Դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպել է Լիբանանի մշակոյթի նախարար Գաբի Լեյունի հետ


Դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպել է Լիբանանի մշակոյթի նախարար Գաբի Լեյունի հետ

  • 21-07-2011 19:25:58   |   |  Մշակոյթ
Յուլիսի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպել է Լիբանանի մշակոյթի նախարար Գաբի Լեյունի հետ: Դեսպան Քոչարեանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի շնորհաւորական նամակը` Լիբանանի մշակոյթի նախարարի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ: Հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-լիբանանեան մշակութային յարաբերութիւնների զարգացմանն ու ընդլայնմանն առնչուող խնդիրներ: Ընդգծուել է բարձրաստիճան պատուիրակութիւնների, մշակոյթի գործիչների փոխայցելութիւնների, գործնական ծրագրերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտութիւնը: Այդ ենթատեքստում կարեւորուել է այս տարուայ հոկտեմբերի սկզբին Բէյրութում նախատեսուած ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած համերգի անցկացումը, որը կ'իրականացուի Լիբանանի սիմֆոնիկ նուագախմբի եւ Հայաստանի երաժիշտների մասնակցութեամբ: Դեսպան Քոչարեանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թուականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կը նպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
  -   Մշակոյթ