2005թ. հուլիսի 6 - Վախճանվել է հայ ականավոր ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը


2005թ. հուլիսի 6 - Վախճանվել է հայ ականավոր ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը

  • -- ::   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ


2005թ. հուլիսի 6 - Վախճանվել է հայ ականավոր ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը:

Ծնվել է Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ` Մեծավան` ՀՀ Լոռու մարզում) գյուղում 1920 թ: 1927-35-ին սովորել է Ստեփանավանի աշխատանքային դպրոցում: 1935-1937-ին սովորել է Երևանի Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որից հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը և ավարտել 1941-ին: 1941-43-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

 

1945-49-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ավագ դասախոս էր, 1948-57-ին` օտար լեզուների, 1957-70-ին` ռոմանոգերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, 1970-ից` ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր:
1947-ին պաշտպանել է թեկնածուական, 1955-ին` դոկտորական ատենախոսություն: 1958-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1949-50-ին, 1959-62-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1962-ից մինչև կյանքի վերջը` նույն ինստիտուտի տնօրեն: 1968-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1974-ին` ակադեմիկոս:
1965-ին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1988-ին` ՀԽՍՀ Պետական, իսկ 1996-ին` ՀՀ գիտության ազգային մրցանակների: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», ՀՀ «Մեսրոպ Մաշտոց»
շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Մեսրոպ Մաշտոց» և ԵՊՀ ոսկե մեդալներով:
 
Գևորգ Ջահուկյանի բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում:
 
Գևորգ Ջահուկյանը անգնահատելի նպաստ է բերել հայ նորագույն լեզվաբանության հիմնադրման գործին: Ականավոր լեզվաբանի թողած գիտական պատկառելի ժառանգության մեջ մեծ արժեք են «Հին հայերենի
հոլովման սիստեմը և նրա ծագումը» (Եր., 1959), «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմություն» (ռուսերեն, Ե., 1967), «Հայոց լեզվի համեմատական քերականություն» (ռուս., Ե.,1982), «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» (Ե., 1987) և այլ ծավալուն աշխատություններն ու բազմաթիվ հոդվածները:
Գ. Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» (Ե., 1972), «Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը» (Ե., 1969), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ» (Ե., 1974), «Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն» (Ե., 1989) կոթողային աշխատությունները շրջադարձային կարևորություն ունեցան և ճանապարհ բացեցին հետագա ուսումնասիրությունների համար: Գևորգ Ջահուկյանի «Լեզվաբանության պատմություն» (Ե., 1960-62), «Ընդհանուր և հայկական լեզվաբանություն» (Ե., 1978) հիմնարար ուսումնասիրությունները հանգեցրին լեզվի համընդհանուր կաղապարի ստեղծման գաղափարին, որն էլ իրականություն դարձավ «Լեզվի համընդհանուր տեսություն» (ռուսերեն, Մոսկվա, 1999, անգլերեն, 2003) մենագրության մեջ:
 
Որպես Եվրոպայի (1974-ից) և ԱՄՆ-ի (1980-ից) լեզվաբանական ընկերությունների անդամ` մեծ դեր է խաղացել հայ լեզվաբանական դպրոցի ձեռքբերումները միջազգային ասպարեզ դուրս բերելու գործում:
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առնչությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին ու հնագույն լեզուների հետ, ճշտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառությունները, տվել նոր ստուգաբանություններ:
 
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմական զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի ու բառապաշարի պատմական զարգացումը:
Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ` վիճակագրական բարբառագիտություն:
Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել հնդեվրոպական նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած:
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերականական նոր կարգեր, համընդհանուր լեզվաբանության հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունը ու բառակազմությունը: Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար` սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը: Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին:
 
Նոյյան տապան   -   Մահվան տարելիցներ