Թուրք ռեժիսորին շնորհուեց «Ոսկէ ծիրանի» «Վարպետ» մրցանակը
16-07-2011 16:11:28 | Հայաստան | Մշակոյթ
«Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնի գլխաւոր տնօրէն Յարութիւն Խաչատրեանը թուրք կինոռեժիսոր Նուրի Բիլգէ Ջեյլանին շնորհեց փառատօնի «Վարպետ» մրցանակը, որը տրւում է համաշխարհային կինոյում լուրջ ազդեցութիւն եւ դէմք ունեցող կինոգործիչներին:
Փառատօնի գեղարուեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանը նշեց, որ «Ոսկէ ծիրանը» միշտ ցուցադրում է լաւագոյն թուրքական ֆիլմերը, քանի որ այսօր Թուրքիայում իրօք լաւ ֆիլմեր են ստեղծւում: «Այժմ էլ մեզ համար մեծ պատիւ է երեւանեան պրեմիերայ շարքում ցուցադրել Նուրի Բիլգէ Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը»,- յաւելեց նա:
Նուրի Բիլգէ Ջեյլանը շնորհակալութիւն յայտնեց հիւրընկալութեան եւ մրցանակի համար: Խօսելով իր ֆիլմի մասին՝ նա նշեց, որ այս ֆիլմի սցենարը գրուել է իրական պատմութեան հիման վրայ: Ռեժիսորի խօսքերով, ֆիլմը բարդ է դիտւում, բայց սցենարը այլ կերպ չէր կարող լինել:
Նշենք, որ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը արժանացել է Կ'աննի «Գրան պրի» մրցանակին:
Անի Ռափեան