ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղարին


ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղարին

  • 18-10-2011 20:01:28   | Հայաստան  |  Քաղաքական

Հոկտեմբերի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Պաշտոնական արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրեց Հայաստանում ընթացող գործընթացները եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստան-ԵԽ համագործակցությունը հստակ ծրագրերի հաստատման ու իրականացման տեսանկյունից: Խոսելով ԵԽ-ում ընթացող բարեփոխումների մասին` դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանն, ինչպես եւ անցյալում, պատրաստ է աջակցել Գլխավոր Քարտուղարին ԵԽ բարեփոխումների գործընթացում: Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ գործընթացներում եւ գոհունակությամբ նկատեց, որ Հայաստանի ընկալումները ԵԽ բարեփոխումների եւ Հայաստան-ԵԽ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համընկնում են իր մոտեցումներին եւ պատկերացումներին: Նա նաեւ ընդգծեց, որ կազմակերպության նպատակն է ծառայեցնել կուտակած փորձագիտական ներուժն ի նպաստ անդամ պետությունների կարիքների: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության եւ հետ կապի վարչությունից,հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԵԽ հետ այլ միջազգային կազմակերպությունների համագործակցության զարգացման առկա խնդիրները եւ հեռանկարները:
Նոյյան տապան  -   Քաղաքական