«Արեւածաղիկ» ամսագրի պատանի լրագրողները ստացան աւարտական վկայականներ


«Արեւածաղիկ» ամսագրի պատանի լրագրողները ստացան աւարտական վկայականներ

  • 07-07-2011 20:10:47   | Հայաստան  |  Մշակոյթ
«Յոյսի Կամուրջ» հասարակական կազմակերպութեան «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի պատանի լրագրողների 12-րդ սերունդը այսօր` յուլիսի 7-ին, ստացաւ աւարտական վկայականներ: «Նարեկացի արուեստի միութիւնում կազմակերպուած արարողութեանը ներկայ էին «Յոյսի Կամուրջ»-ի տնօրէն Սուսաննա Թադեւոսեանը, ամսաթերթի խմբագրակազմը, լրագրութեան ուսուցչուհի Նունէ Ալեքսանեանը, խմբագիր Զառա Բաթոյեանը, նախկին եւ ներկայ սերնդի պատանի լրագրողները, ինչպէս նաեւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Անահիտ Բախշեանը: Ներկայացուեց նաեւ տեսանիւթ` նուիրուած ամսագրի տասնամեակին: Նշուեց, որ արդէն 12 տարի է, ինչ «Արեւածաղիկը» կրթում եւ դաստիարակում է ապագայ փորձառու լրագրողների՝ կազմակերպելով լրագրութեան անվճար դասընթացնէր: Ամսագիրը հրատարակւում է «Օքսֆամ» Մեծ Բրիտանիայի եւ Դանիայի միջազգային զարգացման գործակալութեան հովանաւորութեամբ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ պատանիների կողմից եւ որդեգրել է «Յանուն հաւասար հնարաւորութիւնների» կարգախօսը: «Երբ ասում են «12-րդ սերունդ», մտովի ետ եմ գնում դէպի «Արեւածաղիկի» ստեղծումը: Այն արդէն կրթել է 120-ից աւելի պատանիների, որոնցից շատերն այսօր դարձել են հմուտ լրագրողներ։ Իսկ նրանք, ովքեր չեն ընտրել այդ ուղին, յամենայնդէպս պահպանել են այն մարդկային արժէքները, որոնք ստացել են «Արեւածաղկից»,- նշեց Սուսաննա Թադեւոսեանը: «Արեւածաղիկը» շատ բան տուեց ինձ, դարձրեց աւելի նպատակասլաց, եւ ես հաստատ որոշել եմ, որ ընտրելու եմ լրագրութիւնը որպէս մասնագիտութիւն»,- խոստովանեց պատանի լրագրող Ռոզա Գրիգորեանը:
  -   Մշակոյթ