Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը երեք դիմում է<br /> ներկայացրել Սահմանադրական դատարան<br />


Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը երեք դիմում է
ներկայացրել Սահմանադրական դատարան

  • 11-06-2010 20:54:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը յունիսի 10-ին երեք դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան: Դիմումներից մէկը վերաբերում է ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգրքի 284-րդ յօդուածի 1-ին մասին, որը սահմանում է, որ անձանց նամակագրութեան, հեռախօսային խօսակցութիւնների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունքի սահմանափակում նախատեսող օպերատիւ-հետախուզական միջոցառումները, բացառութեամբ այն դէպքերի, երբ խոսակցութեան մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մէկը նախապէս դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնութիւն է տուել, կարող են իրականացուել միայն դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրութեան 23-րդ յօդուածի 1-ին մասը սահմանում է. «Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի, որպէսզի յարգուի իր անձնական եւ ընտանեկան կեանքը»: Իսկ ՀՀ Սահմանադրութեան 23-րդ յօդուածի 5-րդ մասն ամրագրում է. «Իւրաքանչիւր ոք ունի նամակագրութեան, հեռախօսային խօսակցութիւնների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունք, որը կարող է սահմանափակուել միայն օրէնքով սահմանուած դէպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»: Մինչդեռ, ըստ Ա.Յարութիւնեան, ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգրքի վիճարկւող նորմից բխում է, որ եթէ խոսակցութեան մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մէկը նախապէս դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնութիւն է տուել, ապա օպերատիւ-հետախուզական գործունէութեան մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողութիւնը: Այս իրաւունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տուեալ միջոցառումն իրականացնող օպերատիւ-հետախուզական գործունէութեան մարմնի որոշումը եւ խոսակցութեան մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մէկի նախապէս դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնութիւնը, ըստ Պաշտպանի, հակասում է ՀՀ Սահմանադրութեանը, քանի որ ՀՀ Սահմանադրութիւնը միանշանակ սահմանում է, որ իւրաքանչիւրի նամակագրութեան, հեռախօսային խօսակցութիւնների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիութեան իրաւունքը կարող է սահմանափակուել միայն օրէնքով սահմանուած դէպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրութիւնը նշուած կարգից որեւէ բացառութիւն չի նախատեսում: ՀՀ Սահմանադրական դատարան Պաշտպանի ներկայացուած յաջորդ դիմումը վերաբերում է Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքի մի շարք յօդուածներին, որոնց սանկցիաներում, ի թիւս այլ վարչական տույժերի, նախատեսւում է նաեւ տուգանքը: Ընդ որում վիճարկւող յոդուածների սանկցիաներում նախատեսուած տուգանքի չափը տարբերակուած չէ: ՀՀ Սահմանադրութեան 14.1-րդ, 43-րդ յօդուածներից բխող իրաւախախտման եւ դրա համար նախատեսուած պատասխանատւութեան համաչափութեան սկզբունքն օրենսդրին պարտաւորեցնում է վարչական զանցանքի իրաւական հետեւանքները սահմանելիս հաշուի առնել վարչական պատասխանատւութեան առանցքային սկզբունքները. դրանք են արդարութեան, կատարուված արարքին պատասխանատւութեան միջոցի համաչափութեան, տույժի անհատականացման եւ տարբերակման սկզբունքները: Այսինքն` տուգանքի չափը պէտք է համապատասխանի արդարութեան, պատասխանատւութեան համաչափութեան եւ տույժի անհատականացման ու տարբերակման սկզբունքներին, քանի որ անմիջականօրէն կապուած է Սահմանադրութեամբ ամրագրուած սեփականութեան իրաւունքի սահմանափակման հետ: Յօդուածի սանկցիայում նախատեսւող տուգանքի չափը պէտք է ունենայ նուազագոյն եւ առաւելագոյն շեմերը, ինչը հնարաւորութիւն կտայ կիրառել վարչական պատասխանատւութեան այս միջոցը` հաշուի առնելով կատարուված իրաւախախտման բնոյթը եւ հասարակական վտանգաւորութեան աստիճանը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գոյքային դրութիւնը, պատասխանատւութիւնը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները: Մինչդեռ, ինչպէս նշում է Ա.Յարութիւնեյանը, վիճարկւող նորմերի սանկցիաներում նախատեսուած տուգանքի չափի ոչ տարբերակուած լինելը դրա հնարաւորութիւնը չի ընձեռում: Պաշտպանի կարծիքով նման իրաւական կարգաւորումը խախտում է կատարուված իրավախախտմանը պատասխանատւութեան միջոցի համաչափութեան եւ պատասխանատւութեան անհատականացման սկզբունքները, դրանով իսկ անհարկի սահմանափակելով ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած իրաւունքներն ու ազատութիւնները: ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացուած երրորդ դիմումը վերաբերում է ՀՀ քրէական դատաւարութեան օրէնսգրքի 221-րդ յօդուածի 7-րդ մասին, որը սահմանում է. «Անհրաժեշտութեան դէպքում ճանաչումը կարող է կատարուել արտաքինով եւ հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով»: Ըստ Պաշտպանի, տտվյալ նորմը չի բացայայտում «անհրաժեշտութեան դէպքում» բառակապակցության բովանդակութիւնը, եւ նման իրաւական կարգաւորումը կարող է պայմաններ ստեղծել իրավակիրառ պրակտիկայում վիճարկւող նորմի կամայական եւ տարածական մեկնաբանման ու կիրառման համար: Մինչդեռ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախադէպային իրաւունքից, ՀՀ Սահմանադրական դատարանի իրաւական դիրքորոշումներից բխում է, որ որեւէ նորմ չի կարող համարուել «օրէնք», եթէ այն չի համապատասխանում իրաւական որոշակիութեան (res judicata) սկզբունքին, այսինքն` ձեւակերպուած չէ այնպիսի հստակությամբ, որը թոյլ տայ շահագրգիռ անձին, անհրաժեշտութեան դէպքում նաեւ խորհրդատուութիւնից օգտվելով, դրա հետ համատեղելու իր վարքագիծը եւ կանխատեսելու այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ նորմի գործողութիւնից: Ուստի, Պաշտպանի կարծիքով, վիճարկւող նորմը «անհրաժեշտութեան դէպքում» բառակապակցության մասով չի համապատասխանում իրաւական որոշակիութեան սկզբունքին: Բացի այդ, ՀՀ Սահմանադրութեան 23-րդ յօդուածի 1-ին եւ 2-րդ մասերը սահմանում են. «Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի, որպէսզի յարգուի իր անձնական ու ընտանեկան կեանքը: Առանց անձի համաձայնութեան նրա վերաբերեալ չի կարելի հաւաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկութիւններ, քան նախատեսուած է օրէնքով: Արգելւում է անձին վերաբերող տեղեկութիւնների օգտագործումն ու տարածումը, եթէ դա հակասում է տեղեկութիւնների հաւաքման նպատակներին կամ չի նախատեսուած օրէնքով»: Մինչդեռ ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգիրքը չի սահմանում նախքան ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարները ձեռք բերելը եւ օգտագործելն այդ լուսանկարների վրայ պատկերուած անձանց համաձայնութիւնը ստանալու որեւէ ընթացակարգ: Օրենսդրական այդպիսի կարգաւորման պայմաններում կարող են խախտուել լուսանկարների վրայ պատկերուած ճանաչվողին նման անձանց անձնական կեանքը յարգելու իրաւունքը եւ դրա ապահովմանն ուղղուած սահմանադրութեամբ ամրագրուած երաշխիքները:
  -   Մարդու իրաւունքներ