Հայ սամբիստները աշխարհի առաջնության առաջին օրը նվաճեցին 5 մեդալ
14-10-2011 22:43:37 | Հայաստան | Սպորտ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնության առաջին իսկ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի սամբիստները նվաճեցին 5 մեդալ:
Երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալների արժանացան Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ:
Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:
Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, պատանիների մրցելույթներում բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով հաղթելով նախնական գոտեմարտերը, հասավ եզրափակիչ ու ղազախստանցի մրցակցին ցավեցնող հնարքով հարկադրելով հանձնվել` նվաճեց ոսկե մեդալ ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ մինչեւ հոկտեմբերի 17-ը ընթացողՍամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով: