Գեղանկարիչ Անատոլի Ավետյանն իր «Վարդագույն քաղաք» կտավը նվիրեց Երեւանի քաղաքապետարանին


Գեղանկարիչ Անատոլի Ավետյանն իր «Վարդագույն քաղաք» կտավը նվիրեց Երեւանի քաղաքապետարանին

  • 22-10-2011 17:07:29   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Անատոլի Ավետյանի «Վարդագույն քաղաք» կտավն այսուհետ կզարդարի Երեւանի քաղաքապետարանի երրորդ հարկի ճեմասրահը։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կտավը խորհրդանշական է՝ օգտագործված հայոց եռագույնի երանգներով, մայրաքաղաքի պահապան հրեշտակի բիբլիական Արարատը պատկերող թեւերով, մեծն Թամանյանի նախագծած, Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող Հանրապետության հրապարակից մի դրվագով։ Կտավը, որպես նվեր հանձնելով քաղաքապետարանին, գեղանկարիչը նշել է, որ թեեւ այն ձեռք բերելու տարբեր առաջարկներ են եղել, այնուամենայնիվ, ինքը որոշել է, որ «Վարդագույն քաղաքի» լավագույն տեղը Երեւանի քաղաքապետարանն է։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով գեղանկարչին նվերի համար, վստահեցրել է, որ թեեւ կտավը պատկերասրահում չէ, այդուհանդերձ, դիտողների պակաս չի լինելու, եւ քաղաքապետարանի այցելուներն ու հյուրերը հնարավորություն կունենան դիտելու եւ գնահատելու արվեստագետի ստեղծագործությունը։ Նշենք, որ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք պատկերասրահներում, ինչպես նաեւ տեղ են գտել Վատիկանում՝ Հռոմի Պապի հավաքածուում, նաեւ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների անձնական հավաքածուներում։
Նոյյան տապան  -   Մշակույթ