1943 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան
29-11-1943 | |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին եւ ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների եւ ձեռնարկությունների աշխատողներին:
ԳԱԱ-ն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ԳԱԱ-ի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյուր են պետական եւ մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաեւ հանրապետության եւ այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:
ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների եւ կառավարման մարմնի` նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ եւ այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի,
ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք`
-մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունք,
- ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունք,
- բնական գիտությունների բաժանմունք,
- հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք,
- քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունք: