Արա Վարդանյան. Միախմբվելով ՝ 5-10 տարուց կլուծենք Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
20-10-2011 13:23:24 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 24-ին, Հայաստանի ժամանակով ժամը 20.00-8.00, 12 ժամ շարունակ Լոս Անջելեսից կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված թվով 14-րդ հեռուստամարաթոնը: «Ջուր տուր, կյանք պարգեւիր» խորագրով գալիք հեռուստամարաթոնը հնարավոր կլինի դիտել աշխարհի ցանկացած անկյունում: Առաջին հեռուստամարաթոնն անցկացվել էր 1996թ.-ին, իսկ հիմնվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1992թ. Հայաստանի նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն ի պաշտոնե գլխավորում է Հայաստանի նախագահը, իսկ խորհրդի կազմում են՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները, ՀՀ Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Կենտրոնական բանկի նախագահները, Հայոց երեք ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ, Ռամկավար-Ազատական եւ Հնչակյան, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ Օգնության միության, Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական-վերլուծական կենտրոնի թղթակից Սոնա Մաշուրյանի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հանրագումարի է բերում իրականացված ծրագրերը, հեռուստամարաթոնների եւ այլ դրամահավաքների արդյունքները։
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ». Այս տարի երկրորդ տարին է, որ հեռուստամարաթոնից գոյացած հասույթն ուղղվելու է Արցախում ջրի խնդիրների լուծմանը: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
Արա Վարդանյան. Այո, սա երկրորդ տարին է, որ մենք գումարներ ենք հավաքագրելու Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման, ինչպես նաեւ Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրերը շարունակելու համար:
Առաջին մարաթոնից հետո եւ նույնիսկ մինչեւ մարաթոնն ակնհայտ էր, որ մեկ մարաթոնից գոյացած միջոցներով ամբողջությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման խնդիրն ուղղակի անհնարին է, քանի որ խոսքը գնում է մոտ 264 բնակավայրի մասին, որտեղ կա ջրի խնդիր:
Առաջին մարաթոնից հետո բավականին մեծ աշխատանքներ տարվել են, եւ այսօր արդեն մենք կարող ենք նշել, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրը քիչ-քիչ լուծվում է: Սակայն պետք է նաեւ նշեմ, որ ամբողջությամբ լուծել խնդիրը «Հայաստան» համահայկական հիմնադրամն ի զորու չէ, քանի որ խոսքը գնում է 100 մլն դոլարից ավելի գումարի անհրաժեշտության մասին:
Բայց պետք է նշեմ, որ հենց դրանում է Հիմնադրամի եւ ԼՂ կառավարության հետ համատեղ ծրագրերի կարեւորությունը, մենք զարկ ենք տալիս մի ոլորտի զարգացմանը, իսկ ԼՂ կառավարությունն ավելի մեծ եռանդով շարունակում է այդ ոլորտում ներդրումներ իրականացնել: Օրինակը Շուշի քաղաքում մեր իրականացրած ծրագրերն են. երկու տարի առաջ մարաթոնը նվիրված էր Շուշիի վերակառուցման ծրագրին եւ հենց մեր ծրագրերի հետ զուգընթաց եւ մեր ծրագրերի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է սկսել:
Այս տարվա սպասելիքների մասին դժվար է ասել։ Հույս ունենք, որ կկարողանանք գերազանցել նախորդ տարվա արդյունքը՝ 20 մլն 800 հազար դոլար: Դա, իհարկե, շատ լավ արդյունք է, պետք չէ մոռանալ, որ աշխարհում տնտեսական ճգնաժամը նույնիսկ չի մոտենում անցնելուն, այլ հակառակը, խոսակցություններ են գնում տնտեսական ճգնաժամի կրկնվելու մասին: Մենք էլ ունենք մտավախություն, որ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական իրավիճակը կարող է վատթարանալ մինչեւ հեռուստամարաթոնը, եւ այս պահին գնահատել, թե ինչ կարող ենք ակնկալել, շատ դժվար է: Մենք համոզված ենք, որ մարդիկ, որոնք կմասնակցեն հեռուստամարաթոնին իրենց նվիրատվություններով, միանշանակ կավելանան:
«ՆՏ». Հանրագումարի բերելով նախորդ 13 հեռուստամարաթոնների արդյունքները՝ կարող ե՞ք նշել նվիրատվությունների ընդհանուր գումարը:
Ա.Վ. Պետք է խոսենք 19 տարվա մասին, որովհետեւ հեռուստամարաթոնները սկսվեցին կազմակերպվել ավելի ուշ, որպես դրամահավաքի ձեւ։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 225 մլն դոլար: Այսօր այդ գումարն այնքան հնչեղ չէ, որքան, օրինակ, 1998 կամ 99 թվականներին. եւ դոլար-դրամ հարաբերակցությունն է զգալի փոխվել, եւ արժեքն է փողի շատ ավելի քիչ:
«ՆՏ». «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետության որդեգրած գաղափարախոսությանը զուգահեռ օգնության ծրագրերից անցում է կատարել զարգացման ծրագրերին:
Ա.Վ. Շատ ճիշտ եք նկատում: Առաջին տարիներին դա «Ձմեռ» ծրագիրն էր, որի շրջանակներում Հայաստանի ազգաբնակչությանը նավթ էր բաժանվում տները տաքացնելու համար: Դա մենք բնութագրում ենք որպես առաջին օգնության ծրագիր. խոսքը չէր գնում զարգացման, նույնիսկ կյանքի մակարդակի բարձրացման մասին, խոսքն ուղղակի գնում էր գոյատեւման ապահովման մասին: Այնուհետեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետություններում կյանքի բարելավման, պայմանների փոփոխման հետ մեկտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ փոխեցին մեր ծրագրերի նպատակայնությունը` դա Գորիս-Ստեփանակերտ մայրուղին է, այնուհետեւ Հյուսիս-հարավ մայրուղին Լեռնային Ղարաբաղում, եւ իհարկե, հետո ջրամատակարարում, առողջապահություն, կրթություն, այսինքն՝ բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում ենք, ուղղված են ոչ թե առօրյա հացի խնդրի լուծմանը, այլ բերում են զարգացման, նպաստում են, որպեսզի գյուղացին մնա գյուղում, մարդիկ չհեռանան Հայաստանից եւ Ղարաբաղից:
«ՆՏ». Նկատվում է արդյո՞ք տարիների ընթացքում մարաթոնին մասնակցող բարեգործների թվի աճ եւ որտե՞ղ` Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե Սփյուռքում:
Ա.Վ. Սա ամենահեշտ հաշվարկն է, քանի որ «Հայաստան» հիմնադրամը եզակի կառույցներից է, որ յուրաքանչյուր տարի տպագրում է տարեկան հաշվետվություն, որում անուն առ անուն ամբողջ աշխարհի մեր նվիրատուները նշվում են: Այդ առումով շատ ուրախ եմ հայտնել, որ յուրաքանչյուր տարի, գրեթե ստեղծումից ի վեր, մեզ մոտ եղել է նվիրատուների թվի աճ եւ Սփյուռքում, եւ Հայաստանում, սակայն Հայաստանում կտրուկ աճ տեղի է ունեցել վերջին 4 տարիների ընթացքում: Դա ես պայմանավորում եմ մի քանի հանգամանքով: Դրանք են` Հիմնադրամի աշխատանքները ներկայացնող մամլո հաղորդագրությունների եւ ամսական հաշվետու ֆիլմերի տարածումը Հայաստանի եւ սփյուռքի ԶԼՄ-ների միջոցով, մամլո ասուլիսները, Հիմնադրամի տնօրենի հաճախակի հանդիպումներն ուսանողների հետ, դրամահավաք միջոցառումների նոր մեխանիզմների կիրառումը եւ Հիմնադրամի թափանցիկ աշխատաոճը:
Մեզ մոտ, Հայաստանում, ցավոք սրտի, բարեգործությունը դեռ զարգացման փուլում գտնվող գաղափար է, եւ մենք դեռեւս պետք է շատ սովորենք այլ երկրներից բարեգործության գաղափարախոսության մշակույթը, եւ համոզված եմ, որ Հիմնադրամի միջոցով կզարգանա այդ գաղափարախոսությունը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:
«ՆՏ». Իսկ ինչպիսի՞ն են նվիրատուների թվի աճի ցուցանիշները Սփյուռքում:
Ա.Վ. ԱՄՆ Արեւմտյան ափում նվիրատուների մոտ 10 տոկոսի աճ է գրանցվել, նախորդ տարի ունեինք մոտ 9000 նվիրատու, այս տարի՝ մոտ 10 հազար: Այսինքն՝ նույնը կարելի է ասել նաեւ Ֆրանսիայի մասին, այնտեղ խոսքը գնում է կրկին 9-10 հազար նվիրատուների մասին եւ կրկին մոտ 4-5 հազարով ավելացել է: Կան նոր համայնքներ, որտեղ ես համեմատություն չեմ կարողանում անել: Դա օրինակ, Հունաստանի հայ համայնքն է, որտեղ ներկայացուցչություն բացեցինք նախանցյալ տարի: Սա նոր համայնք է, անցած տարի շատ լավ մասնակցել է: Համայնքը կարողացել է մոտ 50 հազար դոլարի նվիրատվություն կատարել: Սիրիայի հայ համայնքը, որտեղ կրկին նոր տեղական մարմին ունենք, շատ ակտիվ մասնակցում է։ Այս տարի մենք կունենանք նաեւ Իրանում մեր տեղական մարմինը, որը կրկին շատ լուրջ դրամահավաք է պատրաստում իրականացնել եւ իհարկե, Ռուսաստանում, որը մի նոր դաշտ է Հիմնադրամի համար:
Սրանով մենք նախ փորձում ենք հասկանալ, թե ինչ վիճակում է հայ համայնքը, այսինքն՝ արդյոք այն պատրաստ է օժանդակել Հայաստանին, եւ իհարկե համայնքի ներսում մենք արդեն 2 տարի շարունակ կազմակերպել ենք դրամահավաք-ճաշկերույթներ, որոնք սովորաբար իրականացվում են Հայաստանի նախագահի հրավերով: Այս տարի ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերին՝ եթե նախորդ տարի նոյեմբերին մենք հայտարարեցինք ամբողջ տարվա դրամահավաքի արդյունքը, այս տարի հեռուստամարաթոնին կհայտարարենք արդյունքն առանց Ռուսաստանում անցկացված ճաշկերույթի դրամահավաքի հասույթի: Ամբողջ տարվա արդյունքը մենք կկարողանանք հայտարարել դրամահավաք-ճաշից հետո՝ դեկտեմբերի վերջին:
«ՆՏ». Լինո՞ւմ են դեպքեր, երբ հեռուստամարաթոների ընթացքում արվելիք նվիրատվության խոստումները չեն կատարվում:
Ա.Վ. Սովորաբար մեր հավաքագրումը մոտ 98-99 տոկոս է:
«ՆՏ». Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ հիմնադրամի գործունեության վրա:
Ա.Վ. Մեր բախտն ուղղակի միգուցե ժպտաց. այդ տարի մենք կարողացանք ապահովել շատ-շատ նոր բարերարների մասնակցություն հեռուստամարաթոնին եւ ընդհանուր տարվա դրամահավաքին: Եղան մարդիկ, որոնք ճգնաժամի պատճառով տվեցին ավելի պակաս գումար, քան նախորդ տարիներին, սակայն նրանց փոխարեն ի հայտ եկան տասնյակ այլ բարերարներ, որոնք լրացրեցին այդ բացը: Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հնարավոր նոր ճգնաժամից կրկին հաղթանակած դուրս գալ, որովհետեւ կրկին խոսքը գնում է մի փոքր ազգի մասին, որը, իմ համոզմամբ, ի զորու է իր խնդիրներն իր ուժերով լուծել:
«ՆՏ». Ունի արդյո՞ք Հիմնադրամը մեխանիզմներ ճգնաժամի երկրորդ ալիքին դիմագրավելու համար:
Ա.Վ. Համահայկական հիմնադրամը՝ տարբեր երկրներում գտնվող իր բոլոր կառույցներով, կիրառում է աշխարհում գոյություն ունեցող դրամահավաքի բոլոր ձեւերը: Նույն sms դրամահավաքը, որ մենք առաջինը կիրառեցինք Հայաստանում, Հայփոստի միջոցով դրամահավաքը, նորարարություններ են, որ աշխարհի տարբեր երկրներում նոր-նոր են կիրառվում. մենք այդ ամենում առաջ ենք անցել: Միշտ պետք է համեմատել այլ բարեգործական կազմակերպությունների ցուցանիշների հետ՝ Հիմնադրամի հեռուստամարաթոններից բացի, ԱՄՆ-ում իրականացվում են նաեւ այլ հեռուստամարաթոններ: Օրինակ, հրեաների մարաթոնը, որոնց սփյուռքն ավելի մեծ է ու ազդեցիկ, վերջին մարաթոնում հավաքագրեց մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: Իսկ հեռուստալրագրող Ջերրի Լյուիսի դրամահավաքը, որին մասնակցում են նաեւ Ամերիկայի գերաստղերը, հաջողեց հավաքագրել մոտ 40մլն դոլար: Եւ եթե համեմատում ենք, ապա մենք լավ ցուցանիշ ունենք:
Բոլորին թվում է, որ եթե 9 կամ 10 մլն հայ կա, ապա բոլորը պետք է մասնակցեն դրամահավաքին։ Բայց կան մարդիկ, ովքեր գումար չեն տալիս տարբեր պատճառներով՝ կան հայեր, որոնք միայն ազգանունով են հայ: Կան մարդիկ, ովքեր համարում են,եւ մենք էլ նրանց հետ համաձայն ենք, որ իրենք օժանդակում են իրենց ընտանիքներին՝ ամեն ամիս Հայաստան ապրուստի համար գումար ուղարկելով:
«ՆՏ». Դրամահավաքին ընդառաջ ի՞նչ կոչ կանեիք մարդկանց:
Ա.Վ. Ցավոք սրտի, մենք՝ հայերս, թերահավատ ենք ինքներս մեր նկատմամբ, մենք մեզ չենք հավատում: Մենք առաջին հերթին պետք է հաղթահարենք հենց դա՝ մենք ինքներս մեզ պետք է վստահենք:
Ավելին, մեզ մոտ կա եւս մեկ վատ նախատրամադրվածություն՝ եթե պետական կառույց է, ուրեմն՝ կոռումպացված է, եթե հիմնադրամ է, որտեղ փող կա, ուրեմն կոռումպացված է։ Այսինքն՝ ցանկացած ոլորտ, որտեղ կա գումար, մեզ մոտ անվանվում է կոռումպացված:
Ես կդիմեի բոլորին՝ կոչ անելով լինել ավելի ուշադիր, փնովելը, քննադատելը հեշտ է, բայց շատ ավելի հետաքրքիր է գալ, մտնել գրասենյակ, ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանը, մտնել ինտերնետային կայքը, փորձել գտնել այն, ինչը սխալ է։ Մենք միայն կուրախանանք, եթե ասեն, որ այս մի բանը սխալ է։ Կուղղենք: Մենք չենք ասում, որ թերացումներ չունենք: Մենք ունենք թերացումներ եւ հենց դրանք ուղղելու համար է, որ մենք ունենք երկու տեսակի աուդիտ՝ եւ ֆինանսական, եւ ֆիզիկական: Մեզ ստուգող ընկերություններն ասում են, թե որտեղ կան սխալներ, եւ մինչեւ այդ բոլոր սխալները մենք չենք ուղղում, մեր տարվա հաշվետվությունը չի փակվում:
Կոչս այն է, որ ժողովուրդը փորձի մի քիչ ավելի հավատալ մեզ, որովհետեւ մեր գործում ամենակարեւորը վստահությունն է՝ եթե մեզ վստահեն, ապա մենք կկարողանանք շատ գործեր իրականացնել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է դիտարկել որպես ինչ-որ մեկին պատկանող կառույց։ Սա մի կառույց է, որը ստեղծված է բոլոր հայերի համար, այն պատկանում է, ինձ, ձեզ, Հայաստանի ցանկացած քաղաքացուն եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Եւ մենք պետք է հենց այսպես էլ վերաբերվենք այս կազմակերպությանը, որովհետեւ, ի վերջո, եթե դու ուզում ես քո երկրին որեւէ բանով օժանդակել եւ հասկանում ես, որ քո տված 100 դրամը դժվար թե ինչ-որ բան փոխի, հենց դրա համար է ստեղծված Հիմնադրամը, որ 1000-ավոր մարդկանց տված 100-դրամները գլուխ գլխի դնելով կարողանա մի մեծ դպրոց կառուցել կամ ջուր անցկացնել: Մեկ օր Հիմնադրամը նաեւ ձեր բակ է գալու, ձեր պուրակն է վերակառուցելու, ձեր շենքի տանիքն է կառուցելու, ձեր մտերիմի գյուղն է վերակառուցելու: Ուղղակի պետք է վերաբերվել Հիմնադրամին որպես քո սեփականությանը եւ հասկանալ, որ դու ոչ թե փող ես նվիրում ուրիշին, այլ դու ինքդ քեզ ես օգնում, որովհետեւ ի վերջո այս փողը գնում է հենց մեր կյանքի բարելավմանը:
Չկա մարդ, որ հաճույք չստանա ուրիշին օգնելուց, հանրահայտ է, որ ուրիշին օգնելով այդ պահին մարդն իրեն զգում է ամենից զորեղը: Պետք է հասկանալ նաեւ, որ ում օգնում ես, նա էլ է իրեն լավ զգում: Եթե բոլորս այս մտածելակերպով շարժվենք, համոզված եմ, շատ արագ՝ շուրջ 5-10 տարուց, կկարողանանք մեր երկու պետությունների առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել: Պետք է միախմբվել եւ միմյանց քիչ կասկածել: