ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ճանաչուած նկարչուհի Միլանդայ դէ Մոնդին (Գրիգորեան), ով նախարարին ներկայացրել է իր ստեղծագործական ուղին:
Միլանդայ դէ Մոնդը ծնուել է Պարսկաստանի Աբադան քաղաքում: Հայկական ընտանիքում ծնուած եւ մեծացած աղջնակն իր սկզբնական ուսումը ստացել է քաղաքի հայոց դպրոցում, ապա տասնամեայ Միլանդան ծնողների հետ տեղափոխուել է Աւստրալիա՝ Սիդնեյ: Աւարտել է Սիդնեյի ազգային դպրոցն ու արուեստի քոլեջը: Նկարել սկսել է 5 տարեկանից:
Միլանդայ դէ Մոնդի կտաւները ցուցադրուել են Նիւ Եորքում, Ճապոնիայում, Գերմանիայում, Աւստրիայում, Աւստրալիայում, Հայաստանում կազմակերպուած անհատական եւ խմբային աւելի քան 60 ցուցահանդէսներում: Նրա նկարները զարդարում են համաշխարհային ճանաչում ունեցող հաւաքածուները: Այժմ էլ հրաւիրուած է մասնակցելու դեկտեմբերի 3-11-ին Իտալիայում կայանալիք Ժամանակակից արուեստի միջազգային ցուցահանդէսին։