1920 թ. լուծարվել է հայ տարագիրներից կազմված կամավորական Արևելյան Լեգեոնը


1920 թ. լուծարվել է հայ տարագիրներից կազմված կամավորական Արևելյան Լեգեոնը

  • -- ::   | Ֆրանսիա  |  Իրադարձություններ


1920 թ. սեպտեմբերի 27-ին  Ֆրանսիայի կառավարության որոշմամբ լուծարվել է կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմված կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: 

 

--------------
 
1915-ի հերոսական ինքնապաշտպանությունից հետո մուսալեռցիները տեղավորվեցին Պորտ Սաիդի վրանավանում: Չհամակերպվելով հայրենիքի կորստյան հետ, նրանք անընդհատ դիմում էին ֆրանսիական ռազմածովային ուժերի սպա, իրենց տարհանման ղեկավարներից Շառլ Տիրան Թեքեյանին՝ ներկայացնելով Դաշնակիցների կազմում թուրքերի դեմ կռվելու ծրագիր, եւ ի վերջո կամավորների համար գաղթակայանում զինավարժության պարապմունքներ կազմակերպվեցին: Այս մուսալեռցիներն էլ դարձան Հայկական լեգեոնի միջուկը:
 
1916-ին իրենց կողմը գրավելով արաբներին, դաշնակիցները լուրջ քայլեր ձեռնարկեցին տարածաշրջանի մյուս ազգերին եւս գերմանա-թուրքական դաշինքի դեմ հանելու համար: Դրա արդյունքներից մեկն էլ Արեւելյան լեգեոնի ստեղծումն էր: Ֆրանսիական կառավարության 1916թ. նոյեմբերի 15-ի որոշման համաձայն՝ լեգեոնը ղեկավարվելու էր ֆրանսիական սպաների կողմից, բայց որպես օժանդակ զորամաս, ֆրանսիական բանակի մաս չէր կազմելու: Հայ մարտիկները կռվելու էին միայն թուրքերի դեմ եւ Կիլիկիայի տարածքում: Արեւմտահայության բեկորներին չվտանգելու նպատակով լեգեոնն անվանվեց ոչ թե «Հայկական», այլ «Արեւելյան»:
 
Լեգեոնին անդամագրվեցին նաեւ Առաջին աշխարհամարտի բովով անցած բազմաթիվ մարտիկներ, թուրքական բանակից հայ գերիներ ու դասալիքներ, ինչպես նաեւ մինչ Մեծ եղեռնից փրկվելու համար ԱՄՆ պանդխտած արեւմտահայ երիտասարդներ: Երկար զինավարժանքներից հետո, 1918-ի գարնանը, շուրջ
4000 հայ եւ 1000 արաբ կամավորներից կազմված լեգեոնի երկու գումարտակները մեկնեցին Պաղեստինյան ճակատ եւ սեպտեմբերի 14-ի գիշերը տեղաբաշխվեցին առաջին գծում:
 
Արարայի (Ռաֆաթի) բարձունքներն անվանում էին «Թուրքերի երկրորդ Դարդանել»: Այն ողջ ռազմաճակատի ամենաանառիկ հատվածն էր, որն անգլիական մեծաքանակ զորքերը դեպի հյուսիս առաջանալու համար 1918-ի մարտ-ապրիլ ամիսներին երեք անգամ ապարդյուն փորձել էին գրավել: Առանց Արարայի գրավման անհնար էր սկսել դաշնակիցների ընդհանուր հարձակումը, որի հաջող ելքի դեպքում ազատագրվում էին Լիբանանը, Սիրիան ու նաեւ՝ Կիլիկիան:
 
Թուրքական հրամանատարությունը գերված ալժիրցի զինվորներից տեղեկանալով, որ իրենց դեմ հայ կամավորներ են, պաշտպանությունն ուժեղացրեց գերմանական 600 հոգանոց ընտիր ստորաբաժանումներով:
 
Սեպտեմբերի 19-ի լուսաբացին ընդամենը 600 հայ մարտիկները ռազմաճակատի շուրջ երկու մղոն ձգվող ամենադժվարին ու անմատչելի հատվածում անցան հարձակման` գրավելու երեք բարձր բլրաշղթա, որոնց ետեւում թշնամու 1600 զինվորները բազմաէշելոն պաշտպանություն էին կազմակերպել: Այդուհանդերձ, շուտով կռիվը տեղափոխվում է թշնամու խրամատներ: Հայ մարտիկները գրոհում էին Ռաֆաթը, իսկ հարեւան ալժիրական եւ հնդկական գումարտակները՝ Քաֆր-Քասիմի եւ Արարայի բարձունքները: Առավոտյան ժամը 11-ին Արարան գրավված էր:
 
Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերսի «Իլդիրիմ» («Կայծակ») բանակը, չհամակերպվելով պարտության հետ, կեսօրից հետո հարձակվեց, բայց դրա դիմաց վճարեց երկրորդ պաշտպանական բնագիծը եւս հայ կամավորներին հանձնելով: Իսկ գիշերը թշնամին թողնելով նաեւ թնդանոթները, առանց կռվի փախավ նաեւ երրորդ պաշտպանական բնագծից:
 
Լեգեոնականներն ունեցան 21 զոհ՝ բոլորն էլ կրծքից ու ճակատից խփված: Մի քանի տեղից վիրավոր՝ շարունակել էին կռվել, մինչեւ ճակատագրական բեկորը կամ գնդակը գտել էր նրանց: Վիրավորվեցին 76-ը, որոնցից 3-ը մահացան:
 
Լեգեոնը գրոհով ազատագրեց Ռաֆաթը (Արարան ու Ռաֆաթը միեւնույն շղթայի երկու գագաթներն էին), որի անկումով ազատագրվեցին Արարան ու մերձակա բարձունքները: Իսկ անգլիական հեծելազորն առաջանալով Սարոնի դաշտավայրով՝ կտրեց թուրքական բանակի հաղորդակցության ուղիները, եւ Պաղեստինյան ռազմաճակատում մարտական գործողություններն ավարտվեցին: Թուրքիայի հանձնվելուն մնացել էր մեկ ամսից քիչ ավելի ժամանակ:
 
Իսկ լեգեոնականները շարունակեցին առաջ շարժվել դեպի Կիլիկիա: Բեյրութին մոտենալուն զուգընթաց սկսվեցին հանդիպումները վերապրած հայ բեկորների հետ: Կմախքացած, ցնցոտիների մեջ, լուռ, արցունքն աչքերին՝ թերահավատ նայում էին ազատարար զորքերի երթին, հետո հայերեն հրամաններ ու խոսակցություն լսելով՝ ապշահար միմյանց ձայն տալիս՝ «Հայ են, հայ», եւ նետվելով զինվորական շարքերի մեջ՝ սկսում էին համբուրել մարտիկներին, նրանց համազգեստները, զենքերը…
 
Հոկտեմբերի 12-ի երեկոյան լեգեոնն անապատներով 18-օրյա դժվարին երթով հասավ Բեյրութ: Վերապրած հայերից ստեղծվեց եւս մեկ գումարտակ, լեգեոնը վերանվանվեց «Հայկական», իսկ Կիլիկիայում գտնվող թուրքական 2-րդ եւ 7-րդ բանակները Թուրքիայի հանձնվելուց հետո սկսեցին նահանջել դեպի հյուսիս: Լեգեոնականները շուտով մտան Ալեքսանդրեթ, Չորքմարզվան (Դյորթ Յոլ), ապա Կիլիկիայի սահմանին գտնվող Իսլահիե կայարան, իսկ մի քանի օր անց` Տարսոն եւ Ադանա, ուր հայ կյանքն արդեն վերընձյուղվում էր:
 
Հայերը հուսավառ էին, թուրքերը՝ վախեցած ու ապշած՝ տեսնելով երեք տարի առաջ իրենց բնաջնջած ժողովրդի զորքերի հաղթական երթը: Սակայն Ֆրանսիայի փոխվող քաղաքականության արդյունքում շուտով սկսվեցին տարբեր սադրանքներ՝ հիասթափեցնելով մարտիկներին, ովքեր սակայն, դիմանում էին, քանի որ իրենք էին Կիլիկիայում կենտրոնացող վերապրած բեկորների կյանքի երաշխավորը:
 
Կիլիկիան ազատագրող բանակը մինչեւ 1919-ի մայիսի 28-ը կազմված էր միայն Հայկական լեգեոնից, իսկ հետո ժամանեցին նաեւ ալժիրցի զինվորները: Ֆրանսիացիներն ասես լեգեոնը հնարավորինս թուլացնելու գործելակերպ էին որդեգրել: Իսկ մայիսին մասնակի զորացրում կատարվեց, թեեւ այդ ամիսներին հնարավոր էր կամավորների թիվը հասցնել 20.000-ի: Ապա լեգեոնը հեռացվեց հայաշատ քաղաքներից՝ իրականացնելու Ադանա-Հալեպ երկաթգծի պաշտպանությունը:
Բայց 1919-ի աշնանը, երբ անգլիական զորքերը լրիվ հեռացան Կիլիկիայից, լեգեոնի երկու ստորաբաժանումներ տեղակայվեցին Մարաշում, մեկը՝ Այնթապում:
 
1919-ի վերջին Կիլիկիայում հայ կյանքը բավական կանոնավորվել էր, բայց ապագան առավել քան անորոշ էր… Այն որոշակիացավ 1920-ի հունվարի 21-ին, երբ սկսվեց Մարաշի աղետը: Մարաշահայությունը լեգեոնականների մոտ փրկություն որոնեց, ու ստորաբաժանումների պաշտպանության շրջանները վերածվեցին ժողովրդի կուտակման վայրերի՝ դառնալով թուրքական հարձակման հիմնական թիրախները: Լեգեոնը Մարաշի կռիվներում ու մինչեւ Իսլահիե նահանջում կորցրեց 50 մարտիկների, 100-ը վիրավորվեցին ու ցրտահարվեցին:
 
Զորացրված կամավորներից շատերն անդամագրվեցին տեղի մարտախմբերին, եւ լեգեոնը, անգամ իր կազմակերպական կառույցից դուրս, շարունակեց կիլիկյան հողի պաշտպանությունը, հատկապես մեծ դերակատարություն ունենալով Սիսի եւ Ուրֆայի ինքնապաշտպանության ընթացքում:
 
Սակայն Ֆրանսիան արդեն մեծ առեւտուր էր սկսել` Սիրիան պահպանելու եւ Թուրքիայում ունեցած տնտեսական խոշոր առանձնաշնորհումների վերականգնման դիմաց Կիլիկիան հանձնելու համար: Ուստի Մարաշում, Այնթապում, Սիսում, Իսլահիեում, Դյորթ Յոլում, Օսմանիեում, Հարունիեում, Միսիսում, Բաղչեում, Բոզանթիում, Ամանոսի եւ Տավրոսի լեռնաշղթաների երկայնքով Արարայի խելահեղ ճակատամարտից ավելի ծանր ու արյունալի մաքառումներ ունեցած Հայկական լեգեոնը, որն ապահովում էր Ֆրանսիայի ներկայությունը Կիլիկիայում, 1920-ի օգոստոսի 19-ին հայտարարվեց լուծարված: Այլ տվյալներով՝ Հայկական լեգեոնի լուծարումը վերջնականապես ավարտվեց միայն սեպտեմբերին:
 
1920-ի վերջին եւ 1921-ի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից: Մի մասն էլ մնաց եւ տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը:
 
Կիլիկիայում մեր վերջին զորասյունը՝ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ որեւէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արեւմտահայության՝ իր հողի վրա մարող կանթեղի վերջին առկայծումն էր՝ պայծառ, բարձր, հզոր, եւ կամավորների մեղքը չէր, որ իրենց ազատագրած Կիլիկիան վերստին մնաց թշնամուն…
 
Հայկական լեգեոնը հարված էր թրքությանը` ուժգին ու դիպուկ հարված, որն իր ռազմական եւ պատմաքաղաքական բոլոր յուրահատկություններով հանդերձ, համադրելի է թերեւս միայն Վան-Վասպուրականի 1915-ի հերոսամարտի հետ: Երկու դեպքում էլ հուսահատ ու դատապարտված ինքնապաշտպանության փոխարեն արեւմտահայությունը զենքի ուժով կարողացավ ցեղասպան պետությունից անջատել իր հայրենիքի մի բավական ընդարձակ տարածք, իսկ հետո ապահովել ժողովրդի նահանջը:
 
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ
Նոյյան տապան   -   Իրադարձություններ