Հիմնադրուեց «Վրաստանի հայ նկարիչների միութիւնը»


Հիմնադրուեց «Վրաստանի հայ նկարիչների միութիւնը»

  • 12-08-2011 16:24:01   |   |  Մշակոյթ
«Գալուստ Գիւլբենկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ Վիրահայոց թեմի առաջնորդարանում անցկացուեց Վրաստանի հայ նկարիչների միութեան հիմնադիր ժողովը, որին մասնակից դարձան Թբիլիսիից եւ Սամցխե-ջավախքից ժամանած գեղանկարիչներ, մանրանկարիչներ, քանդակագործներ, արուեստի այս ճիւղը ներկայացնող այլ գործիչներ: Ժողովը բացուեց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի օրհնութեան խօսքով: Սրբազանը մասնաւորապէս նշեց. «...Թէեւ վերջին եօթ տարիների ընթացքում Վրաստանում գործող հայ նկարիչները եկեղեցու առաջնորդութեամբ բազմաթիւ ցուցահանդէսներ են կազմակերպել ինչպէս Վրաստանում, այնպէս էլ Հայաստանում, Կանադայում եւ այլ երկրներում ու միասնաբար կեանքի են կոչել մշակութային բազմաթիւ միջոցառումներ, այդուհանդերձ անհրաժեշտութիւն է նկատւում նորահաստատ «Հայարտուն» կենտրոնի հովանու ներքոյ հիմնել «Վրաստանում ստեղծագործող հայ նկարիչների միութիւն»: Վազգէն եպիսկոպոսը յայտնեց նաեւ, որ «Գալուստ Գիւլբենկեան» հիմնադրամի աջակցութեամբ կենտրոնում կստեղծուէն միութեան արդիւնաւէտ գործունէութեանը նպաստող անհրաժեշտ բոլոր պայմանները: Հընթացս ժողովի մասնակիցներից իւրաքանչիւրը հանդէս եկաւ գործնական առաջարկով: ԽՍՀՄ նկարիչների միութեան եւ Վրաստանի նկարիչների միութեան անդամ, արուեստագէտ Լեւոն Օսիպովը նշեց. «Կարծում եմ, սա հրաշալի նախաձեռնութիւն է, եւ յուսով եմ Միութիւնը, որի ստեղծման առիթը համախմբել է այսօր բոլորիս, կ'արդարացնի իր առջեւ դրուած պահանջներն ու նպատակը»: Ժողովն ընթացաւ բաւականին գործնական մթնոլորտում: Աւարտին, ներկաների միաձայն քուէարկութեամբ հիմնադրուեց «Վրաստանի հայ նկարիչների միութիւնը»` համապատասխան միաւորումներով: Միութեան նախագահ ընտրուեց ճանաչուած եւ բազմավաստակ մանրանկարիչ Մերուժան Շահումեանը, Թբիլիսիի պատասխանատու` Իռենայ Օհանջանովան, Ախալքալաքիի շրջանի պատասխանատու` Կ'առլեն Կարապետեանը, Նինոծմինդայում` Համլէտ Արոյեանը, իսկ Ախալցիխէում` Ալեքսանդր Իգիթխանեանը: Համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ ընտրուեց նաեւ նկարիչների միութեան գեղարուեստական խորհրդի նախագահ, որի պարտականութիւնները ստանձնեց Լեւոն Օսիպովը:
  -   Մշակոյթ