«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում


«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

  • 19-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Սուրճի մշակույթի հայկական հետագիծը
Ցուցահանդես
 
Բացման արարողություն՝ ապրիլի 19, ժամը՝ 19։00
Վայրը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան
 
Շուրջ 7 դար մարդկության առօրյա պատմությունը լի է սուրճով։ Բնամթերք, որ աշխարհում նավթից և ջրից հետո ամենապահանջվածն է։ Աշխարհի տարբեր ծայրերում բնությունը շռայլել է սուրճի ծառեր ունենալու հնարավորություն, իսկ մենք՝ հայերս ի՞նչ կապ ունենք այս բնամթերքի հետ, եթե ոչ միայն որպես լայն սպառող։ Այս հարցը շուրջ 10 տարի հետազոտվեց և առաջ բերեց այնպիսի պատմական փաստարկներ, որոնց մասին անգամ համաշխարհային կարևոր սրճային կազմակերպությունները տեղյակ չեն, որ Հայաստանը դարեր առաջ իր մեծ ներդրումն է ունեցել սուրճի մշակույթի տարածման և հանրահռչակման գործում։ Այս հարցին անդրադարձել են ամերիկյան և եվրոպական աղբյուրները, որոնք փաստում են, որ դեռևս 17-րդ դարում հայ վաճառականների կողմից սուրճը բավականին ճանաչելի էր, որը վերջիններս գնում ու վաճառում էին տարբեր երկրներից։ Օսմանյան կայսրության ամենաակնառու վաճառականները հայերն էին, որոնց գիտելիքները թույլ էին տալիս առևտուր ծավալել Լևանտի առևտրական կենտրոնի հետ։ Նրանք սուրճ էին ներմուծում և արտահանում Օսմանյան կայսրություն։ Արտահանում էին Եվրոպա, ինչի շնորհիվ Օքսֆորդի (1650թ.), Լոնդոնի (1652թ․), Մարսելի (1671թ․), Փարիզի (1672թ․), Վիեննայի (1685թ․), Պրահայի (1708թ․) տեղաբնակներին հայ վաճառականները կարողացան ծանոթացնել նոր մշակույթի հետ՝ բացելով սուրճի տներ, որոնք նաև վերածվեցին սրճարանների։ Այս փաստարկներից զատ ուշագրավ է նաև այն, որ բուն Օսմանյան և Պարսկական կայսրություններում հայերը մեծ դեր են ունեցել սուրճի պատրաստման և հյուրասիրության մեջ։ Նման պատմական իրողությունների հավաքագրման արդյունքում որոշվեց իրագործել «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագիծը, որը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ից։ Կազմակերպվում էին հանդիպում-զրույցներ՝ սուրճի առկայությունը գրականության, արվեստի, կինոյի, երաժշտության և այլ ոլորտներում թեմաներով։ 2021թ․ կազմակերպվեց թվով 14 հանդիպումներ, որոնք  նպաստեցին հանրությանը նախապատրաստել 2022թ․   սպասվելիք լայնածավալ ցուցահանդեսին։ 2022թ․ ապրիլի 19-ից մինչև հունիսի 15-ը հանրությունը հնարավորություն կունենա այցելել և տեղեկանալ սուրճի մշակույթում հայերի մասին պատմող զանազան փաստարկների։ Այն հանդիսանալու է հայաստանյան թանգարանների համար  մեծածավալ համագործակցության նախատիպ, քանի որ առաջին անգամ թվով 32 թանգարաններ և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին, ներկայացնելով՝ սուրճի մշակույթի վերաբերյալ նմուշներ, որոնք ցուցադրվելու են Հովհաննես Թումանյան թանգարանում։  
Մինչև ցուցահանդեսի ավարտը յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 19։00 այցելուները թանգարանում կարող են ներկա գտնվել սուրճի և հայ մեծերի, ազգագրության, պատմության վերաբերյալ զրույց-քննարկումների։
Ցուցահանդեսի  նպատակն է ներկայացնել.
Հայերի դերը աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում։
Ներկայացնել Արևմտայերի և Արևելահայերի կենցաղում, ազգագրության մեջ սուրճի կիրառման պատմությունը։ 
Փաստերը  հետաքրքրական տեղեկություններ են փոխանցում Մուշի, Վանի, Զմյուռնիայի, Կ.Պոլսի, Եվդոկիայի, Մալաթիայի և այլ տեղավայրերի կենցաղի մասին։ Ուշագրավ է նաև, որ  18-րդ դարի վերջում 19-րդ դարի սկզբին Կուտինայում 22 անուն վարպետներ իրենց ընտանիքներով, պատրաստել են միայն սուրճի բաժակներ։ Հայաստանյան թանգարաններում պահվում են  մի քանի նմուշներ։ Խորհրդանշական այս բաժակներից մեկն էլ հանդիսանում է նախագծի տարբերանշանը։
Ուշագրավ է նաև հայ մեծերի՝ նկարիչների գրողների, երաժիշտների, գիտնականների (Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Ղևոնդ Ալիշան, Հրաչյա Աճառյան և այլոց) կյանքում, նրանց սերն ու առանձնահատուկ պատմությունները կապված ըմպելիքի հետ, և անգամ ինչպիսի հիշատակություն է ըմպելիքը  գտել բազմաթիվ գրական ստեղծագործություններում (հիմնականում Արևմտահայ գրողների մոտ), նկարիչների աշխատանքներում։
Արխիվային նյութերի և լուսանկարների օգնությամբ պատմել 19-րդ դարի վերջից Արևելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երևանում և Ալեքսանդրապոլում հիմնված սրճարանների մասին, սկսած 17-րդ դարից մինչև 1960-ական թթ․։
Ինչպե՞ս հայրենադարձները կարողացան ըմպելիքը դարձնել լայն սպառման միջոց։ 
 
  Այս բոլոր հարցերի պատասխանները փնտրել ենք ոչ միայն հայկական աղբյուրներում, այլև աշխարհի տարբեր գիտնականների ուսումնասիրություններում, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվներում և հայաստանյան թանգարանների պահոցներում։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես