորդիների յիշատակին կանգնեցուած յուշարձանին

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 147 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին