Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն


Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

  • 20-06-2022 14:05:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, տեղի ունեցաւ շքանշանի յանձնման հանդիսաւոր արարողութիւն: 
 
Հայրենիքին, արցախահայութեանը մատուցած ծառայութիւնների, հայրենանուէր, եկեղեցասէր ու ազգաշահ իրագործումների համար Նորին Սրբութիւնը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի միջնորդութեամբ, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսէս Շնորհալի» պատուոյ բարձր շքանշան շնորհեց Արցախի Հանրապետութեան նախագահի` յատուկ յանձնարարութիւններով գլխաւոր խորհրդական տիար Ռուդիկ Հիւսնունցին:  
 
Արարողութիւնը բացուեց Տէրունական աղօթքով, ապա միջոցառման մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր աւագ քահանայ Աւետիսեանը` հրաւիրելով Արցախի թեմի առաջնորդին ընթերցելու տիար Ռուդիկ Հիւսնունցին ուղղուած Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնաւորաբար նշուած էր. «Մեծարգոյ պրն. Հիւսնունց, Արցախեան շարժման առաջին տարիներից ի վեր Դուք տարբեր յանձնառութիւններով բարի աւանդ էք բերում Արցախի առաջընթացին ու բարգաւաճմանը` յետպատերազմական այս ծանր ժամանակաշրջանում աննուազ նախանձախնդրութեամբ շարունակելով ջանքերը ի նպաստ առկայ դժուարութիւնների յաղթահարման եւ Արցախում բնակեալ Մեր զաւակների անվտանգ ու ապահով կեանքի: 
 
Գոհունակութիւն է Մեզ համար անդրադառնալ, որ մեր Սուրբ Եկեղեցին Արցախում իր առաքելութեան իրականացման գործում ունի Ձեր հետեւողական աջակցութիւնն ու զօրակցութիւնը: Դուք Արցախի Թեմի վերաբացման ակունքներում էք եւ նախընթաց աւելի քան երեք տասնամեակների ընթացքին գովարժան ջանքեր էք ներդրել ի նպաստ արցախահայութեան հոգեւոր կեանքի կազմակերպման: Յատկապէս գնահատարժան է Ձեր աւանդը Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգութեան եւ վերաբացման գործում, որի նովիրական կամարների ներքոյ Քրիստոսասէր մեր ժողովուրդը ճաշակում է Տիրոջ կենարար Մարմինն ու Արիւնը եւ շնորհընկալը դառնում սուրբ խորանից բաշխուող օրհնութեան: Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրեալին, որ հաւատաւոր Մեր զաւակները շարունակում են իրենց եկեղեցանուէր  իրագործումներով առաւել զօրացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»: 
 
Կոնդակի ընթերցումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու բարձրագոյն շքանշանով զարդարեց մեծարեալի կուրծքը` վերստին բերելով նրան Հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները: 
 
Պարգեւաբաշխութեան առիթով իր սրտի խօսքն ասաց նաեւ շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգեւի համար երախտագիտութիւն յայտնելով Հայոց Հայրապետին: 
 
Միջոցառումն ամփոփուեց Նորին Սրբութեան օրհնութեան խօսքով:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն