Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի պատվիկակությանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի պատվիկակությանը

  • 24-04-2023 12:35:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ատենապետ Անտօնիոյ Սարաֆեանի գլխաւորած պատուիրակութեանը: 
 
Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը բերեց ներկաներին` ուրախութիւն յայտնելով համայն հայութեան հոգեւոր կենտրոն այցելելու առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ չնայած հայրենիքում ստեղծուած ծանր կացութեանը, նման այցելութիւններն առիթ են աշխարհասփիւռ հայորդիների համար հայրենասիրական եւ հոգեւոր զգացումները նորոգելու ու նոր խանդավառութեամբ իրենց ներդրումը բերելու հայրենիքի ու համայնքային կեանքի առաջընթացին:
 
Հանդիպմանը Հայոց Հովուապետը գոհունակութեամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկնում առանձնայատուկ կազմակերպուածութեամբ, հայ կեանքի եւ ազգային արժէքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովուապետական այցելութիւնների ժամանակ:
 
Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ նաեւ համայնքի կրթական հաստատութիւնների ու ազգային կենտրոնների ազգօգուտ եւ նուիրեալ գործունէութեանը` պատգամելով նոյն նախանձախնդրութեամբ շարունակեն հոգ տանել արգենտինահայ երիտասարդների հայեցի դաստիարակութեան համար, որպէսզի իրենց նախնեաց օրինակով լինեն ազգասէր եւ եկեղեցանուէր, զօրացնեն համայնքային կեանքը եւ պահպանեն ազգային ինքնութիւնը:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն